Հա

Քաղաքական

07/01/2023 - 15:10

Հայաստանի առաքելութիւնը յարափոփոխ աշխարհում

Անցած տարւայ ընթացքում, «Հայաստանի ճակատագրական ընտրութիւնը» կոչւող յօդւածաշարում, ես փորձել էի շարադրել իմ պատկերացումները նրա մասին, թէ ինչ պէտք է անի ներկայիս հայկական պետութիւնը եւ նրա ակտիւ քաղաքական հանրութիւնը Նիկոլ Փաշինեանի ձախողւած վարչախումբը իշխանութիւնից հեռացնելուց յետոյ։ Յօդւածաշարի լոյս տեսնելուց յետոյ էլ, գործող վարչախումբը շարունակել է իր նորանոր ձախողումներով բարդացնել Հայաստանի վիճակը, իսկ տարածաշրջանում ծաւալւող աշխարհաքաղաքական անբարենպաստ տեղաշարժերը առկայ արտաքին մարտահրաւէրները էլ աւելի են սրել։ 

ԱՒԵՏԻՔ ՉԱԼԱԲԵԱՆ

 

Անցած տարւայ ընթացքում, «Հայաստանի ճակատագրական ընտրութիւնը» կոչւող յօդւածաշարում, ես փորձել էի շարադրել իմ պատկերացումները նրա մասին, թէ ինչ պէտք է անի ներկայիս հայկական պետութիւնը եւ նրա ակտիւ քաղաքական հանրութիւնը Նիկոլ Փաշինեանի ձախողւած վարչախումբը իշխանութիւնից հեռացնելուց յետոյ։ Յօդւածաշարի լոյս տեսնելուց յետոյ էլ, գործող վարչախումբը շարունակել է իր նորանոր ձախողումներով բարդացնել Հայաստանի վիճակը, իսկ տարածաշրջանում ծաւալւող աշխարհաքաղաքական անբարենպաստ տեղաշարժերը առկայ արտաքին մարտահրաւէրները էլ աւելի են սրել։ Ուստի այսօր ամբողջ սրութեամբ մեր առջեւ կանգնած է այն հարցը, թէ ինչպէս մենք կարող ենք պահպանել եւ զարգացնել մեր անկախ պետութիւնը, եւ ինչ հեռահար նպատակների այն պէտք է ծառայի, որպէսզի կարողանայ մոբիլիզացնել մեր ողջ ազգի ստեղծագործ էներգիան, եւ դառնայ ինքնաբաւ եւ ինքնուրոյն գործօն մեր անհանգիստ տարածաշրջանում։

 

Որն է Հայաստանի Հանրապետութեան առաքելութիւնը

Առաջին հայացքից, թւում է, որ այս հարցի պատասխանը արդէն տրւած է ՀՀ Անկախութեան հռչակագրում, որով նորաստեղծ Հայաստանի Հանրապետութիւնը փաստացի ստանձնում էր հայ ժողովրդի միասնական պետութեան ֆունկցիան, եւ որպէս այդպիսին, այդ ժողովրդի անվտանգութեան եւ բարգաւաճման ապահովման առանցքային առաքելութիւնը։ Սակայն իրականութիւնն այն է, որ Անկախութեան հռչակագիրն ընդունելուց յետոյ անցած 32 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետութիւնը ոչ միայն չի դարձել հայ ժողովրդի միասնական պետութիւնը եւ նրա ձգողականութեան կենտրոնը, այլեւ նրա իսկ բնակիչների առնւազն մէկ երրորդը՝ մօտ 1.2 միլիոն մարդ, այդ ընթացքում արտագաղթել են երկրից, ենթադրաբար համարելով, որ այն չի կարող իրենց ապահովել ոչ անվտանգութեան, եւ ոչ էլ բարեկեցութեան բաւարար մակարդակ։

Ի լրումն դրան, բոլոր այդ տարիների ընթացքում, Հայաստանը աչքի է ընկել աղքատութեան բարձր մակարդակով, միջին կենսամակարդակը կարգով ցածր է եղել զարգացած երկրներից, իսկ վերջին տարիներին դրան աւելացել է նաեւ անվտանգութեան նախկինում ձեւաւորւած համակարգի փլուզումը, եւ որպէս հետեւանք՝ անվտանգային մարտահրաւէրների կտրուկ սրումը։ Ուստի, եթէ դիտարկենք Հայաստանի Հանրապետութիւնը՝ որպէս հայ մարդուն անվտանգութեան եւ բարգաւաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա նա իր առաքելութեան եւ որեւէ մասը թէ նախկինում, եւ թէ այժմ լիարժէք չի կատարում։

