Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում վերլուծել է, թէ ինչպիսին է լինելու 2023 թւականն աշխարհաքաղաքական տեսանկիւնից: Ըստ Բաբայեանի՝ 2023 թւականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում վերլուծել է, թէ ինչպիսին է լինելու 2023 թւականն աշխարհաքաղաքական տեսանկիւնից: Ըստ Բաբայեանի՝ 2023 թւականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում:
«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թւականն աշխարհաքաղաքական տեսանկիւնից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թէ՛ հասարակ մարդկանց, թէ՛, իհարկէ, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարւած, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաեւ շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թւականները, այո, դա չափազանց շատ, ե՛ւ մէկ ժողովրդի, ե՛ւ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պէտք է կրենք։
Կրիտիկական ժամանակաշրջանների թւում կան նաեւ այնպիսիք, որոնք կարելի է որակել որպէս կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխութիւններ են տեղի ունենում ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատւածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.:
2022 թւականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվւածք է արձանագրւել, որն ազդում է նաեւ տարածաշրջանային գործընթացների վրայ։ Ուստի 2023 թւականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պէտք է յիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքւածը պարտադիր չէ, որ դրսեւորւի աղէտներով, այն կարող է լինել նաեւ աղէտների կանխարգելման շրջան։ Պէտք է հասկանանք նաեւ, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները յղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրաւէրներով, այլեւ մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարաւորութիւններով։ Պարզապէս պէտք է դիմանալ, քրտնաջան աշխատել եւ երբեք չկորցնել հաւատն ու ինքնատիրապետումը»,- «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատարը: