Հա

Քաղաքական

10/01/2023 - 12:40

«Այս ճգնաժամը բարձր մակարդակի տարածաշրջանային խաղի է վերածւել». Արմէն Պետրոսեան

Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանն այս պահին ապաշրջափակման հանգուցալուծման եղանակներն ու հեռանկարները խիստ անորոշ է համարում: 

«alikonline.ir» - Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանն այս պահին ապաշրջափակման հանգուցալուծման եղանակներն ու հեռանկարները խիստ անորոշ է համարում: 

«Ակնյայտ է՝ այս ճգնաժամը, որը ստեղծւել է ադրբեջանական կողմից, արդէն բարձր մակարդակի տարածաշրջանային խաղի է վերածւել՝ մի կողմից, եւ միւս կողմից՝ նաեւ յատկապէս Ադրբեջանի պարագայում՝ ներքին հակահայկական օրակարգի սպառման հարցի: Սա է պատճառը, որ դրա հանգուցալուծման հնարաւորութիւններն աւելի ու աւելի են բարդանում: Դրան նպաստող յաւելեալ իրողութիւն է նաեւ միջազգային՝ ՌԴ եւ արեւմտեան շահագրգիռ դերակատարների ոչ պատշաճ դիրքորոշումներն ու արձագանգները, որոնք աւելի են խթանում ճգնաժամը»,- 168.am-ի հետ զրոյցում մանրամասնեց փորձագէտը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանի՝ մարդասիրական օդային միջանցքի հնարաւորութեան մասին առաջարկին՝ Արմէն Պետրոսեանը նկատեց, որ հարցն ունի քաղաքական համատեքստ եւ առաւելապէս ուղղւած է Արցախի սուբիեկտայնութեան ընդգծմանը:

Նա թէեւ նկատեց, որ մարդասիրական օդային միջանցքով աջակցութիւն ցուցաբերելու պրակտիկ հնարաւորութիւնները քիչ են, սակայն փոխարէնը մատնանշեց այլ՝ առաւել դիւրին մեխանիզմներ. «Դա ցամաքային ճանապարհով նոյն միջազգային կառոյցների դրօշի ներքոյ աջակցութիւնների տրամադրումն է: Դրա բազմաթիւ օրինակները կան տարբեր միջազգային հակամարտութիւնների հետ կապւած, օրինակ, սիրիական հակամարտութեան շրջանակներում նման իրավիճակներում յայտնւած բնակավայրերում ՄԱԿ-ը, սովորաբար, աւտոշարասիւների միջոցով էր ուղարկում անհրաժեշտ պարենամթերք, քանի որ այնտեղ էլ դարձեալ օդային ճանապարհները խիստ վտանգաւոր էին»:

Փորձագէտը յիշեցրեց նաեւ, որ օդային ճանապարհով որեւէ աջակցութեան ցուցաբերումը հնարաւոր է միայն պաշտօնական Բաքւի համաձայնութեան պարագայում, իսկ ցամաքային ճանապարհով այդ աջակցութեան ցուցաբերման դէպքում՝ հասցէատէրը ռուս խաղաղապահներն են:

Հարցին, թէ ստեղծւած իրավիճակում վտանգաւոր չէ՞ արդեօք ծայրայեղական կոչերով հակառուսական տրամադրութիւնների գեներացումը, մեր զրուցակիցը արձագանգեց. «Հակառուսական տրմադրութիւնները վերջին շրջանում ընդհանրապէս հայութեան շրջանում աճել են, ինչը պայմանաւորւած է յատկապէս Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ կապւած ռուսական դիրքորոշման հետ, ինչից էլ օգտւում են տարբեր դերակատարներ եւ փորձում են օգտագործել իրավիճակը՝ իրենց շահերն առաջ մղելու, բայց նախօրէին տեղի ունեցած միջոցառումն էլ ցոյց տւեց, որ նման ծայրայեղական մօտեցումները լայն աջակցութիւն չունեն (այսինքն՝ ինչ-որ սահմանափակ խմբի շրջանում են դրանք ընկալելի):

Բայց, այնուամենայնիւ, այն, որ կան հակառուսական տրամադրութիւններ եւ աճի դինամիկա են արձանագրում, փաստ է եւ նաեւ օբիեկտիւ է: Իհարկէ, դրան էլ նպաստում են ինչպէս ՀՀ ներսում, այնպէս էլ՝ ՀՀ-ից դուրս տարբեր շրջանակների գործողութիւնները, որոնց համար պարզապէս պարարտ հող է ՌԴ քաղաքականութիւնն Արցախի եւ ՀՀ-ի հետ կապւած խնդիրներում»:

Արմէն Պետրոսեանը այս միտումը համարեց նաեւ վտանգաւոր՝ նկատելով, որ հնարաւոր չէ ճշգրիտ հաշւարկել, թէ այդ միտումները չէզոքացնելուն միտւած ինչպիսի գործողութիւնների կը դիմի Ռուսաստանը: Ըստ նրա՝ այդ հակազդեցութեան հնարաւորութիւնը մեծ է՝ պայմանաւորւած ՀՀ-ՌԴ յարաբերութիւններում բաւականաչափ մեծ փոխկապակցւածութեամբ:

 

Զարուհի Դիլանեան 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։