Հա

Քաղաքական

07/01/2023 - 14:20

«120 հազար մարդ 26 օր շրջափակման մէջ է, իսկ Հայաստանը մատը մատին չի տալիս». Յակոբ Ճաղարեան

168.am-ի հետ զրոյցում Աւիացիայի փորձագէտ, Նիկոլ Փաշինեանի նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը խօսելով Արցախի շրջափակման եւ օդային ճանապարհն օգտագործելու հնարաւորութիւնների մասին, նախ շեշտեց՝ այդքան մարդու ապաշրջափակման մէջ պահելը հակամարդկային է։

«alikonline.ir» - Արդէն 26-րդ օրն է՝ Արցախը գտնւում է Ադրբեջանի կողմից շրջափակման մէջ։ «Բնապահպանների» անւան տակ ադրբեջանական եւ թուրքական յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախագահի մերձաւոր շրջանակներից որոշակի խմբեր դեկտեմբերի 12-ից փակել են Բերձորի ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի զրկելով արտաքին աշխարհ դուրս գալու հնարաւորութիւնից։

168.am-ի հետ զրոյցում Աւիացիայի փորձագէտ, Նիկոլ Փաշինեանի նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը խօսելով Արցախի շրջափակման եւ օդային ճանապարհն օգտագործելու հնարաւորութիւնների մասին, նախ շեշտեց՝ այդքան մարդու ապաշրջափակման մէջ պահելը հակամարդկային է։

«Աւելի քան երկու շաբաթ առաջ Արցախի կառավարութիւնն արդէն դիմել է ՄԱԿ-ին եւ Պարենի համաշխարհային կազմակերպութեան գրասենեակին։ Արցախի կառավարութիւնը դեկտեմբերի 23-ին դիմել է, անձամբ եմ այդ նամակը Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելեանի հետ յանձնել ՄԱԿ-ին։

Ճանապարհ պէտք է լինի, եկէք օդային ճանապարհը դիտարկենք՝ որպէս Արցախի շրջափակումը մասնակիօրէն շրջանցող ճանապարհ։ Բայց հասկանում ենք, որ ամբողջովին հնարաւոր չէ օդով փոխել շրջափակւած երկրի կարգավիճակը, շրջափակւած տարածքի բնակչութեան կարգավիճակը։ Օդային ճանապարհը՝ որպէս քաղաքացիական օդանաւերի շարհագործման ճանապարհ, Ադրբեջանը կարող է թոյլ տալ, կարող է եւ թոյլ չտալ։ Իրաւաբանօրէն օդային տարածքը նրա վերահսկողութեան տակ է գտնւում, եւ կարող է թոյլ չտալ։ Խօսքը ոչ թէ օդային ճանապարհի մասին է, այլ օդային ճանապարհն օգտագործելու՝ շրջափակումից ճեղքելու պայմանի մասին է»,- նշեց Յակոբ Ճաղարեանը։

Նա ընդգծեց ու կրկնեց դեռ երեք շաբաթ առաջ ասւած միտքը՝ մարդութիւնը չի կառավարւում բանդիտական նորմերով, մարդու ապրելու իրաւունքը ՄԱԿ-ի հիմնարար նորմերից մէկն է։