Վերը ասածին յաւելւում է նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը չունի յստակ արժէքային դիրքաւորում տարածաշրջանում։ Օրինակ, մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանը հանդէս է գալիս որպէս էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան յաւակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար եւ եւրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր միւս հարեւան Վրաստանը՝ որպէս տրանզիտային միջանցք եւ զբօսաշրջային կենտրոն։ Հայաստանի դիրքաւորումը սակայն այդքան էլ յստակ չի, եւ տարածաշրջանային որեւէ էական խնդիր դեռեւս չի լուծում, դա բերում է նրան, որ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից որեւէ շօշափելի առաւելութիւն չի ստանում, իսկ դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նրա պաշտպանունակութեան եւ տնտեսական զարգացման վրայ։ Ինչ-որ իմաստով, այս ամէնը փոխկապակցւած են, քանի որ սրանից 100 տարի առաջ, նոյն Թուրքիան եւ Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետութեան տարածքների զգալի մասը, նրան այնպիսի քարտէզ են պարտադրել, որը էապէս սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարաւորութիւնները, եւ հարկադրում է գոյութիւնը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում։ Եթէ այս ամէնը շարունակւի առանց արմատական փոփոխութիւնների, ապա մեր անվտանգային մարտահրաւէրները ոչ միայն չեն լուծւի, այլեւ կը շարունակւեն սրւել, սպառնալով արդէն բուն անկախ պետութեան գոյութեանը, ինչպէս դա տեղի ունեցաւ 1920 թւականին։

Հայ քաղաքական միտքը մինչեւ վերջ պատասխան չի տւել այն հարցին, թէ ինչպէս է պէտք դուրս գալ այս աշխարհաքաղաքական եւ արժէքային փակուղուց։ Ներկայումս իշխող վարչակարգի եւ նրա տարբեր սատելիտների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բաւարար ռեսուրս՝ դիմագրաւելու նէօ-թուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հաւաքական Արեւմուտքի հովանաւորութեամբ այդ նախագծի մաս դառնալն է, եւ դրանով իր գոյութիւնն ապահովելը, այդ տրամաբանութեան մէջ են տեղաւորւում նրա անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին, ի վերջոյ նրա բարեհաճութիւնը ստանալու ակնկալիքով։ Գործող ընդդիմութեան հիմնական թեզն այն է, որ ընդհակառակը, պէտք է յենւել Ռուսաստանի եւ մասամբ Իրանի վրայ, եւ հակազդել այդ նէօ-թուրանական ծրագրին, մաս դառնալով ձեւաւորւող Հիւսիս-Հարաւ առանցքին։

Երկու մօտեցումներն էլ, սակայն, անվտանգութեան լիարժէք լուծում չեն ապահովում։ Առաջինի դէպքում, որեւէ երաշխիք չկայ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկէտ հեռանկարում կը հանդուրժի նրա գոյութիւնը։ Եթէ նոյնիսկ հիմա այն համաձայնւի հաւաքական Արեւմուտքի ճնշման ներքոյ առերեւոյթ խաղաղութեան պայմանագիր կնքել, նրա յաջորդ գործողութիւնը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից յետոյ հերթը հասնելու է Սիւնիքին, Վայոց ձորին, եւ Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցւած արեւելեան տարածքներին, որի նկատմամբ յաւակնութիւնները Ադրբեջանը բնաւ չի թաքցնում։ Երկրորդ տարբերակը, հարկաւ, մեզ համար արտաքուստ աւելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թէ Ռուսաստանը, եւ թէ Իրանը այսօր ունեն լրջագոյն խնդիրներ հաւաքական Արեւմուտքի հետ։ Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները, եւ նոյնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից իւրաքանչիւրում իշխող վարչակարգերի կայունութիւնը, եւ որպէս հետեւանք՝ նրանց կարողութիւնը հիմնարար դերակատարութիւն պահպանել մեր տարածաշրջանում։ Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ․ Արցախեան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, եւ արդիւնքում զոհաբերեց նաեւ հայութեան կենսական շահերը՝ ընդամէնը ժամանակաւոր դադար շահելու հեռանակարով, նոյնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնւում է շրջափակման մէջ։

Հայ քաղաքական մտքում առկայ է նաեւ երրորդ, դեռեւս որոշակիօրէն սաղմնային ուղղութիւն, որի հիմքում է այն գաղափարը, որ ներկայացնելով աշխարհասփիւռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ եւ ազդեցութիւն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է յաւակնի գլոբալ դերակատարութեան, եւ փորձի դառնալ արժէքաւոր ողջ աշխարհի համար։ Դա Հայաստանին յաւելեալ մեծ ռեսուրսներ կը տայ, եւ կօգնի յաղթահարել աշխարհագրական դիրքով պայմանաւորւած սահմանափակումները։ Այս գաղափարի հիմնական ջատագովներից է ՀՀ առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը, որը վերջերս իր «Անյաղթահարելի ցանկութիւն» յօդւածում առաջ էր քաշել այն թեզը, որը հայերը պէտք է յաւակնեն աշխարհի մասշտաբով մեծ խնդիրներ լուծելու, այդ դէպքում նրանք կը վերականգնեն իրենց գլոբալ կարեւորութիւնը, ինչպէս նախկինում, երբ նրանց ձեռքում էր յայտնւել Հնդկաստանից Եւրոպա տարանցիկ առեւտուրը։ Սա շահեկան գաղափար է, սակայն պահանջում է պատասխանել առնւազն երկու կրիտիկական հարցի՝ առաջինը, կոնկրետ ինչ իրատեսական դերակատարութեան մասին կարող է գնալ խօսքը, եւ մինչեւ այդ դերակատարութեանը հասնելը, ինչպէս խուսանաւել մեզ շրջապատող գիշատիչների միջեւ եւ թոյլ չտալ պետութեան կորուստը։

