«Հիմա ադրբեջանական-թուրքական տանդեմն ի պատասխան Իրանի զօրավարժութիւնների իր սեփական զօրավարժութիւններն է անցկացնում։ Այդ զօրավարժութիւնների սցենարով այդ զօրքն անցնում է Արաքս գետը եւ մտնում Իրանի սահման։ Եւ զօրավարժութեան անւանումն ու ուղերձները ցոյց են տալիս, որ այն յստակ ուղղւած է Իրանին»,- «Առաւօտ»-ի հարցին՝ ի՞նչ ուղերձ են ուզում հասցնել Իրանին Ադրբեջանն ու Թուրքիան՝ այդ երկրի սահմանին համատեղ զօրավարժութիւններ անցկացնելով, այսպէս պատասխանեց իրանագէտ Արմէն Վարդանեանը։
«alikonline.ir» - Ըստ Արմէն Վարդանեանի՝ Ադրբեջանի ու Իրանի առճակատումը չի հասնի ռազմական բախման։
«Հիմա ադրբեջանական-թուրքական տանդեմն ի պատասխան Իրանի զօրավարժութիւնների իր սեփական զօրավարժութիւններն է անցկացնում։ Այդ զօրավարժութիւնների սցենարով այդ զօրքն անցնում է Արաքս գետը եւ մտնում Իրանի սահման։ Եւ զօրավարժութեան անւանումն ու ուղերձները ցոյց են տալիս, որ այն յստակ ուղղւած է Իրանին»,- «Առաւօտ»-ի հարցին՝ ի՞նչ ուղերձ են ուզում հասցնել Իրանին Ադրբեջանն ու Թուրքիան՝ այդ երկրի սահմանին համատեղ զօրավարժութիւններ անցկացնելով, այսպէս պատասխանեց իրանագէտ Արմէն Վարդանեանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ սա հակաիրանական գործողութիւն է։ Նա նշեց. «Երկու-երեք օր առաջ իշխանական թիւ մէկ քարոզչական կայքը յօդւած էր հրապարակել, ըստ որի՝ այդ զօրավարժութիւնները հէնց ուղղւած են Իրանի դէմ։ Քանի որ վերջին երկու տարում Իրանն արդէն երկու անգամ լայնամասշտաբ զօրավարժութիւններ է անցկացրել Ադրբեջանի սահմանի երկայնքով, հիմա նախագահ Ալիեւն այդ զօրավարժութիւնների պատասխանն է տալիս։ Վերջինիս յայտարարութիւնը, որ աննախադէպ էր, այն է, որ Իրանը վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի սահմանի երկայնքով զօրավարժութիւններ չէր իրականացրել, եւ վերջին երկու տարում անցկացւող զօրավարժութիւններն աննախադէպ էին։ Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանը չի վախենում Իրանից»։
Մեր հարցին՝ ռիսկեր չէ՞ք տեսնում, որ Իրան-Ադրբեջան առճակատումը կարող է աւելի սրւել, քանի որ Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութիւնն օրեր առաջ յայտարարել էր, որ Իրանի յատուկ ծառայութիւնների կողմից իրենց դէմ ակտիւ դիւերսիոն-հետախուզական գործունէութիւն են ծաւալւում, Արմէն Վարդանեանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը հասնի ռազմական բախման։ Այդ երկու երկրների յարաբերութիւնները երբեք էլ միագիծ չեն եղել, դրանք միշտ եղել են վայրիվերումներով։ Եղել են ժամանակներ, երբ այդ կողմերի միջեւ դիւանագիտական, նաեւ ռազմական առումով լուրջ առճակատման վտանգ է ստեղծւել։ Բայց ռազմական բախման երբեք հարցը չի հասել։ Եւ կարծում եմ այս անգամ էլ բացառութիւն չի լինի, եւ կողմերը ինչ-որ փուլում ինչ-որ պահից կը սկսեն յարաբերութիւնների լարւածութեան թուլացման ուղղութեամբ քայլեր ձեռնարկել»։
