Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարւող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականութիւնը, որն ինչպէս 2020-ին, այնպէս էլ հիմա, բերում է պատերազմ ու աղէտ։
Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարւող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականութիւնը, որն ինչպէս 2020-ին, այնպէս էլ հիմա, բերում է պատերազմ ու աղէտ։
Յարգելի՛ հայրենակիցներ
Ինչպէս յայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտաւորութիւնները եւ միջազգային հումանիտար իրաւունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցւել է նաեւ գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրայ՝ նոր զիջումներ կորզելու եւ իր օրակարգը թելադրելու նպատակով։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծւած իրավիճակը քննարկելու, Ադրբեջանի յանցաւոր ու սադրիչ գործողութիւններին գնահատական տալու եւ Հայաստանի յանձնառութիւնը Արցախի Հանրապետութեան նկատմամբ ամրագրելու նպատակով:
Իշխող «Քաղաքացիական խմբակցութեան» կողմից այսօր տապալւել է մեր նախաձեռնութիւնը՝ այն պատճառաբանութեամբ, որ իրենք ունեն յայտարարութեան սեփական տարբերակը։ ԱԺ ղեկավարութիւնը ընդդիմադիրների կողմից ներկայացւած յայտարարութեան նախագիծը ներառեց Աժ օրակարգ միայն իրենց կողմից ներկայացւած նախագիծը շրջանառութեան մէջ դնելուց յետոյ՝ խախտելով նախաձեռնութիւների ներկայացման ժամանակագրութիւնը:
Մեզ համար յայտարարութեան ՔՊ-ական տարբերակն անընդունելի է, եւ մենք մերժել ենք դրա քննարկումը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին եւ հետագայում օգտագործւելու է մեր դէմ։
«Քաղաքացիական պայմանագրի» համար մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում լինելը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ամրագրելու, Հայաստանի յանձնառութիւնը Արցախի նկատմամբ բարձրաձայնելու մեր մօտեցումները։
Իշխող ուժի յայտարարութեան ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծւած աղէտալի իրավիճակում, ըստ էութեան, անելիք չունի եւ թող Ռուսաստանի Դաշնութիւնը մտածի այդ մասին։
Դատելով ՔՊ-ականների փաստարկներից եւ իրենց յայտարարութեան հիմնաւորումներից՝ իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում ու Արցախի ժողովրդին համարում մեր թշնամի պետութեան բնակիչներ, որոնց ցեղասպանութիւնից փրկւելու համար առաջարկւում է լեզու գտնել Բաքւի վարչախմբի հետ։
Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարւող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականութիւնը, որն ինչպէս 2020-ին, այնպէս էլ հիմա բերում է պատերազմ ու աղէտ։
Մենք յոյս ենք յայտնում, որ Հայաստան-Արցախ կեանքի ճանապարհը կը բացւի, հումանիտար խնդիրները կը կարգաւորւեն։
Զօրակցում ենք ռուս խաղաղապահներին ու կոչ անում նրանց կիրառել բոլոր միջոցները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եւ նմանատիպ երեւոյթներն այսուհետ թոյլ չտալու համար։
Համոզւած ենք, որ ադրբեջանական սադրանքները շարունակական բնոյթ են կրելու։ Դրանք կանխելու եւ անվտանգային նոր միջավայր ձեւաւորելու համար անհրաժեշտ են ներքաղաքական փոփոխութիւններ, իրական խաղաղութիւն ապահովելուն միտւած արտաքին քաղաքականութիւն, հայ ժողովրդի միասնականութիւն գլխաւոր հարցերում, նոր որակի պետական կառավարում, ազգային առաջնորդութիւն։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
14.12.2022թ.