 

Ինչպիսի գլոբալ խնդիրների է բախւում աշխարհը

Փորձենք սկզբից պատասխանել առաջին հարցին։ Ցանկացած ռազմավարական դերակատարութիւն պէտք է յենւած լինի առկայ ռեսուրսների, տւեալ ժամանակաշրջանում տեղի ունեցող հիմնարար տեղաշարժերի եւ դրանց արդիւնքում բացւող հնարաւորութիւնների արդիւնաւէտ օգտագործման վրայ: Նախ, դիտարկենք այն գլոբալ տեղաշարժերը, որոնք ազդելու են մեր վրայ առաջիկայ տարիներին, գնահատելու դրանց հնարաւոր դրական եւ բացասական ազդեցութիւնները, եւ հասկանալու արդիւնարար հաշւեկշիռը, քանզի դրանք կարող են նաեւ մեր դէմ աշխատել, ինչպէս մեր դէմ աշխատեց, օրինակ, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների սրումը։ Ստորեւ, փորձենք հակիրճ անցնել հիմնական գործօնների վրայով, առանձնացնելով առաւել կարեւորները․

Սկսենք հէնց Արեւմուտքի եւ Ռուսաստանի (ինչպէս նաեւ զուգահեռաբար Չինաստանի ու Իրանի) միջեւ յարաբերութիւնների սրումից, եւ այդ ֆոնին՝ Թուրքիայի ուժեղացումից։ Այս գործօնը մինչ այժմ ծայրահեղ անբարենպաստ է ազդել մեր վրայ, քանի որ բերել է մեր տարածաշրջանում ուժային հաշւեկշռի խաթարման, եւ արդիւնքում հնարաւորութիւն է տւել թուրք-ադրբեջանական տանդեմին համարեայ անարգել ագրեսիա սանձազերծել Հայաստանի եւ Արցախի դէմ։ Եթէ յարաբերութիւնների սրումը շարունակւի, մասնաւորապէս, յանգեցնելով Հիւսիս-ատլանտեան դաշինքի երկրների անմիջական ներգրաւմանը պատերազմական գործողութիւններում, ապա հետեւանքները կարող են էլ աւելի աղէտալի լինել, եւ բերել մեր տարածաշրջանում երկրորդ ճակատի բացման։ Այդ դէպքում Հայաստանը կարող է դառնալ նոր ռազմական բախման թատերաբեմ, եւ ցանկացած զարգացման հեռանկարի մասին կարելի է մոռանալ։ Եթէ սակայն հակամարտութիւնը մտնի «սառը պատերազմի» փուլ, անմիջական մարտական գործողութիւնները դադարեն, եւ կողմերը տեղափոխեն իրենց հակասութիւնները դիւանագիտական եւ տնտեսական հարթութիւն, Հայաստանը կարող է եւ շահել, քանի որ պահպանելով բարենպաստ յարաբերութիւններ կողմերի միջեւ, կարող է դառնալ նրանց կապող տնտեսական, ֆինանսական եւ հումանիտար օղակներից մէկը (ինչպէս դա հիմա անում են, օրինակ, Թուրքիան եւ Հնդկաստանը)։

Երկրորդ կարեւոր գործօնը գլոբալ տաքացումն է, եւ դրա հետ կապւած համաշխարհային տնտեսութեան սպասւելիք դէ-կարբոնիզացիան։ Այս գործօնը բարենպաստ է Հայաստանի համար, քանի որ այն արդէն իր էներգետիկ կարիքների զգալի մասը բաւարարում է միջուկային եւ հիդրօ էներգետիկայի հաշւին, եւ ունի արեւային էներգիայի հսկայական չօգտագործւած պաշարներ, որոնք առաջիկայ տարիներին զգալի տնտեսական աճի ռեսուրս կարող են ապահովել, զուգահեռաբար լուծելով արտաքին էներգակիրներից կախւածութեան նւազման խնդիրը։ Այս գործօնը նաեւ աշխատելու է մեր թշնամիների դէմ, երկարաժամկէտ հեռանկարում արժեզրկելով նրանց հիմնական առաւելութիւններից մէկը՝ նաւթա-գազային ռեսուրսները։ Եթէ դրան յաւելենք, որ գլոբալ տաքացման եւ աշխարհի բնակչութեան աճի հետեւանքով, սրւում է նաեւ քաղցրահամ ջրի դեֆիցիտը, ապա Հայաստանը կարող է լրացուցիչ առաւելութիւններ ստանալ, եթէ կարողանայ պահպանել եւ արդիւնաւէտ օգտագործել նաեւ իր ջրային ռեսուրսները։

