Հայրենիքի փրկութիւնը սեփական հաշւապահութիւնից դիտարկողները միայն իշխանութիւնում չեն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսըանը։
«alikonline.ir» - Հայրենիքի փրկութիւնը սեփական հաշւապահութիւնից դիտարկողները միայն իշխանութիւնում չեն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսըանը։
«Երկիր Նայիրից՝ 29800 ք/կմ
Հասարակութեան 90%-ը չի լսել Նիկոլի ձեւակերպումը, լսածների 90%-ը լուրջ չի ընդունել ասւածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտօնական Երեւանը անոնսել է գալիք աղէտը։
Իսկ «Երկիր Նայիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրօք պատմական աղէտներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։
Պատմութիւնից յայտնի է, որ աղէտի չափը եւ կառավարիչների՝ որպէս Մեսիա ինքնաընկալումը յաճախ ուղիղ համեմատական են։
Սա ռէալ պրոբլեմ է, որովհետեւ երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետութիւնները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշւարկները, կոնկրետ քայլերի եւ կոնկրետ գործողութիւնների ունակութիւնը, պետութիւնները բախւում են աղէտի։ Բացառութիւն կարծես թէ չի եղել։
Այսպէս որ գնայ՝ ռացիոնալ պետականաշինութեան եւ գրագէտ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երեւանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծութեանը) եւ Ներոնի անալոգիայով բանաստեղծութիւն գրելուն։
Ռազմադաշտից՝ պետութիւն
Ամենավտանգաւորը, սակայն, ոչ թէ գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրութեան բացակայութիւնը։ «Երկիր Նայիրից՝ 29800 ք/կմ» թէզին պէտք է հակադրւէր գրագէտ այլընտրանք՝ մօտաւորապէս «Ռազմադաշտից՝ պետութիւն» ձեւակերպմամբ։ Ու այդ հակադրութեան բացակայութիւնն է հէնց ընկած համատարած մոլորութեան, հասարակութեան տարբեր շերտերի կողմից իրականութեան աղաւաղած ընկալման, եւ նոյնիսկ՝ խեղդւող Արցախի հանդէպ անտարբերութեան հիմքում։
Վերջին օրերին, վերջին փուլում լիդերութեան բացակայութիւնը, այն է՝ քաղաքական մտքի, ձեւակերպւած խնդիրների, անձնազոհութեան պարտադիր փաթեթով, աւելի ակնառու է դառնում։
Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերութիւնը, որի առանցքում կը լինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակութեանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» եւ այլ լիրիկական զեղումները կատարւած աղէտի եւ գալիք աղէտի մի կարճ, ժամանակաւոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։
Մենք չենք կարողանում ձեւակերպել մեր թէզը, որ ելքը մէկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դէպի պետութիւն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասւած գաղափարը չենք կարողանում ձեւակերպել ու խօսել մեր հասարակութեան հետ։ Նոր լիդերութիւնը պէտք է լուծի կարեւորագոյն խնդիրը. աւարտել մեզ վրայ դրւող էքսպերիմենտը, վերականգնել պետականութիւնը, որպէսզի հնարաւոր լինի խուսափել նոր աղէտից ու սկսել վերականգնումը։
Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրւայ Հայաստանը անիմաստ «ռեզերւացիա» է յիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղաւորը չէ։
Անտարբերութիւնը եւ անիմաստութիւնը միայն իշխանութիւնից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկութիւնը սեփական հաշւապահութիւնից դիտարկողները միայն իշխանութիւնում չեն։
Վստահ եմ՝ բոլոր հանրային դէմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրոյցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգութիւնը վերածենք քաղաքական ձեւակերպումների ու դրանից յետոյ պարզ ասենք մեր քաղաքացիներին, թէ ինչի´ դէպքում ինչ է լինելու։ Եւ նաեւ խօսենք, թէ դժւար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպէս պահեց կամ կը պահի»,- գրել է նա։