«ՄԱԿ-ն ունի մի շարք ծրագրեր՝ երեխաների պաշտպանութեան, առողջութեան, պարենային պաշտպանութեան, որոնք կիրառւում են տարբեր պատճառներով արտակարգ իրավիճակներում յայտնւած մարդկանց փրկելու, օգնելու, սատարելու համար։ Պարենի համաշխարհային ծրագիրը կիրառւում է բնական կամ քաղաքական երեւոյթների հետեւանքով աղէտի մէջ յայտնւած մարդկանց օգնելու համար։ Հիմա սա քաղաքական, ռազմական վտանգ է, դրա մէջ յայտնւած 120 հազար մարդկանց խումբ։ Այսինքն՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ըստ իր նշանակութեան՝ արդէն իսկ նախատեսւած է դրա համար, եւ այդ օդային ճանապարհը ուղղակի ուղիներից մէկն է։ Նոյն Պարենի համաշխարհային ծրագիրը, մանուկների աջակցման ծրագիրը՝ ԻՒՆԻՍԵՖ-ը եւ այլն, կարող են օգտագործել ոչ օդային ճանապարհը, ես օդային ճանապարհի մասին խօսել եմ՝ որպէս երկընտրանքային, այլ ոչ՝ հիմնական։ Ասել եմ՝ ՄԱԿ-ը կարող է օգտագործել այդ ճանապարհը նոյնպէս»,- յաւելեց Յակոբ Ճաղարեանը։

Ըստ Յակոբ Ճաղարեանի, ՄԱԿ-ը կարող է օգտագործել այդ ճանապարհը, երբ, օրինակ, համապատասխան կառավարութիւնները դիմում են կառոյցին, ինչը չի արել Հայաստանի կառավարութիւնը

«ՀՀ կառավարութիւնը չի դիմել ՄԱԿ-ին, 25 օր է՝ 120 հազար մարդ շրջափակման մէջ է, իսկ ՀՀ կառավարութիւնը ՄԱԿ-ին չի դիմել։ Նոյնիսկ շրջափակման հարցերը Անվտանգութեան խորհրդի նիստում Ֆրանսիան է բարձրաձայնել։ Տարբեր տեղերից հասկացնում են, որ՝ դիմէք, դեկտեմբերի 30-ին դիմել ենք արտգործնախարարութիւն՝ արձագանգ չկայ, ՀՀ որեւէ կառավարական մարմնի կողմից որեւէ դիմում ՄԱԿ-ին չկայ, ի վերջոյ, կառոյցը որեւէ մէկին պէտք է ռեակցիա տա՞յ, թէ՞ ոչ։ Ո՞վ պէտք է դիմի, 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մէջ են, դատապարտւած են սովի, Հայաստանը մատը մատին չի տալիս, ոչ մի կառավարական մարմին մատը մատին չի տւել։ Չկայ դիմում ո՛չ ՄԱԿ գրասենեակ, ո՛չ Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպութիւն»,- շեշտեց նա։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ ՀՀ կառավարութիւնը ՄԱԿ-ին ու այլ կառոյցների չի դիմում, Յակոբ Ճաղարեանը պատասխանեց՝ հարցը պէտք է ուղղել կառավարութեան ղեկավարին։

«Նիկոլ Փաշինեանն իր ամանորեայ ուղերձում յայտարարեց՝ Հայաստանը 29.800 քկմ տարածքով է, սա ազդակ է, որ նա ասում է՝ հրաժարւում է Արցախից, արցախցիներից, հայկական անձնագիր կրող 120 հազար քաղաքացուց, տարածքներից։ Ես չգիտեմ՝ նրա ազդակները որոնք են, մի օր մէկ բան է ասում, յաջորդ օրը՝ այլ բան, ու ասում է, թէ իրեն սխալ ենք հասկացել։ Ուղղակի փաստն եմ ընդգծում՝ ՀՀ կառավարական որեւէ օղակ չի դիմել որեւէ միջազգային կառոյցի, 120 հազար մեր հայրենակիցներին օգնելու, փրկելու համար։ Սա ես վստահօրէն եմ ասում, որովհետեւ շփւում եմ մարդկանց, գրասենեակների հետ, մշտապէս զանգահարում եմ ՄԱԿ, Պարենի համաշխարհային ծրագիր, բոլոր ծանօթներին, որոնք մէկը՝ Հռոմում, մէկը՝ Աֆրիկայում ինչ-որ ծրագրեր են ղեկավարում։ Մարդիկ պարզ ասում են ու չեն թաքցնում, որ կառավարութիւնն իրենց չի դիմել»,- եզրափակեց Յակոբ Ճաղարեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։