Երրորդ կարեւոր գործօնը տնտեսական ակտիւութեան համաշխարհային կենտրոնի աստիճանական տեղափոխումն է Ասիա, մասնաւորապէս Չինաստան եւ Հնդկաստան, եւ դրա հետ կապւած տարատեսակ տրանզիտային հոսքերի աճը։ Այս գործօնը կարող է էապէս բարելաւել Հայաստանի դիրքը տարածաշրջանում, եթէ այն կարողանայ արդիւնաւէտ յարաբերութիւններ հաստատել Ասիայի վեր հառնող տնտեսական հսկաների հետ, եւ կոնկրետ դերակատարութիւն ստանձնել Ասիայի եւ Եւրոպայի միջեւ տրանզիտային հոսքերի կառավարման մէջ, դրա բարենպաստ նախադրեալներն այսօր կան։ Ակնյայտ է սակայն, որ այս դերակատարութեան համար նաեւ սրւում է մրցակցութիւնը, մասնաւորապէս, մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանի կողմից, եւ Սիւնիքի նկատմամբ լիարժէք վերահսկողութեան պահպանումը պէտք է դիտարկել հէնց այդ մրցակցութեան համատեքստում։

Չորրորդ կարեւոր գործօնը արհեստական բանականութեան եւ բիոտեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող յեղափոխութիւնն է, որն արմատապէս կարող է փոխել մարդու դերը տնտեսական պրոցեսներում, մինչ այժմ նրա կողմից իրականացւող ֆունկցիաների զգալի մասը պատւիրակելով ինքնուսուցւող ալգորիթմներին եւ նոր սերնդի ռոբոտացւած համակարգերին, որոնք ընդունակ են նմանակել մարդու վարքագիծը։ Այս յեղափոխութիւնը կարող է յանգեցնել նրան, որ մարդկանց զգալի մասը ընդհանրապէս դուրս մղւի տնտեսական պրոցեսներից, իսկ աշխարհը սկսի կառավարւել արհեստավարժ փոքրամասնութեան կողմից, որը վերահսկում է ալգորիթմները, տւեալները եւ առանցքային տեխնոլոգիաները։ Արդէն հիմա մենք դա տեսնում ենք Ֆէյսբուքի, Գուգլի կամ Ամազոնի օրինակով, որոնք սկսել են վիթխարի եւ անհամաչափ ազդեցութիւն ձեռք բերել մեր կեանքի վրայ։ Հայաստանը կարող է դեռ հասցնել ցատկել ընթացքող գնացքի վրայ, եւ իր բաժինն ունենալ ապագայ հիպեր-տեխնոլոգիական աշխարհում, ուշանալու դէպքում սակայն Հայաստանի բնակչութեան զգալի մասը կարող է յայտնւել տնտեսական բարիկադների հակառակ կողմում, եւ դատապարտւել յաւերժական աղքատութեան։

Հայաստանի վրայ ազդելու են բազմաթիւ այլ գործօններ՝ օրինակ, հեռավար մեթոդներով աշխատանքի տարածումը, անցումը առողջ սննդակարգերի, բնակչութեան ծերացումը զարգացած երկրներումեւ առողջապահական ծառայութիւնների աճը, կրթական մոդելների արմատական վերափոխումը, նոյն արհեստական բանականութեան ներթափանցումը ռազմական ոլորտ, տիեզերքի կոմերցալիզացիան, արտադրական տեխնոլոգիաների տրանսֆերի դիւրացումը երկրների միջեւ, եւ այլն։ Հնարաւորութիւն չունենալով մի յօդւածի շրջանակներում քննարկել բոլոր այդ տենդենցները, բաւարարւենք նրանով, որ նրանցից իւրաքանչիւրը նոր հնարաւորութիւններ է ստեղծում, եւ էական է այն, թէ որքանով ենք մենք Հայաստանում պատրաստ այդ հնարաւորութիւնները արագ ընկալելու, դրանց շուրջ մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, ռիսկերի գնալու եւ արդիւնքները արագ մասշտաբայնացնելու։

 

