Սննդամթերքը բնակչութեանը համաչափ բաշխելու նպատակով Արցախի Հանրապետութեան Օպերատիւ շտաբի եւ Բնակարանային հարցերի կոմիտէի կողմից մշակւում է յատուկ կարգ վաճառքի եւ ձեռքբերման համար:
«alikonline.ir» - Սննդամթերքը բնակչութեանը համաչափ բաշխելու նպատակով Արցախի Հանրապետութեան Օպերատիւ շտաբի եւ Բնակարանային հարցերի կոմիտէի կողմից մշակւում է յատուկ կարգ վաճառքի եւ ձեռքբերման համար:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտէի նախագահ Արմէն Մանգասարեանը։
«Նպատակն է ունեցած սննդամթերքի պաշարը համաչափ, հաւասարաչափ բաշխելը։ Քանի որ շուկայում արդէն նկատվում են հերթեր, մարդիկ իրենց համար նախատեսւած պաշարից աւելի շատ են ձեռք բերում, այդ իսկ պատճառով այդ կարգը մշակւում է, եւ արդէն յունւարի 20-ից քաղաքացիները խանութներից կարող են ձեռք բերել հինգ ապրանքատեսակ բացառապէս յատուկ կտրոնների միջոցով՝ մակարոնեղէն, հնդկաձավար, բրինձ, շաքարաւազ եւ ձէթ։ Կտրոնները թղթից են՝ լամինացւած։ Դրանք լինելու են երկու տեսակի։ Ամսական մէկ լիտր ձեթի համար կը լինի կտրոն, որը նախատեսւած է մէկ շնչի համար անկախ տարիքից: Մնացած չորս ապրանքատեսականին շնչի համար նախատեսւած է մէկ կիլոգրամ, բայց տրամադրւելու է քաղաքացիներին կէս կիլոգրամներով։ Այսինքն՝ քաղաքացին մօտենալու է եւ ստանայ երկու կտրոն, որոնց վրայ յստակ ամսաթիւ է լինելու նշած։ Օրինակ առաջին կէս կիլոգրամը կարող է օգտագործել յունւարի 20-ից մինչեւ փետրւարի 5-ը, երկրորդ կտրոնով արդէն փետրւարի 6-ից մինչեւ փետրւարի 20-ը, որպէսզի քաղաքացիներն այդ պաշարը խանութներից միանգամից ձեռք չբերեն»,- մանրամասնել է Ա. Մանգասարեանը։
Նրա խօսքով՝ այսօրւանից արդէն սկսել են համայնքներում փաստացի բնակւող բնակիչների ցուցակագրումը։ Ցանկը էլեկտրոնային տարբերակով տրամադրւում է շրջվարչակազմերին, որոնք էլ հաւաքագրում են եւ ուղարկում Բնակարանային հարցերի կոմիտէին։
«Գործընթացի իրականացման համար յատուկ էլեկտրոնային ծրագիր է մշակւում, որը մօտ օրերս պատրաստ կը լինի։ Համայնքներից հաւաքագրւած տեղեկութիւնները կը մուտքագրենք այդ համակարգ, որից յետոյ Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում կը բացւեն յատուկ կէտեր։ Մայրաքաղաքում կը լինի շուրջ 20 կէտ, շրջկենտրոններում՝ 2-ական։ Քաղաքացիներն իրենց անձնագրերով կամ ընտանիքի մէկ անդամը միւսների անձնագրերով (ոչ պատճէններով) կը մոտենայ սպասարկման կէտ, կը տրամադրի օպերատորին, որի կողմից տւեալները մուտքագրելուց յետոյ ստացական է տպւելու, որտեղ յստակ նշւած է լինելու այն անձանց անունները, ում համար տւեալ քաղաքացին մօտեցել է՝ ստանալու կտրոնները եւ ապրանքատեսակներն իրենց քանակով»,- ասել է Ա. Մանգասարեանը։