Ռուբէն Վարդանեանը ՔՊ-ական չէ, Փաշինեանի նկարն էլ չի կախում իր գլխավերեւում: Ադրբեջանն արդէն 29 օր է՝ Արցախում ապրող մեր 120 հազարից աւելի հայրենակցի պահում է շրջափակման մէջ, իսկ Հայաստանի իշխանութիւնը աշխարհաքաղաքական կենտրոնների վրայ մուննաթ գալուց կամ որոշներից էլ մուրալուց զատ՝ որեւէ գործնական քայլ չի անում՝ մեր հայրենակիցների փրկութեան համար։ 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը՝ շեշտելով.
«alikonline.ir» - Ռուբէն Վարդանեանը ՔՊ-ական չէ, Փաշինեանի նկարն էլ չի կախում իր գլխավերեւում: Ադրբեջանն արդէն 29 օր է՝ Արցախում ապրող մեր 120 հազարից աւելի հայրենակցի պահում է շրջափակման մէջ, իսկ Հայաստանի իշխանութիւնը աշխարհաքաղաքական կենտրոնների վրայ մուննաթ գալուց կամ որոշներից էլ մուրալուց զատ՝ որեւէ գործնական քայլ չի անում՝ մեր հայրենակիցների փրկութեան համար։ 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը՝ շեշտելով.
«Աւելին՝ ցոյց են տալիս, որ բաժանւել են, եւ, ինչպէս ասում են, ալիմենտ են տալիս, եւ այդքանով՝ վերջ։ Եթէ Ամանորի ուղերձում իշխանութեան ղեկավարը մի քանի անգամ ասում է՝ 29.800, դա նշանակում է, որ յայտարարում է՝ գործ չունեմ Արցախի հետ, թէեւ, ես չէի, որ մի քանի տարի առաջ գոռում էր, թէ Արցախը Հայաստան է, եւ վերջ»,- ասաց Կարէն Քոչարեանը՝ հայկական երկու պետութիւնների համար ստեղծւած այս ծանրագոյն իրավիճակում առաջնահերթ համարելով ընդդիմութեան լրջացումը։
«Ընդդիմութիւնը հիմա պէտք է լրջանայ. ունի անելիք։ Այո՛, փորձեր արել են մինչեւ հիմա ինչ-որ բան անելու, բայց, եթէ չի ստացւել խորհրդարանում, պէտք է փորձել կա՛մ հիբրիդային տարբերակով մի բան փոխել, կա՛մ՝ Ազգային ժողով + փողոց տարբերակով, կա՛մ միայն փողոցով։ Այս հարցում շատ լուրջ պէտք է լինի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դերակատարումը. եկեղեցու, որը պետականութեան բացակայութեան ժամանակ ստանձնել է պետութեան գործառոյթը, իսկ այսօր մենք եւս նման իրավիճակում ենք՝ դէ իւրէ պետականութիւն կայ, դէ ֆակտօ՝ ոչ»,- ասաց Կարէն Քոչարեանը։
Նրա փոխանցմամբ՝ յստակ անելիք ունի նաեւ Արցախի իշխանութիւնը, որի ներկայացուցիչներից մէկի՝ Ռուբէն Վարդանեանի նկատմամբ՝ ինչպէս հայաստանեան որոշ, այդ թւում՝ իշխանական, այնպէս էլ՝ ադրբեջանական շրջանակներում կայ ընդգծւած բացասական վերաբերմունք, ինչը, ըստ Քոչարեանի, ունի իր պատճառները։
«Ռուբէն Վարդանեանը ՔՊ-ական չի, իսկ ով այդպիսին չի եւ ՔՊ-ական նախարարների եւ փոխնախարարների նման Նիկոլ Փաշինեանի նկարը չի կախում գլխավերեւում եւ աստւածացնում, նրան փորձ են անում ոչնչացնել։ Ադրբեջանական կողմը եւս ունի նման ցանկութիւն՝ Վարդանեանին համարելով ռուսական պրոյեկտ։ Իրականում խնդիրն այն է, որ Ռուբէն Վարդանեանից ՔՊ-ն վտանգ է տեսնում, որովհետեւ Վարդանեանի հասցէին չեն կարող ասել՝ նախկին։ Իւրաքանչիւր նոր գործիչ, որը չի ասոցացւում նախկին բառի հետ, նախկինում Հայաստանում պաշտօն եւ լծակ չի ունեցել, Փաշինեանի իշխանութեան համար ամենամեծ վտանգն է, քանզի այս իշխանութեան միակ յաղթաթուղթը՝ «նախկինը», սկսում է չաշխատել»,- ասաց Քոչարեանը։
Աղաւնի Սուքիասեան