Ինչ ստարտային ռեսուրսների ենք մենք տիրապետում

Վերը նշած տեղաշարժերի համայնապատկերում, կարեւոր է հասկանալ, թէ ինչ ռեսուրսների ենք մենք տիրապետում, եւ ինչպէս կարող ենք նրանք օգտագործել։ Ուստի, փորձենք հնարաւորինս ընդարձակ դիտարկել դրանք, միաժամանակ չփորձելով գերագնահատել, եւ կենտրոնանալով նրանց վրայ, որոնք իրական մրցակցային արժէք են ներկայացնում։

Մեր առաջին ռեսուրսը մեր պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնն է, այն նիւթականացւած է բազմաթիւ յուշարձանների, ձեռագրերի, արւեստի գործերի, եւ նաեւ մեր արժեհամակարգի եւ առօրեայ կենսակերպի մէջ՝ պատահական չէ, որ Հայաստանը ոչ միայն աշխարհի առաջին քրիստոնէական պետութիւնն է, այլեւ աշխարհի առաւել ցածր բռնութեան մակարդակ ունեցող երկրներից մէկը, եւ այդ ամէնը սերտօրէն փոխշաղկապւած է։

Մեր երկրորդ ռեսուրսը գիտա-տեխնոլոգիական ներուժն է, այն թէեւ էապէս տուժել է անկախութեան տարիներին, բայց ներկայումս որոշակի վերելք է ապրում։ ԱՊՀ երկրների կազմում Հայաստանը առաջատար է մէկ շնչին ընկնող գիտական հրապարակումների թւով, ինչպէս նաեւ մէկ շնչին ընկնող բարձ տեխնոլոգիական ծառայութիւնների ծաւալով, թէեւ բացարձակ թւերով, իհարկէ, զիջում է ԱՊՀ աւելի խոշոր երկրներին։

Մեր երրորդ ռեսուրսը մարտական ներուժն է։ Թէեւ մենք ցաւալի պարտութիւն ենք կրել 2020 թ․ Արցախեան պատերազմում, եւ հիմնականում շարունակում ենք զիջել Ադրբեջանի հետ սահմանային բախումներում, մեր բանակը կազմաքանդւած չէ, եւ ընդունակ է վերականգնել իր մարտական կարողութիւնները, իսկ մեր ժողովրդի զգալի մասը բնական կերպով հակւած է մարտական ծառայութեան եւ արժեւորում է այն։

Մեր չորրորդ ռեսուրսը ֆինանսական կարողութիւնն է։ Հայաստանը աչքի է ընկնում բարձր մակրօ-տնտեսական կայունութեամբ, մեր բանկերը, թէեւ բացարձակ իմաստով փոքր են, բայց առկայ տնտեսութեան համեմատ բաւարար կապիտալիզացւած են, իսկ արտերկրում առկայ է զգալի հայկական ֆինանսական կապիտալ, որը բարենպաստ պայմաններում արագ ներհոսում է երկիր եւ խթանում տնտեսական աճը։

Մեր հինգերորդ ռեսուրսը մեր տարածքն է՝ թէեւ այն ֆիզիկապէս սահմանափակ է, նրա զգալի մասը ունի կեանքի եւ զբօսաշրջութեան համար բարենպաստ պայմաններ, տրանզիտային միջանցքներ, եւ քաղցրահամ ջրի ու վերականգնւող էներգիայի զգալի պաշարներ։

Վերջապէս, մենք ունենք զգալի կառավարչական եւ պրոֆեսիոնալ ներուժ, Հայաստանից դուրս մեր հայրենակիցները լուրջ յաջողութեան են հասնում այս ոլորտներում, եւ երկրի ներսում էլ պրոֆեսիոնալ ծառայութիւնների ոլորտը արագ զարգացում է ապրում, մասամբ նաեւ օգտւելով հեռավար աշխատանքի ընդլայնւած հնարաւորութիւններից։

Այս ամէնը, թերեւս, գաղտնիք չէ, եւ բնական հարց է առաջանում՝ ինչպէս այն օգտագործել, որպէսզի կարողանանք կարգով աւելի մեծ արդիւնք ստանալ, եւ այս ռեսուրսների հաշւին մի կերպ «եօլա գնալու» փոխարէն, դառնանք իսկապէս հզօր եւ զարգացած պետութիւն։ Իրական գաղտնիքը նրանում է, թէ ինչպէս ենք օգտւում բացւող գլոբալ հնարաւորութիւններից եւ այդ ռեսուրսները նորովի օգտագործում՝ հասնելով նրանց միջեւ սիներգետիկ արդիւնքի։

 

