«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը գրում է.
«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը գրում է.
«Երէկ միաժամանակ տրւող ասուլիսներից Ալիեւի ասածները մեզ համար նւազ վտանգաւոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցւել են պաշտօնական Երեւանի՝ խիստ վտանգաւոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգութեան տանող տեսակէտները։
Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հօ՞տ ենք, թէ՞ հասարակութիւն, մենք արժանապատւութիւն ունե՞նք, թէ՞ ոչ, պետութիւնը պահո՞ւմ ենք, թէ՝ ոչ։ Հանրային բոլոր դէմքերն այս հարցին պէտք է անհատապէս պատասխանեն։ Թաքնւելու լիմիտը սպառւել է։
Պետութիւնը եւ պետութեան ղեկավարի երէկւայ ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպէտք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետութիւնը։ Սա պէտք է հասցնել իւրաքանչիւր քաղաքացու։ Սա ընտրութիւն է, որին պէտք է մասնակցենք։
Առաջին անհրաժեշտ քայլերն են.
1. Ընդդիմադիր խմբակցութիւնների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցութեամբ։ Պէտք է պատասխանել Ալիեւ-Փաշինեան զոյգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձեւակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգաւոր մօտեցումները։ Փակ, նեղ կազմով եւ այլ ձեւաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամէն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարեւանները եւ հակառակորդը պէտք է տեսնեն, որ Երեւանում (եւ բնութեան մէջ) կայ այլ, հակառակ տեսակէտ, իրավիճակի դէէսկալացիայի շուրջ կան նաեւ այլ մօտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետութեան համար կենսական կարեւորութեան է։ Իշխանութեան տեսակէտին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակէտ՝ աշխարհի համար, կարող է ձեւակերպել միայն տիտղոսային ընդդիմութիւնը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամաւորների եւ առաջնորդների անհատական եւ միասնական յստակ դիրքորոշումը, գործողութիւնների ծրագիրը։
2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանութիւնն ասում է՝ ձեր անվտանգութիւնը չեմ կարողանում երաշխաւորել։ Հետեւաբար՝ այն այլեւս իրաւունք չունի լինել իշխանութիւն։ Հանրային բոլոր շերտերը պէտք է ներգրաււեն նոր իշխանութեան ձեւաւորման պահանջի պրոցեսին. սա պէտք է դառնայ Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որեւէ դէմք այլեւս չպէտք է խուսափի, այլեւս թաքնւելու հնարաւորութիւն չի կարող լինել։
3. Երէկւայ ասուլիսով, ըստ էութեան, չեղարկւել են վերջին խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, որովհետեւ երէկ ասւել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նոյն անձը՝ ժողովրդից քւէ խնդրելու ժամանակ՝ ընտրութիւններից առաջ։ Հետեւաբար՝ կան բոլոր բարոյական եւ տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանութեան հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգւածի ներգրաւման համար։ Եւ կայ հրամայական՝ անհատապէս ճշտելու ՔՊ պատգամաւորներից իւրաքանչիւրի տեսակէտը։
Ալիեւն ու Նիկոլը երէկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետութեան համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երէկւանից յետոյ Հայաստանում կայ քաղաքական մէկ օրակարգ՝ նոր իշխանութեան ձեւաւորում։ Ամբողջ օդը պէտք է էլեկտրականացւի այս գաղափարով։ Մնացածը յանցակցութիւն է»։