Հարցին՝ սա ինչի՞ց սկսւեց, Արմէն Վարդանեանը պատասխանեց. «Սա սկսւեց նրանից, որ անցեալ տարի Ադրբեջանը փորձեր էր անում ռազմական ուժով այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը բացել։ Այդ ժամանակ Իրանի կողմից եղան յստակ յայտարարութիւններ, որ իրենք թոյլ չեն տալու իրենց հիւսիսային սահմաններում աշխարհագրական քարտէզների վերաձեւում, սահմանների վերափոխում։ Հետագայում՝ աւելի ուշ, Իրանի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք խափանել են իրենց հիւսիսային սահմանների մօտ սահմանների վերաձեւման փորձը՝ յստակեցնելով, որ Իրանը Ադրբեջանի դէմ որոշակի գործողութիւններ է ձեռնարկել։ Հէնց դրանից սկսւեց։ Իրանն էլ մի քանի անգամ յայտարարեց վերջին երկու տարիներին, որ ՀՀ-ի հարաւով անցնող՝ իր սահմանների մօտ չի թոյլատրելու սահմանների վերափոխում։ Յետոյ նաեւ զօրավարժութիւններ անցկացրեց, դիւանագիտական ճակատում Ադրբեջանի վրայ որոշակի ճնշումներ գործադրեց, եւ սրանից սկսւեց երկու երկրների միջեւ որոշակի լարւածութիւնը, առճակատումը»։
Մեր դիտարկմանը՝ առճակատում կայ նաեւ դիւանագիտական դաշտում է. Իրանը Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն է բացել, իսկ Ադրբեջանը յայտարարել է Իսրայէլում դեսպանատուն բացելու մասին եւ հարցին՝ այս մրցավազքը մինչեւ ո՞ւր կարող է հասնել եւ այս ամէնում ՀՀ-ն որտե՞ղ է, Արմէն Վարդանեանը պատասխանեց. «ՀՀ-ի համար ձեռնտու կը լինի, եթէ Իրանն ու Ադրբեջանը կոնֆլիկտ ունենան, եթէ ռազմական բախում լինի նրանց միջեւ։ Փաստօրէն, մեր թշնամին դրանով կը թուլանայ, բայց ես հակւած չեմ այն մտքին, որ ռազմական բախում կը լինի։ Այդ երկու երկրները ինչ-որ պահից սկսած կը գնան ապառազմականացման»։
Փաստմանը՝ Իրանում ցոյցեր են, երկրի ՆԳՆ-ն յայտարարել է, որ դրանք ցոյց են տալիս, որ Իրանի դէմ տարւել է հիբրիդային պատերազմ՝ նպատակ ունենալով թուլացնել ազգային համախմբւածութիւնը եւ հարցին՝ Իրանի ներքաղաքական այս իրավիճակը ՀՀ-ին ձեռնտո՞ւ է, իրանագէտը պատասխանեց. «Իհարկէ, ՀՀ-ին ձեռնտու չէ Իրանում ներքաղական անկայունութիւնները, բողոքի ցոյցերը։ Բայց նաեւ պէտք է նշել, որ Իրանում լուրջ խնդիրներ կան մարդու իրաւունքների հետ կապւած, մարդու իրաւունքները ամենօրեայ, ամենժամեայ ռեժիմով խախտւում են իշխանութիւնների կողմից, մարդու իրաւունքների դէմ ոտնձգութիւնները չափազանց շատ են։ Բացի դրանից էլ սոցիալական մեծ լարւածութիւն կայ երկրում, քանի որ Իրանը գտնւում է միջազգային պատժամիջոցների եւ մեկուսացման ներքոյ, եւ իրաւունքների խախտման ու սոցիալական լարւածութեան պատճառներով անընդհատ բողոքի ցոյցեր են լինում, ինչը Իրանի համար սովորական է դարձել։ Դա անկայունութիւն է ստեղծում երկրի ներսում եւ չի բխում ՀՀ շահերից։ Մենք այստեղ անելիք չունենք, ոչինչ անել չենք կարող, միայն պետք է հետեւենք իրադարձութիւնների զարգացմանը»։
Տաթեւ Յարութիւնեան