Ինչպէս ռեսուրսները վերածել մրցակցային արժէքի

Որպէսզի վերը ասւածը պարզաբանենք, ուսումնասիրենք կոնկրետ մի օրինակ։ Այսօրւայ Հայաստանում մենք ունենք բանակ, որը կռւում է հիմնականում նախորդ դարի սպառազինութեամբ եւ ռազմական տեխնոլոգիայով, ունենք բարձր տեխնոլոգիական ընկերութիւններ, որոնք աշխատում են արտաքին պատւիրատուների համար, եւ ունենք ֆինանսական կապիտալ, որը շրջանառւում է տարբեր առեւտրային գործառնութիւններում, երկրի համար իրական մրցակցային արժէք չստեղծելով։ Այժմ պատկերացնենք մի վիճակ, երբ ֆինանսական կապիտալի մի մասը վերակողմնորոշւում է՝ ֆինանսաւորելու ռազմարդիւնաբերական նորաստեղծ ընկերութիւններին, բանակը վերակողմնորոշւում է Ռուսաստանից եւ այլ երկրներից թանկարժէք սպառազինութիւն գնելու փոխարէն՝ երկրի ներսում իր կոնկրետ կարիքներին համապատասխանող լուծումներ պատւիրելու վրայ, իսկ բարձր տեխնոլոգիական ընկերութիւնների մի մասն էլ վերակողմնորոշւում է բանակի կարիքները սպասարկելու վրայ։ Աւելացնենք բարձրակարգ կառավարիչներին, որոնք ընդունակ են այդ երեքին ի մի բերելու եւ նրանց միջեւ ընթացող բարդ պրոցեսները կառավարելու։ Եթէ սա յաջողւի, ապա բանակը մի քանի տարում էապէս կարող է արդիականացնել իր կարողութիւնները եւ մարտավարութիւնը, բարձր տեխնոլոգիական ընկերութիւնները կը ստեղծեն արժէքաւոր լուծումներ, որոնք պահանջարկւած են ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանի այլ երկրներում, իսկ ֆինանսական կապիտալը կը բազմապատկի իր կողմից ներդրած միջոցները, քանի որ այս ընկերութիւնները լուրջ շուկայական արժէք կը ներկայացնեն։ Պետութիւնը, իր հերթին, էապէս կաւելացնի իր անվտանգային կարողութիւնները, քանի որ ոչ միայն կաճի բանակի մարտական ներուժը, այլեւ ռազմարդիւնաբերական արտադրանքը կարեւոր խաղաթուղթ կը դառնայ՝ նոր դաշնակիցներ ձեռք բերելու եւ եղածների հետ յարաբերութիւնները ամրապնդելու գործում։ Որպէս դրա առաւել յաջողւած օրինակ, կարելի է ուսումնասիրել Իսրայէլի (Պաղեստինի տարածքները օկուպացրած Սիոնիստական ռեժիմի, ԽՄԲ.) փորձը, որտեղ բանակի, բարձր տեխնոլոգիական ոլորտի եւ ֆինանսական կապիտալի միջեւ սերտ համագործակցութեան եւ պետութեան հետեւողական առաջնորդութեան արդիւնքում այս ոչ մեծ երկիրը կարողացել է դառնալ աշխարհի 5 խոշորագոյն սպառազինութիւն արտահանողներից մէկը (ցաւօք, զինելով նաեւ մեր թշնամիներին), յընթացս արմատապէս բարելաւելով իր անվտանգային միջավայրը։

Ուշադիր ընթերցողն այստեղ կը կանգնեցնի ինձ, եւ հարց կը տայ՝ եթէ այս ամէնն այդքան պարզ է, ապա ինչ՞ու չի արւել մինչեւ հիմա, եւ ՞ինչ երաշխիք, որ հիմա կը յաջողի։ Նախ, չեմ պնդում, որ սա պարզ է՝ ընդհակառակը, բարդ է եւ ուժերի մեծ լարում եւ ժամանակ է պահանջում։ Երկրորդը, անցեալում չի արւել, որովհետեւ դրա ոչ քաղաքական կամքն է եղել, ոչ էլ այն բարենպաստ նախադրեալները, որոնք առաջացել են այսօր գլոբալ եւ ներքին փոփոխութիւնների հետեւանքով։ Օրինակ, առնւազն մինչեւ 2020 թ․ Արցախեան պատերազմը, մեր բանակի ղեկավարութիւնը լուրջ չէր վերաբերւում հայկական սպառազինութեանը եւ նախընտրում էր ռուսականը, հայկական ֆինանսական կապիտալը ռազմարդիւնաբերութիւնը եւս չէր դիտարկում որպէս ներդրումների օբիեկտ, իսկ ռազմարդիւնաբերական ընկերութիւնների մեծ մասը փոքր էին, թերֆինանսաւորւած, եւ ընդունակ չէին լուրջ առաջարկ անել բանակին։ Ընդամէնը երկու տարի անց, մեր բանակը ժամանակակից սպառազինութեան եւ տեխնոլոգիական լուծումների սուր կարիք է զգում, ռուսական սպառազինութիւնը շուկայից բացակայում է, հայկական ֆինանսական կապիտալը պատերազմից յետոյ սկսել է զգոյշ քայլերով մտնել ոլորտ, որում եւ առաջացել են մի քանի առաջատար ընկերութիւններ՝ արդիւնքում ձեւաւորւել են ոլորտի զարգացման այնպիսի նախադրեալներ, որոնք բացակայում էին դեռեւս երկու տարի առաջ։ Պետութիւնն այս ամէնում առայժմ չնչին դեր ունի, սակայն երկարաժամկէտ հեռանկարում հաշւարկւած պետական միջամտութիւնը կարող է էական դեր խաղալ, թոյլ տալով զարգացնել սեփական կոմպոնենտային բազան եւ յարակից ճիւղերը, խթանել գիտա-կրթական միջավայրը, կայուն պատւէրներ ապահովել, եւ արդիւնքում դարձնել ռազմաարդիւնաբերութիւնը այն յաւելեալ ուժային գործօններից մէկը, որը կամրապնդի մեր դերը տարածաշրջանում։

