Հա

Քաղաքական

15/01/2023 - 13:00

«Արցախի իշխանութիւններին ու քաղաքական վերնախաւին խելամտութեան կոչ եմ անում». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն ուզում էր հրաժարական տալ։ Անկեղծ էր ուզում։ Բայց իրավիճակի նրբութիւնը հասկացող մարդիկ բացատրեցին Արայիկին, որ այդ քայլը կարող է մահացու լինել Արցախի պետականութեան համար եւ զոռով պահեցին նրան նախագահի պաշտօնում։ Կարծում եմ՝ ճիշտ արեցին։ Ես ինքս էլ վստահ էի, որ յետպատերազմեան շրջանում Արցախում նոր ընտրութիւններ հնարաւոր չէր լինի կազմակերպել։

Արցախում հիմա էլ են խօսում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների անհրաժեշտութեան մասին։ Պատկերացնո՞ւմ էք։ Ճանապարհը փակ է, հումանիտար աղէտ է, մարդիկ կանգնում, ասում են՝ եկէք արտահերթ ընտրութիւններ անցկացնենք։ Մի քանի ապուշ էլ շտապում են յայտարարել, որ իրենք մասնակցելու են այդ ընտրութիւններին ու յաւակնելու Արցախի նախագահի պաշտօնին։ Սա նոյնիսկ աբսուրդ չէ։ Սա տգիտութեան ու նաեւ դաւաճանութեան շքերթ է։

Նման մօտեցումներով Արցախի իշխանութիւնները կործանելու են հայկական երկրորդ պետականութիւնը։ Եթէ նրանց յոյսն այն է, որ դրա դիմաց կարժանանան Նիկոլի եւ Ալիեւի գովասանքին ու երախտագիտութեանը, ապա չարաչար սխալւում են։ Չհաշւարկւած կամ գիտակցւած սխալ քայլերի «վարձքը» սերունդների անեծքն է լինելու։ Ուզում եմ՝ Արցախում սա բոլորը լաւ գիտակցեն։

Սա ինչ վերաբերւում է արտահերթ ընտրութիւններին, իսկ իրականում՝ Արցախի պետականութեան վերջին մնացորդները կործանելու գաղափարին։ Հիմա անցնենք Ռուբէն Վարդանեանի թեմային։ Այս առնչութեամբ երկու հարց ունեմ։ Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է կայացւել նրան պետնախարար նշանակելու որոշումը։ Եւ երկրորդը՝ միթէ՞ Արցախի ամենամեծ խնդիրը հիմա Ռուբէն Վարդանեանն է։

Վարդանեանին պետնախարար նշանակելու առիթով յօդւած էի գրել ու նաեւ նշել, որ խոշորացոյցով հետեւելու եմ այդ պաշտօնում նրա բոլոր քայլերին։ Հետեւել եմ։ Չհաշւած օրեր առաջ իր արած յայտնի live-ը, որտեղ նա բացայայտել է Արցախը որոշ չափով սնուցող գաղտնի ուղիների առկայութիւնը՝ մնացած առումներով որեւէ լուրջ խնդիր իր գործունէութեան մէջ չեմ նկատել։ Ճիշտ հակառակը՝ նոյնիսկ իր ընդդիմախօսներն էին ինձ հետ մասնաւոր զրոյցներում փաստում, որ մարդն Ադրբեջանի հանդէպ անզիջում դիրքորոշում է որդեգրել, ամբողջ օրը զբաղւում է Արցախում առկայ ռեսուրսների հնարաւորինս արդիւնաւէտ կառավարմամբ ու արդար բաշխմամբ, գործով տարւած՝ յաճախ գիշերում է իր աշխատասենեակում եւ այլն, եւ այլն։ Եւ ուրեմն, ինչո՞ւմն է խնդիրը։

Ոմանք ասում են՝ «Անգլիայի շպիոն է»։ Որոշները՝ Ռուսաստանի։ Իսկ ես ասում եմ, որ Վարդանեանը դարձաւ այն լակմուսի թուղթը, որը բացայայտեց հայկական քաղաքական դաշտի ներքին ողջ կեղտը։ Վստահ եմ՝ սոցիալական ցանցերում այս պահին ընթացող «քննարկումներից» շատերը կը հասկանան, թէ ինչու ենք մինչ օրս գտնւում այսպիսի ողբալի իրավիճակում…

Արցախի իշխանութիւններին ու քաղաքական վերնախաւին խելամտութեան կոչ եմ անում։ Մի կողմ թողէ՛ք դատարկ այս վէճերը եւ գործով զբաղւէք։ Թեւ թիկունք եղէք եւ լուծումներ գտէք։ Կենտրոնացէք բացառապէս Արցախի կարիքների եւ ոչ թէ Նիկոլի, Իլհամի ու չգիտես, թէ է՛լ որ գրողուցաւի պահանջների վրայ։ Նորից եմ կրկնում՝ սա ձեր հարցը չէ։ Սա Արցախի լինել-չլինելու հարցն է։ Ուշքի եկէք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։