Այսօր (դեկտ. 19, Խմբ.) լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրւած է Մայր Հայաստանից, իսկ թէ ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանութիւնն Արցախում ապրող աւելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մէջ չթողնելու համար, մեդիափորձագէտ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նայիրի Յոխիկեանի համար տեսանելի չէ։
«alikonline.ir» - Այսօր (դեկտ. 19, Խմբ.) լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրւած է Մայր Հայաստանից, իսկ թէ ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանութիւնն Արցախում ապրող աւելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մէջ չթողնելու համար, մեդիափորձագէտ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նայիրի Յոխիկեանի համար տեսանելի չէ։
Աւելին, ըստ Յոխիկեանի, Հայաստանի կառավարութեան քայլերը տեսանելի չեն, որովհետեւ դրանք պարզապէս չկան. այս կառավարութիւնը բացարձակապէս ոչինչ չի անում ազգութեամբ հայերի փրկութեան համար։
«44-օրեայ պատերազմը գործարք էր՝ պայմանաւորւած։ Հայաստանի իշխող կուսացկութեան արած յայտարարութիւններից էլ փաստւում է՝ Հայաստանի քաղաքական իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից. Ինչպէս ասում է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը՝ իրենց քաղաքական դիրքորոշումը հետեւեալն է՝ «Արցախից պրծնեն՝ Հայաստանը նորմալ երկիր դարձնեն»։ Իսկ եթէ սրան աւելացնում ենք Խաչատուր Սուքիասեանի հետեւեալ ասածը՝ ռուսները թող գնան իրենց Ղարաբաղում իրենց անվտանգութիւնն ապահովեն տարածաշրջանում, Հայաստանը պէտք է բաց լինի Թուրքիայի համար, ապա պարզ է դառնում՝ այս իշխանութիւնը չունի ցանկութիւն Արցախը պահելու համար ջանք գործադրելու»,- 168.am-ի՝ հետ զրոյցում ասաց Յոխիկեանը։
Նրա փոխանցմամբ՝ միանշանակ է, որ միջազգային հանրութիւն եւ հաւաքական Արեւմուտք ասւածին հիմա պէտք է Լաչինի միջանցքի փակման հարցով անհանգստացնել, բայց փաստ է՝ նրանք կանեն անատամ յայտարարութիւններ, բայց պատժամիջոցներ չեն կիրառի 120 հազար հայի կեանքի համար. չեն անհանգստանայ, ինչպէս անհանգստացան Ուկրայինայով։
Ըստ Յոխիկեանի՝ Արեւմուտքի նման պահւածքը խօսում է այն բանի մասին, որ այդ երկրները «գնւել են թուրք-բրիտանական-ադրբեջանական տանդեմի կողմից», եւ նրանց ձեռնտու է, որ Արցախը լինի Ադրբեջանի վերահսկողութեան տակ, քանի որ Արցախում շահագործւող հանքերն Ադրբեջանը դեռեւս 2020 թւականի պատերազմից 6-7 ամիս առաջ է վաճառել բրիտանա-ադրբեջանական ընկերութիւնների։
«Նշեմ, որ բրիտանական ընկերութիւնը երբ Ադրբեջանից գնել է Կաշէնի հանքավայրը, Հայաստանի կառավարութիւնը որեւէ քայլ չի ձեռնարկել դրա դէմ։ Աւելին՝ այդ ընկերութիւնը դիմել է Հայաստանի կառավարութեանը, որ Ադրբեջանից գնել է հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող Կովսականի տարածքում գտնւող հանքը, Հայաստանի կառավարութիւնից ասել են՝ չենք առարկում, եւ սա 2020 թւականից 6-7 ամիս առաջ. դրա համար եմ ասում՝ այդ պատերազմը գործարք էր»,- ասաց Յոխիկեանը։
Աղաւնի Սուքիասեան