Համանման տրամաբանութեամբ, կարելի է մի քանի այլ կարեւոր սիներգետիկ եռանկիւնիներ գծել՝ օրինակ՝ պատմամշակույթային ժառանգութեան, բնակլիմայական ռեսուրսների, եւ ֆինանսական կապիտալի միջեւ, եւ արդիւնքում ստանալ գրաւիչ կեանքի միջավայր, որը ձգողականութիւն է ստեղծում ոչ միայն զբօսաշրջիկների, այլեւ մշտական բնակութեան տեղափոխւողների համար, եւ դրանով դարձնում է երկիրը ոչ միայն աւելի բարեկեցիկ, այլեւ աւելի անվտանգ, քանի որ արտերկրից մարդկանց եւ կապիտալի հոսքերը ճիշտ կառավարման դէպքում անվտանգութեան լրացուցիչ գրաւական են դառնում։ Դրա վառ օրինակն է Կոստա-Ռիկան, որը Կենտրոնական Ամերիկայի պայթունավտանգ եւ աղքատ տարածաշրջանում խաղաղութեան եւ բարեկեցության «կղզի» է, եւ դարձել է այնտեղից մարդկանց եւ կապիտալի ներհոսքի կայուն հանգրւան (վերջին 30 տարիներին երկրի բնակչութիւնը 3 մլն-ից հասել է 5 մլն-ի, հիմնականում ներգաղթի հաշւին)։

Մինչեւ 2022 թ․ ուկրայինական պատերազմը, Հայաստանը բնաւ չէր դիտարկւում որպէս «գրաւիչ» հանգրւան օտարերկրացիների համար։ Սակայն այս ողբերգական իրադարձութիւնը անսպասելիօրէն բերեց նրան, որ մի քանի տասնեակ հազար օտարերկրացիներ, հիմնականում Ռուսաստանից, նախընտրեցին անցած տարի Հայաստան տեղափոխւել։ Պարզւեց, որ այն ունի մի շարք օբիեկտիւ առաւելութիւններ՝ անշարժ գոյքի շուկան բաւական տարողունակ է եւ մատչելի, բանկային համակարգը ճկուն է, նոր ընկերութիւններ գրանցել եւ գործարկելը բարդ չի, իսկ կեանքի միջավայրը բաւական գրաւիչ է, մանաւանդ ռուսալեզու մարդկանց համար, որոնք լեզւական եւ մշակութային իմաստով մեծ խոչընդոտների այստեղ չեն բախւում։ Այս ամէնը ստացւել է ինչ-որ չափով ինքնաբերաբար, բայց եթէ փորձենք առկայ իրողութիւնները պրոյեկտել դէպի ապագայ, ապա հնարաւոր է համակարգւած կերպով այնպէս զարգացնել կեանքի եւ բիզնես միջավայրը, որ այն դառնայ գրաւիչ ոչ միայն պատերազմի պայմաններում, այլեւ ցանկացած ժամանակ, եւ ոչ միայն ռուսալեզու անձանց, այլեւ եւրոպացիների, հնդիկների, իրանցիների համար։ Հեռանակարում կարելի է հասնել նրան, որ մեր երկրում մշտապէս բնակւեն տասնեակ հազարաւոր օտարերկրացիներ, հիմնականում գործարար ոլորտի ներկայացուցիչներ, այստեղ պահեն եւ այստեղից կառավարեն իրենց կապիտալը, ստեղծեն աշխատատեղեր եւ նոր տնտեսական հնարաւորութիւններ։ Դրան կարող է վերադրւել նաեւ հայկական կապիտալը, որը կարող է աշխատել աշխարհի ցանկացած կէտում, բայց կառավարւել Հայաստանից, քանի որ նրա բանկային համակարգն աւելի ճկուն է եւ առաջադէմ, մասնագիտական աշխատուժը՝ կրթւած եւ դինամիկ, տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է բարդ խնդիրներ լուծել, իսկ ազատական միջավայրը յաւելեալ առաւելութիւններ է ընձեռնում գործունէութեան համար։ Եթե սրան յաւելենք մի կողմից Արեւմուտքի, իսկ միւս կողմից Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ ծառայութիւնների, տեխնոլոգիաների եւ կապիտալի տարանցիկ հանգրւան դառնալու հնարաւորութիւնը, ապա պատկերն ամբողջանում է եւ դառնում բաւական իրատեսական, թէեւ այն նիւթականացնելը եւս վիթխարի ջանքեր եւ տարիների աշխատանք կը պահանջի։

