Հա

Քաղաքական

04/01/2023 - 08:30

«Ակնկալում ենք ՌԴ-ի յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղւած այս կոպտագոյն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարութիւնը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադէմ մարդկութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին, որ աւելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտօրէն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրված ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կեանքի ճանապարհը։ Արդէն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - Հայաստանի ԱԳ նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.

«ՀՀ ԱԳ նախարարութիւնը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադէմ մարդկութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին, որ աւելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտօրէն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրւած ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կեանքի ճանապարհը։ Արդէն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականութիւնը:

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրէցօր ահագնանում է։ Աւելի ու աւելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շօշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարիւրաւոր ընտանիքներ շարունակում են բաժանւած մնալ՝ գտնւելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ յայտնւել են փաստացի գերեվարւած կարգավիճակում:

Ադրբեջնական կողմի պնդումները, թէ Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացոյցն է առնւազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով է թոյլատրւում կեանքի վտանգի առաջացման դէպքում սահմանափակ թւով հիւանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետութիւն:

Ստեղծւած իրավիճակում կարեւորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրաւիրւել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման եւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան վրայ դրա հումանիտար հետեւանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապէս գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնութեան կողմից հանրայնօրէն արտայայտւած ու յստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու եւ միջազգային կառոյցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերեալ։ Ողջունում ենք նաեւ ԱԽ յիշեալ նիստին յաջորդած տասնօրեայ ժամանակահատւածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերեալ ԱԽ նախագահողի մամուլի յայտարարութիւն ընդունելու ուղղութեամբ։

Հայաստանը շարունակելու է նպատակամղւած քայլեր ձեռնարկել բոլոր հնարաւոր ձեւաչափերում, ներառեալ՝ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի եւ միջազգային ու տարածաշրջանային կառոյցների շրջանակներում՝ այդ կառոյցների մանդատից եւ գործառոյթներից բխող վճռական արձագանք եւ գործողութիւններ ապահովելու ուղղութեամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչութեան առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։

Անհրաժեշտ ենք համարում նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպէս նաեւ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիութեան ապահովումը:

Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով ամրագրւած սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը, եւ Լաչինի միջանցքը գտնւում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողութիւնների հետեւանքով եռակողմ յայտարարութեան դրոյթները խախտւած են, ակնկալում ենք նաեւ ՌԴ կողմից յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղւած այս կոպտագոյն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն»:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։