Հա

Քաղաքական

05/12/2022 - 12:20

«Նիկոլ Փաշինեանը ոնց որ կպչուն Էլչիբէյ լինի. իմանալով նրա կառավարման ոճը, չի բացառւում, որ պատերազմով յանձնի նոր տարածքներ». Լեւոն Զուրաբեան

168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբեանն է:

«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբեանն է:

- Մենք յայտնւել ենք մի խաղի մէջ, որտեղ չունենք խաղաքարտեր. այս դիւանագիտութեան տապալումը, անուղեղութիւնը կարող էր այնքան վտանգաւոր չլինել, եթէ չլիներ մի կարեւոր հանգամանք՝ խաղաղութիւնն աւելի շատ մեզ, քան Ադրբեջանին է պէտք: Ադրբեջանը պրոբլեմ չունի, եթէ չստացւի՝ ուժ կը կիրառի ու կլուծի հարցը:

- Նիկոլ Փաշինեանը ոնց որ կպչուն Էլչիբէյ լինի, Էլչիբէյից աւելի յարատեւ տարբերակը. մենք փակուղու մէջ ենք:

- Սեփական իշխանութեանը աւելի շատ կառչած, պետութեանը աւելի շատ վնասներ տալուն պատրաստ մարդ, քան Նիկոլ Փաշինեանն է՝ չկայ:

- Մինչեւ 44-օրեայ պատերազմը վարում էին մի դիւանագիտութիւն, որը ոչ թէ դիւանագիտութիւն, այլ պատերազմի հրաւէր էր. ու հիմա էլ ոչինչ չի արւում, որ հնարաւոր պատերազմի գինը ծանր լինի Ադրբեջանի համար:

- Հայկական կողմը փորձում է խաբել իր ներքին լսարանին. պէտք է դադարեցնեն խաբէութիւնը եւ ժողովրդին անկեղծ ասեն, որ հրաժարւում են Ղարաբաղի անկախութեան եւ ինքնորոշման իրաւունքի գաղափարներից, որ դա զոհաբերում են յանուն Ադրբեջանի հետ խաղաղութեան: Եթէ մեր իշխանութիւնները պարկեշտ լինէին, փաստարկներով հանդէս կը գային եւ կասէին՝ Ղարաբաղը պէտք է տանք՝ յանուն ինչ-որ աւելի կարեւոր բանի:

- Հայաստանի իշխանութիւններն իրենց պարտութիւնն ուզում են թաքցնել Ալմա Աթայի հռչակագրով:

- Ոչ ոք չգիտի, թէ Նիկոլ Փաշինեանն ի՞նչ է ուզում, միջազգային հանրութիւնը վաղուց հասկացել է, թէ ում հետ գործ ունի:

- Ես համաձայն եմ Լաւրովի հետ՝ Հայաստանի իշխանութիւններն իրենց կամքով որոշել են Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում:

- Ռուսները մտահոգւած են, որովհետեւ եթէ խաղաղութեան փաստաթուղթը ստորագրւի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Ղարաբաղի հարցը Հայաստանի այս իշխանութիւնները համարեն լուծւած, ապա իրենք կը զրկւեն այս տարածաշրջանում ազդեցութեան կարեւոր գործիքից:

- Հայաստանում այսօր տարւում է մի քաղաքականութիւն եւ քարոզչութիւն, որ Ռուսաստանը չարիք է, որի միակ նպատակն է՝ հնազանդեցնել Հայաստանին, մի մասն էլ յանձնել Ադրբեջանին:

- Յայտնի բան է՝ շախմատում աւելի լաւ է ունենալ թէկուզեւ վատ պլան, քան ընդհանրապէս պլան չունենալ, որովհետեւ վատ պլանին անգամ կարելի է դիմակայել: Նիկոլ Փաշինեանն ու իր թիմն ընդհանրապէս չունի ոչ պլան, ոչ էլ քաղաքականութիւն: Մանկամիտ խորամանկութեամբ քաղաքականութիւն չեն անում. Արեւմուտքին ասում են այն, ինչ նրանց է պէտք, ռուսներին էլ նոյնը, իրենց էլ՝ ինչ տան՝ տան, որովհետեւ համարում են, որ սեփական քաղաքականութիւն ունենալը շատ ռիսկային է:

