ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Դեկտեմբերի 29-ին Թուքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուն յայտարարեց․
«Ադրբեջանի հետ մեր համագործակցութիւնը գտնւում է ամենաբարձր մակարդակում, որը կարող է ընդհանրապէս լինել երկու երկրների միջեւ։ Մենք շարունակում են Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը՝ կապ պահպանելով Ադրբեջանի հետ»։
Այս յայտարարութիւններին Հայաստանից պաշտօնական որեւէ հակադարձում չեղաւ։
Ոչ ԱԳՆ-ն, ո՛չ յատուկ բանագնացը, ո՛չ էլ անգամ մինչեւ հիմա երաժշտական միջոցառումներին դիջէյութիւն անող ՀՀ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահը, կամ ազգային ուժերի գործողութիւնները Հանրայինի եթերում պարբերաբար մեկնաբանող յատուկ յանձնարարութիւններով դեսպանը չարձագանգեցին յայտարարութեանը։
Մէկը չգտնւեց, որ թուրք «կառուցողական» գործընկերոջը գոնէ շատ կառուցողական ձեւով ասի, որ նման յայտարարութիւնները անընդունելի են եւ վնասում են իրենց իսկ նախաձեռնած կարգաւորման գործընթացքին, որտեղ իրենք տարանջատել են Հայաստանը եւ Արցախը ու թշնամու հարւածներն ամենաշատն իր վրայ կրած Արցախին մենակ են թողել Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմաց։
Այս համատեքստում երէկ յայտարարւեց, որ Հայաստանը եւ Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ կիրականացնեն։ Հայաստանի ԱԳՆ-ից միայն յոյս յայտնեցին, որ միւս պայմանաւորւածութիւնները եւս կը կատարւեն։
Այսինքն այն պայմաններում, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ պատանդ է պահում 120,000 Հայաստանի քաղաքացիների, ու չի էլ թաքցնում այդ փաստը, Հայաստանը ներկայացնողները որոշել են ոչ միայն չդադարեցնել բացառապէս Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը, այլեւ այն առաջ տանել ամբողջ թափով։
Քանի հայերը խառն են՝ ինչ մնացել է, արագ անենք աւարտենք սկզբունքով։
Ի՞նչ կանէր սրա փոխարէն ցանկացած ազգային իշխանութիւն։
Անգամ որեւէ պայմանաւորւածութեան առկայութեան դէպքում` այս պայմաններում այդ պայմանաւորւածութեան իրագործման նախապայման կը դնէր միջանցքի անյապաղ բացման պահանջը։
Ադրբեջանից դէպի Նախիջեւան իրականացւող թռիչքների արգելքի, Ստեփանակերտի օդանաւակայանի գործարկման պահանջի, «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքի առաջ քաշման, Արցախի ինքնորոշման իրաւունքի հիմքերի ամրապնդման ուղղւած քայլերի մասին անգամ չեմ էլ խօսում»։