Հա

Քաղաքական

08/12/2022 - 12:15

«Զօրավարժութիւններն ուղղւած են Իրանի դէմ. Ադրբեջանի յետեւում կանգնած ուժերի նպատակն Իրանի դէմ ռազմական գործողութիւններ սկսելն է». Կարէն Յովհաննիսեան

Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանի խօսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զօրավարժութիւններն Իրանի սահմանին կամ Իրանին մօտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանի խօսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զօրավարժութիւններն Իրանի սահմանին կամ Իրանին մօտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։

«Իհարկէ, երկու երկրները համատեղ զօրավարժութիւններ անցկացրել են, բայց դրանք չեն եղել Իրանին մօտ սահմանին, այս զօրավարժութիւններն Ադրբեջանի հարաւային հատւածում են եւ Արցախի օկուպացւած Ջրականի շրջանում։ Զօրավարժութիւններում ընդգրկւած են մեծաքանակ թուրքական տարբեր տեսակի զօրամիաւորումներ, դրանց մէջ են յատուկ նշանակութեան ջոկատներ, ինչպէս ցամաքային ուժերը, այնպէս էլ ռազմաօդային ուժերը։ Բացի այս, զօրավարժութեանն իրենց մասնակցութիւնն են բերել նաեւ թուրք հրամանատարները, այսինքն՝ ամբողջ հրամանատարական կազմով։ Սցենարով նախատեսւած է նաեւ գետերով անցում, պայմանական հակառակորդի խորը թիկունքում ռազմական գործողութիւնների իրականացում։ Ակնյայտ է, որ սա պատասխանն է Իրանի այն զօրավարժութիւններին, որոնք վերջերս տեղի ունեցան Ադրբեջանի հետ սահմանին»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Կարէն Յովհաննիսեանը։

Ռազմական փորձագէտի կարծիքով՝ այս զօրավարժութիւններով Ադրբեջանը, իսկ աւելի շուտ՝ Թուրքիան, ցոյց է տալիս, որ Իրանի կողմից հնարաւոր ռազմական գործողութիւնների դէպքում, Թուրքիան միայնակ չի թողնելու Ադրբեջանին, եւ նրանք երկուսով են գործելու։

«Չեմ կարծում, որ զօրավարժութիւնն ուղղւած է Հայաստանի դէմ, որովհետեւ այն բոլոր տակտիկական մարտավարութիւնները, որոնք անում են, առհասարակ կապ չունեն Հայաստանի տեղանքի հետ։ Այլ հարց է, եթէ այդ տակտիկական վարժանքները տեղի ունենային բարձր լեռնային հատւածներում, օդադեսանտային միջոցներով, այդ դէպքում կարելի էր այդ ամէնը կապել նաեւ Հայաստանի հետ։ Սակայն այս դէպքում վստահօրէն կարող եմ ասել, որ այն ուղղւած է Իրանի դէմ»,- յաւելեց Կարէն Յովհաննիսեանը։

Հարցին՝ Ադրբեջան-Իրան հեռավար բանավէճը կարո՞ղ է ռազմական գործողութեան վերածւել հէնց այս զօրավարժութիւնների ժամանակ, Կարէն Յովհաննիսեանը պատասխանեց, որ Իրանը միտւած չէ ռազմական գործողութիւններ սկսել Ադրբեջանի դէմ, նման մտադրութիւններ չունի։

«Սակայն Ադրբեջանի յետեւում կանգնած ուժերը, որոնք, մեղմ ասած, բոլորովին էլ Իրանի բարեկամները չեն, նրանք այդ նպատակն ունեն՝ որպէսզի Ադրբեջանի ձեռամբ Իրանի դէմ սկսեն ռազմական գործողութիւններ։ Այս փուլում չեմ բացառում, որ բանը հասնի նրան, որ իսկապէս լինեն որոշակի ռազմական գործողութիւններ։ Եթէ նման գործողութիւններ լինեն, չեմ կարծում, որ դրանք տեւեն մի քանի օր, որովհետեւ Ադրբեջանի յետեւում կանգնած ուժերը, նրանց նպատակը կարճատեւ գործողութիւնները չեն, այլ աւելի երկարաժամկէտ ռազմական գործողութիւններն են, որոնք ըստ իրենց՝ կը մաշեցնեն Իրանին»,- եզրափակեց Կարէն Յովհաննիսեանը։

Յիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի լայնածաւալ զօրավարժութիւնները մեկնարկել են դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախօսով:

Վարժանքներն իրականացւում են Իրանի սահմանին՝ «Բաքւի, Աստարայի, Ջրականի եւ Իմիշլիի շրջաններում։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։