Հա

Քաղաքական

17/12/2022 - 13:45

Չփրկենք Արցախը՝ կործանւելու ենք բոլորս

Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը Երեւանից չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ՝ ադրբեջանցի ֆէյք բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Երէկ նա հանդիպել է օրէնսդիրների հետ` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր: 

«Հրապարակ»-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատարի հետ։

«alikonline.ir» - Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը Երեւանից չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ՝ ադրբեջանցի ֆէյք բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Երէկ նա հանդիպել է օրէնսդիրների հետ` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր: 

«Հրապարակ»-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատարի հետ։

 

- Տեսանիւթ տարածւեց, որ ադրբեջանցիները վրաններն ապամոնտաժում են, լուրեր տարածւեցին, թէ շուտով ճանապարհը կը բացեն։

- Խնդրում եմ հետեւել տեղեկատւական շտաբին, իրենք են անմիջապէս դրանով զբաղւում։

 

- Հայկական կողմը կարողացա՞ւ ադրբեջանցիների այս գործողութիւնը մեր օգտին նիւթականացնել։

- Գործընթացը դեռեւս ընթանում է, բայց այս թեման մշտապէս պէտք է լինի կարեւորագոյն մեր տեղեկատւական եւ քաղաքական դաշտում։ Սա այն թեման է, որը չի կարող շրջանցւել եւ չի կարող մոռացւել, որովհետեւ այսպիսով Ադրբեջանն իր բուն նպատակները ցուցադրում է եւ ապացուցում է հերթական անգամ։ Հետեւաբար, պէտք է երբեւիցէ մոռացութեան չմատնւեն, մանաւանդ, որ նման երեւոյթները կարող են կրկնւել։

 

- Արցախցիները պատրա՞ստ են նման ճնշումների, թէ՞, ամէն դէպքում, մարդիկ նեղւում են այս ամենից։

- Արցախցին կանգնելու է իր հայրենի հողում մինչեւ վերջ։

 

- Նախապայմաններ թելադրելու եւ ինչ-որ զիջումների հասնելու հաւանականութիւնը որքա՞ն է, գիտենք, որ ադրբեջանցիներին դժւար է տարատեսակ յայտարարութիւններով ճնշում գործադրել ղարաբաղցիների վրայ։

- Մենք պէտք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսային վիճակից եւ կանգնենք կայուն զարգացման ուղու վրայ, սա է ամենակարեւորը։ Միասնական ջանքերով Արցախը որպէս սրբութիւն ընդունելով, արցախակենտրոնութիւնը կարեւոր հէնք ընդունելով՝ շարժւենք առաջ։

 

- Դուք ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էք ունեցել։ ՔՊ-ի հետ Ձեր հանդիպումների ժամանակ ի՞նչ քննարկումներ էք ունեցել, գո՞հ էք այդ հանդիպումներից։

- Մենք բոլոր ուժերի հետ հանդիպել ենք՝ բոլոր։ Քանի որ մենք ուզում ենք, որ Արցախը լինի սրբութիւն հայութեան համար, մնայ այդ կարգավիճակում, մենք բոլորի հետ հանդիպում ենք, եւ սա գլխաւոր թեման է՝ հէնց Արցախի ճակատագիրը։ Եւ բոլոր ուժերն էլ հաւաստիացրել են, որ Արցախի ապագան, նրա զարգացումն ու զօրացումը, նրա շահերի պաշտպանութիւնը գերագոյն նպատակներից մէկն է ողջ հայութեան համար։

 

- ՔՊ-ից բազմաթիւ պատգամաւորներ Արցախի վերաբերեալ տարակուսանք առաջացնող յայտարարութիւններ էին հնչեցնում, այդ մասով մտահոգութիւններ յայտնե՞լ էք։

- Մենք խօսել ենք, եւ ես Ձեզ հաղորդում եմ այն, ինչ պաշտօնապէս մեզ ասւել է։ Սա է խնդիրը։

 

- Փոխանցեցի՞ք արցախցիների մտահոգութիւնները՝ նմանատիպ յայտարարութիւնների մասով։

- Մենք խօսել ենք շատ բանի մասին, եւ իրենք հաւաստիացրել են, որ երբեւիցէ, բոլորը, բոլորը, ոչ միայն ՔՊ-ն, այլեւ «Հայաստան» դաշինքը, «Պատիւ ունեմ»-ը, որ Արցախը եղել է, կայ ու կը մնայ։ Եւ իրենք դա պաշտօնապէս յայտարարել են։ Ժամանակը ցոյց կը տայ, բայց կարեւորն այն է, որ նման յայտարարութիւն, պաշտօնապէս հաւաստիքներ, որ մենք լսել ենք, մեզ փոխանցել են՝ մնացածն արդէն աշխատանքը ամէն ինչ ցոյց կը տայ։

 

- «Քաղաքացիական պայմանագրից» ո՞ւմ հետ էք հանդիպել։

- Գիտէք, ֆրակցիայի ղեկավարն էր եւ այլն։ Խնդրում եմ մի շահարկէք այդ թեման։

 

- Չենք շահարկում, պարզապէս ՔՊ-ում մարդիկ կային, ովքեր յայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է։

- Նորից եմ ասում՝ սա մեզ պաշտօնապէս յայտարարել է ղեկավարութիւնը այդ ֆրակցիայի։ Ես ասում եմ այն, ինչ մեզ յայտարարել են, այն, ինչ մեզ փոխանցել են։ Արցախը վտանգւած է, վտանգւած է ծայրաստիճան, բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից։ Չփրկենք՝ կործանւելու ենք բոլորս։

 

Հայկա Ալոյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։