- Պարզ է, որ բոլոր երկրներն իրենց շահերն են հետապնդում. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման հետաձգումը ՌԴ-ի համար լեգիտիմ հիմք է ստեղծում մնալ տարածաշրջանում եւ այդ հիմքով պահպանել ազդեցութիւնը: Դա բխում է նաեւ մեր շահերից, սա միակ փրկութիւնն է, եթէ ուզում ենք, որ Արցախում մնայ հայութիւնը. Արեւմուտքն էլ իր շահերն ունի՝ ձախողել ռուսական պլանը, տապալել Ռուսաստանի ազդեցութիւնը: Իսկ մեր խաղը ո՞րն է, մեր շահերից ո՞ր տարբերակն է բխում:

- Այս իշխանութիւնները մոռանում են Ալմա Աթայի համաձայնագրի վաւերացման փաստաթղթում մեր վերապահումները, մասնաւորապէս, Լեռնային Ղարաբաղի հարցում հետեւեալն է՝ «Համաձայնագրի 13 յօդւածի երկրորդ պարբերութիւնը «բաց է ԽՍՀ Միութեան անդամ բոլոր պետութիւնների առջեւ» բառերից յետոյ լրացնել «այդ թւում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմաւորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյութեան դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախութիւն հռչակելու վերաբերեալ համաժողովրդական հանրաքւէ, եւ դրա հիման վրայ ինքնավար կազմաւորման իշխանութեան բարձրագոյն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն` նրա կազմի մէջ ընդունւելու խնդրանքով» բառերով»:

- Եւ այսօր այս իշխանութիւններն ասում են, թէ դեռ 1991 թւականից այդ հարցը լուծւած էր, այնինչ, եթէ կայ չլուծւած հակամարտութիւն, ապա բոլոր կողմերի կարծիքը պէտք է հաշւի առնեն. Ղարաբաղեան հակամարտութեան բանակցութիւններն այդ ուղղութեամբ են ընթացել, նոյնիսկ վետօ ենք դրելեււ թոյլ չենք տւել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս մնայ, ԵԱՀԿ որեւէ փաստաթղթում չի եղել որեւէ կէտ, որ Լեռնային Ղարաբաղը յիշատակւի որպէս Ադրբեջանի մաս:

- Նիկոլ Փաշինեանը չունի այնպիսի քաղաքականութիւն, որը բխի ստրատեգիական հաշւարկներից. նա անկանխատեսելի է, չունի որեւէ սահմանափակում, չունի հայրենասիրական նպատակներ, նրա նպատակը սեփական իշխանութիւնը պահելն է, եւ յանուն դրա նա ցանկացած բան կարող է անել: Կարող է անգամ Նոր տարւայ շեմին ստորագրել խաղաղութեան ինչ-որ փաստաթուղթ:

- Իմանալով Փաշինեանի կառավարման ոճը, չի բացառւում, որ պատերազմ լինի, եւ պատերազմով յանձնի նոր տարածքներ:

- Փաշինեանի գլխաւոր աստւածը ֆէյսբուքեան լայքային կարծիք ունեցող հանրութիւնն է, եւ նրա գործողութիւններն էլ բխում են դրանից: Դժւար է հասկանալ՝ ֆէյսբուքեան մենամարտում ի՞նչ ստրատեգիա կընտրի Փաշինեանը:

- Այս իրավիճակում, եթէ անգամ Հայաստանը որեւէ շանս ունի ինչ-որ յաջողութեան հասնելու, ապա այս ոչ փորձառու, տգէտ, անուղեղ քաղաքականութեամբ հնարաւորութիւնը բաց կը թողնենք…

- Արցախի Հանրապետութիւն արտայայտութիւնից Նիկոլ Փաշինեանի թիմակիցների վախենալը նշանակում է, որ Ալիեւի հետ պայմանաւորւել են եւ լուծումը տեսնում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

- Իշխանութիւնները վախենում են խաղաղութեան պայմանաւորւածութիւնները վիժեցնելուց, վախենում են պատերազմից:

- Մեր պրոբլեմն այսօրւայ կառավարիչն ու նրա թիմն են, որոնք ադեկւատ պատկերացում չունեն՝ ինչպէս պէտք է ղեկավարել երկիրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։