Հա

Քաղաքական

07/01/2023 - 13:55

«Իրանաադրբեջանական սահմանն իր ողջ երկայնքով վերածւել է լարւածութեան օջախի». Ոսկանեան

Ադրբեջանի կողմից արցախաիրանական սահմանի բռնազաւթումից յետոյ իրանաադրբեջանական սահմանն իր ողջ երկայնքով վերածւել է լարւածութեան օջախի։ Այդ լարւածութիւնը դրսեւորվում է թէ՛ ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացւող սադրանքներով, թէ՛ շատ դէպքերում այդ սահմանի երկայնքով յարձակողական գործողութիւններ ծաւալելով, ինչպէս Ադրբեջանի նախաձեռնութեամբ, այնպէս էլ ադրբեջանական «հրաւէրով» երրորդ երկրների (ինչպիսիք են Թուրքիան եւ Իսրայէլը) մասնակցութեամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը` անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանաիրանական յարաբերութիւններում առկայ լարւածութեան աճին։

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից արցախաիրանական սահմանի բռնազաւթումից յետոյ իրանաադրբեջանական սահմանն իր ողջ երկայնքով վերածւել է լարւածութեան օջախի։ Այդ լարւածութիւնը դրսեւորւում է թէ՛ ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացւող սադրանքներով, թէ՛ շատ դէպքերում այդ սահմանի երկայնքով յարձակողական գործողութիւններ ծաւալելով, ինչպէս Ադրբեջանի նախաձեռնութեամբ, այնպէս էլ ադրբեջանական «հրաւէրով» երրորդ երկրների (ինչպիսիք են Թուրքիան եւ Իսրայէլը) մասնակցութեամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը` անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանա-իրանական յարաբերութիւններում առկայ լարւածութեան աճին։

Ոսկանեանից հետաքրքրւեցինք` իրանա-ադրբեջանական սահմանին յունւարի 6-ին տեղի ունեցած փոխհրաձգութիւնը եւս պէտք է դիտարկել այդ լարւածութեան համատեքստում, թէ այն չպէտք է փոխկապակցել ստեղծւած իրավիճակի հետ։ Իրանագէտը չշտապեց որեւէ գնահատական տալ միջադէպին, ասաց` նախ պէտք է միջադէպի մանրամասները յստակեցւեն, որպէսզի հնարաւոր լինի հեռուն գնացող եզրակացութիւններ անել։

«Ակնյայտ է, որ իրանաադրբեջանական յարաբերութիւններում` Բաքւի բռնապետական վարչախմբի էյֆորիկ տրամադրութիւնների պայմաններում եւ հակաիրանական գործողութիւնների տիրոյթում, ձեւաւորւել է մեղմ ասած լարւած մթնոլորտ եւ այդ մթնոլորտը բնականաբար պէտք է տարբեր կէտերում դրսեւորումներ ունենայ»,- նշեց նա։

Ոսկանեանը չբացառեց, որ ադրբեջանա-իրանական սահմանին օրէցօր աւելացող լարւածութիւնը կարող է յանգեցնել նաեւ լոկալ բախումների, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Մէկ այլ սցենարով այդ լարւածութիւնը կարող է նաեւ նւազել, սակայն թէ՛ մէկը, թէ՛ միւսը ժամանակաւոր բնոյթ են կրելու, քանի որ Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների կծիկն այնքան բարդ է եւ բազմաշերտ, որ գոնէ տեսանելի ապագայում հնարաւոր չէ լուծումներ գտնել։ Լուծումներ գտնելը դժւար է, բայց իրանական կողմը տարբեր ճանապարհներով փորձում է զսպել ադրբեջանա-թուրքական դաշինքի ախորժակը` «Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման» ներսում սեփական ներկայութիւնն աւելացնելով` շիաադաւան, նաեւ իրանալեզու էթնիկական խմբերին տեսանելի եւ ոչ տեսանելի աջակցութեամբ, նաեւ ՀՀ հետ որոշակի ռազմավարական դաշինք ձեւաւորելու ուղղութեամբ ջանքեր գործադրելով։

