Ցանկացած ժողովրդավարութեան առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առաւելագոյն չափով ապակենտրոնացւած է, դրանում ներգրաււած են իշխանութեան հնարաւորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշումները զերծ պահել կամայականութիւններից, քաղաքական կոնիւնկտուրայից, անձնական շահագրռւածութիւններից։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Ցանկացած ժողովրդավարութեան առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առաւելագոյն չափով ապակենտրոնացւած է, դրանում ներգրաււած են իշխանութեան հնարաւորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշումները զերծ պահել կամայականութիւններից, քաղաքական կոնիւնկտուրայից, անձնական շահագրռւածութիւններից։ Եւ հակառակը՝ ոչ ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացումը խիստ կենտրոնացած է, դրանում մասնակցում են լաւագոյն դէպքում սահմանափակ թւով անձինք, իսկ դէպքերի մեծ մասում՝ մէկ անձ, ով կանգնած է իշխանութեան գլխին։
Այս չափանիշով Հայաստանը մաքուր հակաժողովրդավարութիւն է կամ աւտորիտար պետութիւն, որովհետեւ որոշումների կայացման գործընթացն անթոյլատրելիօրէն կենտրոնացած է եւ, որպէս կանոն, տեղի է ունենում մէկ մարդու գլխում։ Հայաստանը կանգնած է կենսական, առաջին հերթին՝ անվտանգային սպառնալիքների առջեւ, գրեթէ ամէն շաբաթ տեղի են ունենում բանակցութիւններ, հանդիպումներ թշնամիների ու գործընկերների, դաշնակիցների ու չարակամների հետ ամենատարբեր ձեւաչափերով։
Հասարակութիւնն այդ գործընթացների մասին տեղեկանում է լուսանկարներով կամ կարճատեւ հոլովակներով, որոնցում տեսնում է Հայաստանը ներկայացնող մի քանի անհասկանալի դէմքեր, հիմնականում, իհարկէ, մազածածկ։ Ահա այդ անդէմ դէմքերն իրականացնում են Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը, որը որոշւում է կամ անձամբ Նիկոլ Փաշինեանի, կամ, լաւագոյն դէպքում, նրա մի քանի մերձաւորների կողմից։
Ձեւականօրէն, իհարկէ, Հայաստանն ունի իշխանական համակարգ՝ տասնեակ պատգամաւորներով, նախարարներով, զանազան պաշտօնեաներով, յատուկ ու հասարակ յանձնարարութիւններով դեսպաններով, եւ այդպէս շարունակ։ Բայց նրանք բոլորը ունեն հարիւր տոկոսանոց բուտաֆորիկ նշանակութիւն։ Նրանք կան, գոյութիւն ունեն, երեւում են, որպէսզի ցոյց տան, որ Հայաստանում կայ իշխանական համակարգ։
Սակայն իրականում, համակարգ՝ բառի ընդգրկուն ու գործառութային իմաստով, չկայ, կայ իշխանական առանձնեակ, լաւագոյն դէպքում՝ մի քանի պալատական մերձաւորներով, որոնցից կախւած է ամբողջ երկրի ու մօտ երեք միլիոն մարդու ճակատագիրը։ Նորմալ, ժողովրդավարական երկրներում գրեթէ բոլոր, առաւել եւս՝ կենսական նշանակութիւն ունեցող որոշումները կայացւում են համակարգային մեխանիզմով, զսպումների հակակշիռների միջոցով, որոնց դերը կատարում են առաջին հերթին՝ խորհրդարանը, իշխանութեան ամենատարբեր կառոյցներն ու համակարգերը։
Հայաստանում, սակայն, ե՛ւ որոշում կայացնողը, ե՛ւ զսպողը, ե՛ւ հակակշռողը մէկն է, եւ նրա անունն է Նիկոլ Փաշինեան։ Որեւէ ֆանտաստ գրողի երեւակայութիւնն անգամ չի կարող բաւարարել պատկերելու համար տեսարան, որում Հայաստանի իշխանական համակարգի գէթ մէկ ներկայացուցիչ կարող է հակադրւել նրան։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին վերաբերող կենսական հարցերի վրայ ազդում են ոչ թէ քաղաքական գործօնները, անվտանգային հաշւարկներն ու կանխատեսումները, այլ բացառապէս մէկ անձի պատկերացումները, տրամադրութիւնը, արժէքները կամ դրանց բացակայութիւնը, սկզբունքները կամ դրանց բացակայութիւնը, ոգեւորութիւնը կամ յուսահատութիւնը, եւ այդպէս շարունակ։
Դրա համար էլ Հայաստանը, յատկապէս արտաքին քաղաքականութեան ասպարէզում, գնալով աւելի յաճախ է յայտնւում այնպիսի իրավիճակներում, որպիսիք ժամանակին պատահում էին Նիկոլ Փաշինեանի դէմքի արտայայտութեան հետ ճգնաժամային կամ հերսոտ պահերին՝ զանազան բունկերներից հեռարձակւող ուղիղ եթերների ժամանակ։
168.am