Հա

Քաղաքական

09/12/2022 - 13:10

Գեղամ Մանուկեանը ՍԾՏՀԿ-ում հանդէս է եկել զեկոյցով` ներկայացնելով ՀՀ-ի եւ Արցախի դէմ ադրբեջանական ագրեսիան

Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սեւծովւան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկւել է «ՍԾՏՀԿ անդամ պետութիւններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկոյցը, որը վաղուց ներկայացւած էր կոմիտէի նիստին:

Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սեւծովւան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկւել է «ՍԾՏՀԿ անդամ պետութիւններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկոյցը, որը վաղուց ներկայացւած էր կոմիտէի նիստին:

Այս հարցով յանձնաժողովի նախկին նիստերում բաւականին ծանր քննարկումներ են ընթացել, քանի որ զեկոյցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերութիւնն ադրբեջանական պատւիրակութեան անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկութեամբ։ Հայկական կողմը դէմ էր քւէարկել զեկոյցին:

Զեկոյցի հետ կապւած ելոյթ է ունեցել Հայաստանի պատւիրակութեան անդամ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Գեղամ Մանուկեանը վերահաստատել է, որ Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքնի, Արցախի կարգավիճակի հարցը մնում է միջազգային օրակարգում: Նա հանգամանալից ներկայացրել է ադրբեջանական սեպտեմբերեան ագրեսիան:

Հայկական եւ ադրբեջանական պատւիրակների միջեւ կայացած կարճատեւ բանավէճից յետոյ քւէարկութեան արդիւնքում բոլոր պատւիրակութիւնները, բացառութեամբ Ադրբեջանի, ձեռնպահ քւէարկեցին զեկոյցում Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումը ջնջելու ադրբեջանական նախաձեռնութեանը, արձանագրելով, որ չեն պաշտպանում Արցախի գոյութիւնը բացառող ադրբեջանական մօտեցումը:

Ստորեւ ներկայացնում ենք ելոյթն ամբողջութեամբ.

2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակոյթի, կրթութեան եւ սոցիալական հարցերի յանձնաժողովի յիսունութերորդ առցանց նիստին ներկայացւել էր «Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ պետութիւններում փախստականների հոսքով պայմանաւորւած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկոյցը, որում ներառւած էր Հայաստանի Հանրապետութիւնում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերութիւն:

Ահա դրա բովանդակութիւնը՝

«31. Վաթսունից աւելի տեղական եւ միջազգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական եւ այլ ծառայութիւններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանւած եւ Հայաստանում ժամանակաւորապէս գտնւող ընտանիքների երեխաներին։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը Հայաստանում ժամանակաւորապէս բնակւող անձանց հնարաւորութիւն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ եւ այլ ֆինանսական աջակցութիւն։ Կարիքների գնահատումից յետոյ 29.110 հարկադիր տեղահանւած անձ աջակցութիւն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպութիւններից»:

Այս պարբերութիւնը զեկոյցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացւել է։ Հայկական պատւիրակութիւնը կոմիտէի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդէն ներկայացրել ենք առաջարկ:

Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկոյցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատւածը։ Ու արձանագրում ենք։

1. Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնից 2020 թւականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետութիւնում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախաւորւել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթէ չլինէր 2020 թւականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վրայ, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։

2. Բացառութիւն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխւած հարիւր հազարաւոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսւեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։

3. 2020 թւականը փախստականների հոսքի նոր փուլ էր։

4. Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թէ 2020 թւականի Արցախեան պատերազմից յետոյ այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողութիւնը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրայ բնակւում է շուրջ 120 հազար հայութիւն, եւ անհնար է անտեսել այդ փաստը։

5. 2020 թւականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրւած յայտարարութիւնից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայութեան, նրանց ինքնորոշման իրաւունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրութեան օրակարգում։

Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձեւակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկոյցի վերոնշեալ հատւածը։

Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝

- Զեկոյցի նախագիծը հրապարկւելուց, շրջանառութեան մէջ դրւելուց ու քննարկւելուց յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը կանգնեց ներքին տեղահանւածների նոր ալիքի առաջ, երբ դատարկւեցին արդէն Հայաստանի Հանրապետութեան խաղաղ բնակավայրեր, այդ թւում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։

2022 թւականի սեպտեմբերի 13-ի լոյս 14-ի գիշերն ու յաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ստորաբաժանումները լայնածաւալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ սահմանի գրեթէ ողջ երկայնքով։ Մինչեւ հիմա օկուպացւած է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատւած։ Բայց խօսեմ հումանիտար աղէտի մասին միայն։

Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տւեալների՝ արձանագրւել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզերից տեղահանւել է առնւազն 7600 անձ։ Տեղահանւած անձանց շրջանում մեծամասնութիւն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ եւ հաշմանդամութիւն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխայ եւ 99 հաշմանդամութիւն ունեցող անձ։ Նշւած անձանց գերակշիռ մեծամասնութիւնը սոյն տեղեկատւութեան տրամադրման պահին դեռեւս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի յաճախակի ու վտանգաւոր խախտումների, ինչպէս նաեւ, շատերի դէպքում, տների հիմնովին աւերման պատճառներով:

Հայաստանի Հանրապետութեան սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացւած տարածքներից ադրբեջանական զինւած ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախաւորումը շարունակւում է մինչ այժմ։

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։