«Այդ պետութիւն կոչեցեալը, եւ թէ՛ նրա էթնիկական մեծամասնութեան ինքնութիւնը կառուցւել է երկու հիմնական բաղադրիչի` հակաիրանականութեան եւ հակահայկականութեան շուրջ, հետագայում դրան գումարւել են նաեւ հակառուսական շեշտադրումներ, եւ եթէ հակահայկականութիւնը եւ հակաիրանականութիւնը վերցնես այդ պետական եւ էթնիկ ինքնութիւնից, ապա այդ պետութիւնը կը փլուզւի, ուստի Բաքւի բռնապետական վարչախումբը որեւէ այլ «ելք» չունի, քան շարունակելու հակահայկական եւ հակաիրանական «գործունէութիւնը», ինչը բնականաբար բերում է զգալի ռիսկերի, վտանգների, մարտահրաւէրների»,- ընդգծեց Ոսկանեանը։

Այդ մարտահրաւէրներից մէկն էլ Բերձորի միջանցքի բռնազաւթումն է, որ արդէն 26 օր փակ է։ Իրանագէտի կարծիքով, պաշտօնական Թեհրանը մարդասիրական յայտարարութիւններից այն կողմ չի անցնի։ Իրանական պետական շահը չվնասելով` այս հարթակում պաշտօնական Թեհրանը երբեք չի խօսի ազգերի ինքնորոշման մասին, ինչպէս մինչեւ այժմ կը սահմանափակւի տարածքային ամբողջականութեան մասին յայտարարութիւներով, բայց դա չի նշանակում, թէ Իրանի գործողութիւնները եւս բխելու են այդ յայտարարութիւններից միայն։

«Թէ՛ քաղաքական որոշումներ կայացնողների մակարդակում, թէ՛ վերլուծաբանական շրջանակում, թէ՛ հասարակական լայն շերտերում բոլորը, կամ գոնէ այդ շերտերի առիւծի բաժինը հասկացել է, որ Ադրբեջանը գոյութենական վտանգ է Իրանի համար, հետեւաբար այս տիրոյթում, եթէ նոյնիսկ յայտարարութիւններ էլ չլինեն, ապա իրանցիները պատրաստ են բարձրացնել Հայաստանի, Հայաստանի միջոցով նաեւ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան մակարդակը` տարբեր ոլորտներում զանազան ռազմաքաղաքական համագործակցութեան միջոցով։ Այլ հարց է, որ Հայաստանը, ի դէմս ներկայիս իշխանութիւնների, փաստացի հրաժարւում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելուց, չնայած դա սահմանւած է նաեւ ՀՀ տարբեր օրէնսդրական ակտերում, բայց անկախ օրէնսդրական ակտերից մենք ունենք նաեւ մեր ազգակիցներին, մեր արիւնակիցներին պաշտպանելու բարոյական պարտականութիւն եւ այդ բարոյական պարտականութիւնից հրաժարւելն ըստ էութեան առնւազն բարոյական չէ»,- շեշտեց վերլուծաբանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ծաւալապաշտական նկրտումների համատեքստում Ոսկանեանը մէկ լուծում է տեսնում` տարածաշրջանում քաղցկեղային կազմաւորում հանդիսացող Ադրբեջան արհեստածին գոյացութեան վերակազմաւորում` մի քանի էթնիկական միաւորումների եւ փոքրիկ պետութիւնների տեսքով։

Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 6-ի կէսօրին ադրբեջանական լրատւամիջոցները` վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայութեանը, հաղորդագրութիւն էին տարածել ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգութեան մասին։ Նշւում է, որ ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել երկու մարդու ուղղութեամբ, որոնք իբր փորձել են խախտել սահմանը։ Նրանցից մէկը վիրաւորւել է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։