 

ԱմփոփումԻնչ իրական առաքելութիւն մենք կարող ենք ստանձնել

Այս տրամաբանութեամբ, եթէ փորձենք այժմ համադրել հիմնական գլոբալ գործընթացները եւ Հայաստանի առկայ ռեսուրսները, ապա առաջին մօտաւորութեամբ, հետեւեալ տեսանելի հնարաւորութիւններն են բացւում Հայաստանի առջեւ՝ առաջիկայ տասնամեակում տարածաշրջանում առաջատար դերակատարութիւն ստանձնելու տեսակէտից․

- Բարձր տեխնոլոգիական ծառայութիւնների կենտրոն, մասնագիտացած ֆինանսական եւ պրոֆեսիոնալ ոլորտների համար արհեստական բանականութեամբ լուծումների մշակման եւ մասշտաբայնացման վրայ,

- Բարձր տեխնոլոգիական ռազմարդիւնաբերութեան եւ ռազմական գործի կենտրոն, մասնագիտացած արհեստական բանականութեան մարտական կիրառման եւ արդի մարտադաշտի կառավարման համակարգային լուծումների վրայ,

- Եւրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ մասամբ նաեւ Չինաստանի միջեւ տեղի ունեցող տարանցիկ ֆինանսական, տեխնոլոգիական եւ հումանիտար հոսքերի կառավարման հանգոյց, կեանքի եւ բիզնեսի ժամանակակից ենթակառուցւածքով,

- Կանաչ էներգետիկայի վրայ հիմնւած, էկոլոգիապէս մաքուր կենսամիջավայրով երկիր, ներառեալ սնունդը, ջուրը եւ օդը, անվտանգ ու գրաւիչ հայ եւ օտարերկրեայ զբօսաշրջիկների, վերադարձող տարեցների, ինչպէս նաեւ գործարարների համար,

- Գիտա-մշակույթային կենտրոն, որն օրգանապէս սինթեզում է մեր հոգեւոր եւ մշակույթային ժառանգութիւնը ժամանակից մշակոյթի եւ հումանիտար գիտութեան հետ, հանդիսանում է տարածաշրջանի թարգմանչական եւ արւեստների կենտրոն։

Եթէ այս ցուցակը թերի է թւում, կարող էք նոր տարբերակներ աւելացնել, յիշելով սակայն, որ այստեղ գտնւելը յաւակնութիւնների բարձր նշաձող է ենթադրում՝ ոչ թէ պարզապէս գործունէութիւն, այլ իրական գերազանցութիւն, ոչ թէ անհատական յաջողութիւն, այլ համակարգային։ Եթէ, սակայն մենք յաջողութեան հասնենք վերը նշւած հինգ ուղղութիւններից գոնէ երեքում, դա էապէս կը փոխի մեր երկրի հեռանկարը, տալով նրան յստակ առաքելութիւն, Հայաստանում ապրելու եւ արարելու կայուն մոտիւացիա, եւ անվտանգութեան յաւելեալ երաշխիքներ։ Ուստի առաջիկայ տարիների գերխնդիրն է լինելու՝ ոչ թէ պարզապէս յաջողութեան հասնել անհատական դաշտում, այլ մոբիլիզացնել ուժերը եւ համագործակցել համախոհների հետ՝ համակարգային յաջողութեան հասնելու, տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս լուրջ դերակատար դառնալու, եւ մեր արդիւնքը մասշտաբայնացնելու նպատակով։

Ուշադիր ընթերցող, եթէ հասել է այս վերջաբանին, արդարացի հարց կը տայ՝ իսկ ինչպէ՞ս ապահովել մեր երկրի անվտանգութիւնը, մինչեւ այդ լուսաւոր ապագային հասնելը։ Այս հարցի պատասխանը բնաւ միարժէք չէ, եւ համանման խորքային քննարկում է պահանջում։ Խոստանում եմ ձեզ ներկայացնել դրա շուրջ իմ պատկերացումները յաջորդ յօդւածում՝ չյաւակնելով միանշանակ լուծման, սակայն համոզւած լինելով, որ ունենալով ապագայի յստակ տեսլական եւ գիտակցած առաքելութիւն, մենք այդ լուծումը եւս կը գտենք։

Աւետիք Չալաբեանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Mediamax.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։