2020 թւականի պատերազմից ու դրա յարաբերական աւարտին յաջորդած աղէտներից յետոյ մենք, լայն իմաստով, կորցրել ենք բնականոն կեանքի նախկին նորմերը, սովորոյթներն ու աւանդոյթները, որոնց ուժով նաեւ ընդունւած է ամփոփել անցնող տարին եւ մաղթանքներ յղել գալիք տարւայ համար։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
2020 թւականի պատերազմից ու դրա յարաբերական աւարտին յաջորդած աղէտներից յետոյ մենք, լայն իմաստով, կորցրել ենք բնականոն կեանքի նախկին նորմերը, սովորոյթներն ու աւանդոյթները, որոնց ուժով նաեւ ընդունւած է ամփոփել անցնող տարին եւ մաղթանքներ յղել գալիք տարւայ համար։
Դրանք նորմալ, սովորական կեանքի աւանդոյթներն են, որոնց հետեւելն անգամ այսօր անպատեհ է դարձել։
Մենք՝ որպէս հանրութիւն, կորցրել ենք բազմաթիւ կենսական յատկանիշներ՝ սկսած պարզ ապրումակցումից ու կարեկցանքից, մինչեւ աղէտների մասշտաբի ընկալում։ Մենք կորցրել ենք անգամ մեր կորուստները գիտակցելու կարողութիւնը եւ բոլոր կորուստների հանրագումարով մենք շատ մօտ ենք ընդհուպ ինքնութեան կորստի սպառնալիքին։
Շարունակւող աղէտները, նաեւ այս կորուստները չգիտակցելու ու համարժէք վարքագիծ չդրսեւորելու հետեւանքներ են՝ սկսած անպատկառ կամ դաւաճանական իշխանութեան հանդուրժումից, մինչեւ անկարող ու կեղծ ընդդիմութեան նկատմամբ պահանջների բացակայութիւն։
Պատահական չէ, որ անցած երկու տարիներին մեր հանրային կեանքի ամենաբնորոշիչ գնահատականը դարձել է անտարբերութիւնը։
Ահա այդ անտարբերութիւնն իրար յաջորդած ու շարունակւող, մէկը միւսից աւելի խորը կորուստների ու դրանք չգիտակցելու տրամաբանական հետեւանքն է։
Այդ կորուստների մասին, սակայն, չպէտք է խօսել մեղադրելու նպատակով, մեղադրելը եւ դատավճիռներ կայացնելն ամենահեշտ, բայց ամենաանարդիւնք զբաղմունքն է, երբ խօսքը վերաբերում է հանրութեանը։
Չպէտք է բացառել, որ հանրային անտարբերութիւնն իրականում ինքնապաշտպանական բնազդի դրսեւորում է, իւրատեսակ փախուստ իրականութիւնից, որն արտայայտւում է անհատական մակարդակում երջանկութեան պատրանքի շղարշով, ինչի տակ, շատ հնարաւոր է՝ թաքնւած է խորը դժբախտութիւն։
Մենք ահա, դարձել ենք դժբախտ, բայց երջանկութիւն խաղացող հասարակութիւն՝ փախչելով այդ իրականութիւնից, հրաժարւելով ընդունել մեր կորուստների ծանրութիւնն ու խորութիւնը։
Այսինքն՝ իրականում, մակերեսից աւելի ներքեւի շերտերում մենք ապրում ենք գուցէ չգիտակցւած, բայց տառապանքի պայմաններում, ինչը, եթէ առաջին հայեացքից վհատեցնող է, աւելի լայն պատկերում վերածննդի յոյս է պարունակում, որովհետեւ, ինչպէս մեծերից մէկն է ասել, բոլոր մեծ գործերը ծնւում են մեծ տառապանքից։
Մենք ահա, հիմա ապրում ենք այդ մեծ տառապանքի պայմաններում, որը մեծ գործի վերածելու համար պէտք է վերագտնենք մեզ, վերագտնենք կորուստները գիտակցելու, դրանից համարժէք հետեւութիւններ կատարելու եւ նոր վարքագիծ դրսեւորելու մեր կարողութիւնը՝ ինչպէս անհատական, այնպէս էլ՝ հանրային մակարդակում։
Մեզ վերագտնելուց յետոյ, վստահաբար, գտնւելու են նաեւ բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակւելու են աղէտների դռները եւ բացւելու են կեանքի ճանապարհները։ Դա ամենեւին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպէս հանրութիւն, սպասում է դժւարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրութիւն ոչ միայն՝ լաւի ու լաւագոյնի, այլեւ աւելի յաճախ՝ վատի ու վատթարագոյնի միջեւ։
Բայց բոլոր այդ դժւարութիւնները յաղթահարելի են, եթէ մենք կարողանանք վերագտնել մեզ, մեր արժանապատւութիւնն ու մեր ինքնութիւնը։
Թող 2023 թւականը մեզ համար դառնայ գտնումի ու վերագտնումի տարի։
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
168.am