Հա

Քաղաքական

15/01/2023 - 12:40

«Արցախը եւս մէկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում». Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Արցախում ստեղծւած քաղաքական ճգնաժամը փորձենք դիտարկել ընտրական գործընթացների տեսանկիւնից։

Պայմանականօրէն ընդունենք, որ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը զբաղեցրած պաշտօնից, իր կամքին հակառակ, հեռացնում է պետնախարար Ռուբէն Վարդանեանին, ապա ինչպէս ինքն է պնդում՝ հրաժարական տալիս։ Ցրւում է նաեւ խորհրդարանը։

2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ Արցախում այլ բնոյթի ճգնաժամ էր եւ առաջին հերթին նախագահի հրաժարականի պահանջ կար, քննարկւում էր նոր իրողութիւնների պայմաններում խորհրդարանի վերաձեւաւորելու հարցը, խոչընդոտող հիմնական հանգամանքն Ադրբեջանն էր, որի սպառնալիքի պայմաններում այդպէս էլ նոր ընտրութիւն չնշանակւեց։

Ընդ որում՝ ե՛ւ նախագահի հրաժարականի պահանջ կար, ե՛ւ ինքը՝ Յարութիւնեանը նման ցանկութիւն ունէր, սակայն ներքին եւ արտաքին երաշխիքների բացակայութեան պայմաններում այդպէս էլ ընտրութիւն չեղաւ։

Հիմա։ Ո՞ր դէպքում կամ ինչ հանգամանքներ կարող են բարենպաստ դաշտ ստեղծել նոր ընտրութիւնների անցկացման համար այն դէպքում, երբ 1-2 ամիս առաջ, անհրաժեշտ երաշխիքների դիֆիցիտի պատճառով նոյնիսկ առաւել անշառ համարւող սահմանադրական հանրաքւէի գործընթացը կանգնեցւեց։

Առաջին, Ադրբեջանը տւել է երաշխիք, որ ընտրութիւնների գործընթացին չի խոչընդոտի, այսինքն՝ խոշոր սադրանքի կամ ռազմական գործողութեան չի գնայ։

Արցախի ու Ադրբեջանի ծայրայեղ լարւած յարաբերութիւնների ֆոնին նման երաշխիքը կամ բացակայում է կամ դա ունի իր ծանր գինը։ Առհասարակ Ադրբեջանի հետ գործարքի մտնելն արդէն տապալում է։

Երկրորդ, Արայիկ Յարութիւնեանը ՀՀ իշխանութեան ճնշմամբ, իր ու Ռուբէն Վարդանեանի լարւած յարաբերութիւնների լիցքաթափման միակ հնարաւորութիւն տեսնում է նոր նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը՝ անկախ նրանից, թէ դա ինչ հնարաւոր հետեւանքների կը յանգեցնի Արցախում։

Եթէ տեսականօրէն առաջիկայ շաբաթ Արցախում Յարութիւնեանը հրաժարական տայ, խորհրդարանը ցրւի, ապա սա առաջին հերթին պետական կառավարման համակարգի գլխատում կը դիտւի 2 պատճառով։

Առաջին, Ադրբեջանի յարուցած խոշոր քաղաքական ու դրանից բխող հումանիտար ճգնաժամի պայմաններում երկիրն «անգլուխ» թողնելն ինքնին ծանր սպառնալիք է։

Երկրորդ, եթէ նոյնիսկ Ադրբեջանի հետ գործարքի են գնացել, սակայն իր վարքագծի համաձայն Ադրբեջանը խախտի պայմանաւորւածութիւնը, ապա Արցախի առանց այդ էլ խախուդ սուբիեկտայնութիւնը կը վախճանւի։

Այս վիճակը բխում է ՀՀ իշխանութեան՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետեւ կը հեշտացնի Արցախի յանձնումը։

Ընդ որում՝ նիկոլական ռեժիմը այս խնդիրը փորձում է լուծել հէնց արցախցիների ձեռքերով, որպէսզի յետոյ ասի՝ ես ինչ անեմ, արցախցիներն իրենց ձեռքով իրենց գերեզմանաքարը դրին։

Սա բնականաբար բխում է Ադրբեջանի առաջնային շահից եւ սրան հասնելու համար Ադրբեջանը պատրաստ կը լինի ե՛ւ միջանցքը ժամանակաւոր բացել, ե՛ւ այլ կարճաժամկէտ բնոյթի «խրախուսանքներ» մատուցել։

Այնպէս որ, Արցախը եւս մէկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում՝ մինչեւ այս պահը կուտակած ծանր ռիսկերը չյաղթահարած, սակայն սա կարող է լինել վերջին հնարաւորութիւնը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։