Հա

Քաղաքական

17/01/2023 - 13:45

Այծի պարը կամրջին է բռնում

Հաւանաբար, Արցախում «ներքաղաքական» դաշտում յարաբերութիւններ պարզելու համար աւելի անյաջող ժամանակ դժւար կը լինի գտնել, քան այսօրւայ իրավիճակն է: 120 հազար մարդ կեանքի եւ մահու կռիւ է մղում, սոցիալական, կենցաղային խնդիրները գնալով ահագնանում են, եւ այս վիճակում Արցախի վերնախաւի մի մասը կարծես թէ որոշել էր, որ հէնց հիմա՛ է ներքաղաքական կրքերը բորբոքելու ժամանակը: Եթէ այդ գործընթացը շարունակւէր, ապա պատմութեան մէջ սա, թերեւս, եզակի դէպք կը լինէր, երբ պաշարւած տարածքում մարդիկ պայքարում էին իշխանութեան համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Հաւանաբար, Արցախում «ներքաղաքական» դաշտում յարաբերութիւններ պարզելու համար աւելի անյաջող ժամանակ դժւար կը լինի գտնել, քան այսօրւայ իրավիճակն է: 120 հազար մարդ կեանքի եւ մահու կռիւ է մղում, սոցիալական, կենցաղային խնդիրները գնալով ահագնանում են, եւ այս վիճակում Արցախի վերնախաւի մի մասը կարծես թէ որոշել էր, որ հէնց հիմա՛ է ներքաղաքական կրքերը բորբոքելու ժամանակը: Եթէ այդ գործընթացը շարունակւէր, ապա պատմութեան մէջ սա, թերեւս, եզակի դէպք կը լինէր, երբ պաշարւած տարածքում մարդիկ պայքարում էին իշխանութեան համար: Թերեւս, նման բան կարելի է հանդիպել Շեքսպիրի «Տրոիլուսը եւ Կրեսիդան» տրագիկոմեդիայում, երբ շրջափակւած Տրոյայում ամենանեղ պահին արթնանում են մարդկանց ամբիցիաները: Կամ՝ աւելի պարզ, ժողովրդական լեզւով ասած, այծի պարը կամրջին է բռնում:

Այնուամենայնիւ, յիշեցնեմ, թէ ինչպէս էին զարգանում իրադարձութիւնները: Շաբաթ օրն առաւօտեան Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը, իսկ այնուհետեւ՝ մի շարք այլ քաղաքական գործիչներ յայտարարեցին արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների հնարաւորութեան մասին: Ինձ թոյլ կը տամ ենթադրելու, որ այդ գաղափարը նրանց յուշել են Երեւանից: Ապա մի շարք լրատւամիջոցներ գրեցին, որ Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը պաշտօնանկ է արւելու: Յիշեցնեմ, որ Վարդանեանի ներկայութիւնն Արցախում գրգռում է Ադրբեջանի ղեկավարութեանը, ինչի մասին բազմիցս խօսել են այդ երկրի նախագահը եւ արտգործնախարարը՝ նշելով որ նա խանգարում է Հայաստանի եւ Արցախի «ռեինտեգրացիային»: Հայաստանում նոյնպէս իշխանութեան պաշտօնական եւ ոչ պաշտօնական քարոզիչները, ինչպէս նաեւ մի շարք ընդդիմադիր խմբեր, թիրախաւորել են Ռուբէն Վարդանեանին՝ յաճախ նաեւ դաւադրապաշտական ֆանտաստիկ առասպելներ յօրինելով:

Բայց այս պարագայում, կարծում եմ, պէտք է մտածել ոչ թէ անձերի, այլ Արցախի շահերի մասին: Եւ, ի պատիւ Արցախի ղեկավարների, ողջախոհութիւնը, յամենայնդէպս այս պահին, յաղթել է: Ինձ թւում է, որ կրքերը վերջնականապէս հանդարտեցնելու նպատակով նախագահ Արայիկ Յարութիւնեանը պէտք է յայտարարի, որ հրաժարական չի տայ եւ արմատական կադրային փոփոխութիւններ եւ արտահերթ ընտրութիւններ չի նախատեսում:

Մի հարց, այնուամենայնիւ, պէտք է ճշտւի: Արդեօք Արցախի իշխանութիւնների նպատա՞կն է գործադրել եւ ամրացնել ինքնուրոյն կառավարման վարչական համակարգը: Թէ՞ նպատակը Ադրբեջանի հետ «ռեինտեգրացիան» է, ինչպէս որ դա ցանկանում է Ադրբեջանի իշխանութիւնը: Երկրորդ ճանապարհն, իմ կարծիքով, 100 տոկոսով տանում է Արցախի հայաթափման: Եթէ ընտրւում է ինքնիշխանութիւնը՝ ապա Արցախը հայկական պահելու շանս դեռեւս կայ:

 

«Առաւօտ»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։