28-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մէջ է գտնւում ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, որոնք, ըստ տարբեր հասարակական կազմակերպութիւնների եւ լրատվամիջոցների անցկացրած ուսումնասիրութիւնների եւ հրապարակումների, իրականում ադրբեջանական եւ թուրքական յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչներ են:
168.am-ի հետ զրոյցում «Սիսական» ջոկատի կամաւորական, նկարիչ Աշոտ Աւագեանն ասաց, որ Արցախի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւնից որեւէ ակնկալիք չունի։
«alikonline.ir» - 28-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մէջ է գտնւում ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, որոնք, ըստ տարբեր հասարակական կազմակերպութիւնների եւ լրատվամիջոցների անցկացրած ուսումնասիրութիւնների եւ հրապարակումների, իրականում ադրբեջանական եւ թուրքական յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչներ են:
168.am-ի հետ զրոյցում «Սիսական» ջոկատի կամաւորական, նկարիչ Աշոտ Աւագեանն ասաց, որ Արցախի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւնից որեւէ ակնկալիք չունի։
«Երբ ադրբեջանցիներն Արցախում գազը կտրեցին, այդ ժամանակւանից ես գիտէի, որ նման մի բան լինելու է, չգիտէի՝ երբ, բայց հաստատ գիտէի, որ այս օրը գալու է։ Այն ժամանակւանից մշտապէս մտածում էի՝ եթէ փակեն ճանապարհը, ի՞նչ է լինելու։ Մտածել եմ, որ՝ լաւ, գէոպոլիտիկա գոյութիւն ունի, որից ես գլուխ չեմ հանում, որովհետեւ տեղեկատւութիւնը քիչ է, բայց մտածում եմ, որ հայրենիքի համար պայքարող տեսակն այս հասարակութեան մէջ էլի կայ ու պէտք է պայքարի։ Որքան էլ քարոզչութիւնը գնացել է, որ մենք թոյլ ենք եւ այլն, բայց մենք պէտք է կրկնենք 1992 թւականի մայիսի 18-ը, այլ տարբերակ չեմ տեսնում։ Ես հրամանատարիս հետ չեմ խօսել, բայց պատրաստ ենք գնալ, թէպէտ երկուսիս առողջական վիճակն այն չէ։ Հայաստանի կողմից 1992 թւականին մեր ջոկատն է մտել Բերձոր, մինչեւ հասանք՝ արցախցիներն արդէն այնտեղ էին»,- յիշեցրեց Աշոտ Աւագեանը։
Ըստ նրա, Բերձորն ազատագրելիս չեն էլ մտածել, որ երբեւէ այն կը յանձնեն։
«1993 թւականի կէսերից, երբ արդէն ազատագրել էինք Կովսականը, Քարվաճառը, շատ պատասխանատու մարդկանցից, ընդհուպ՝ մինչեւ Վազգէն Սարգսեանից հետաքրքրւեցի, թէ մենք մինչեւ ուր ենք գնալու, պատասխանեց՝ որքան հնարաւոր է, այնքան պէտք է հող ազատագրենք, որ յետոյ «բազարների» ժամանակ որքան մեզ պէտք է՝ պահենք։ Որեւէ մէկի մտքով չէր անցնում, որ Բերձորն այդպէս պէտք է յանձնեն»,- շեշտեց Աշոտ Աւագեանը։
Կամաւորականը սեփական փորձից ելնելով՝ զուգահեռներ է անցկացնում ու բաղդատում 1992, 2016, այնուհետեւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակ հասարակութեան պահւածքը ու յանգում եզրակացութեան, որ գրեթէ նոյնն էր, ինչ այսօր, միշտ էլ հասարակութեան մի մասն է մտածել ու մասնակցել հայրենիքի համար մղւող պատերազմին։
«Այստեղ ոչ թէ հասարակութեան անտարբերութեան մասին է խօսքը, այլ նրա, թէ ինչպէս հասանք այս օրւան, թէպէտ հէնց սրանք եկան իշխանութեան, հասարակութեանը դարձրեցին անինքնասէր, արժանապատւութիւնից զուրկ։ Սեպտեմբերին, երբ Սիսիանը ռմբակոծում էին, մարդիկ գնացին, երբ ամէն ինչ աւարտւեց, նրանք վերադարձան ու ապրեցին այնպէս, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել եւ այդպէս էլ պէտք է լինէր։ Այդ ընթացքում մեզ մօտ աւագանու ընտրութիւններ էին, երբ գնացի մարդաշատ վայր, որտեղ «թամաշայի» մասնագէտներն էին, դէ, ժողովրդի մի մասսա կայ, որ այդպիսին է, երբ ինձ տեսան, ասացին՝ այնքան կռռացիր, մինչեւ թուրքը յարձակւեց։ Այդ ամբողջ ընտրապայքարի ժամանակ ես ասում էի՝ մենք ունենք թիւ մէկ խնդիր, ջուր քաշել, ասֆալտ անել խնդիրը չէ, առաջնայինը անվտանգութեան ապահովումն է։
Դաշնակները մշտապէս ասում են՝ մահ կամ ազատութիւն, սա է։ Վիրաւոր վարազ տեսե՞լ էք, ու առհասարակ, երբ կենդանուն վիրաւորում ես, սկսում է յարձակւել, հիմա մեր վիճակը սա է, կա՛մ այս կողմ պիտի լինենք, կա՛մ այն։ Նոյնիսկ մարդ երբ փողոցում կռւում է ու հարւած հասցնում, մարդիկ գալիս կանգնում են այդ հարւածողի կողքին։ Մեր փողոցում էլ էր այդպէս, ինչքան էլ թոյլ լինես, հարւածներին պէտք է պատասխանես, որ կողքիդ մարդիկ կանգնեն»,- եզրափակեց Աշոտ Աւագեանը։
Յիշեցնենք, որ Բերձորն ազատագրւել է 1992 թւականի մայիսի 18-ին։
Իսկ 2022 թւականի դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, բնապահպանական պատճառաբանութիւններով փակել է Արցախն աշխարհին կապող կեանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչութեան կենսական շահերն ու իրաւունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիւանդանոցում կան հիւանդներ, որոնց պէտք է տեղափոխեն Երեւան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետեւանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդութեամբ ու նրանց մեքենաների ուղեկցութեամբ հիւանդներից մէկը, որը 4 ամսական երեխայ էր՝ տեղափոխւել է Երեւան, Երեւան է տեղափոխւել եւս մի քանի հիւանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողութեան արդիւնքում հիւանդներից մէկը, ցաւօք, մահացել է:
Զւարթ Խաչատրեան