Հա

Քաղաքական

17/01/2023 - 14:40

«Չի կարող հաստատւել երկարաժամկէտ խաղաղութիւն Բաքւի ցեղասպան քաղաքականութեան արդիւնքների հիման վրայ». Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Բաքւում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Արցախի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Բաքւում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցութեամբ:

Յայտարարութիւնում ասւում է.

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւի հայ բնակչութեան՝ 33 տարի առաջ իրագործւած զանգւածային ջարդերի անմեղ զոհերի յիշատակը։ Բացառիկ դաժանութեամբ կատարւած սպանութիւնները, կողոպուտները, բռնութիւններն ու վայրագութիւնները շարունակւել են մէկ շաբաթ՝ 1990 թւականի յունւարի 13-ից մինչեւ 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկւել են կազմակերպւած տեղահանման։ Տարբեր աղբիւրների համաձայն՝ այս անմարդկային յանցագործութեան հետեւանքով սպանւել է 150-300 մարդ։

Բաքւի ջարդերը, 1988 թւականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մէկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան հերթական հրէշաւոր փուլին։ Այդ քաղաքականութեան դրսեւորումներն էին զանգւածային ջարդերն ու սպանութիւնները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչութեան համատարած ու կազմակերպւած տեղահանութիւնը, 1991 թւականին Արցախի սահմանամերձ գիւղերի տեղահանման «Կոլցօ» («Օղակ») գործողութիւնը, 1991-1994 թւականներին, 2016 թւականի ապրիլին եւ 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետութեան դէմ ագրեսիւ պատերազմների վարումը, որոնք ուղեկցւում էին ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւններով։ Այդ յանցաւոր գործողութիւնների հետեւանքով հազարաւոր մարդիկ սպանւեցին, հարիւր հազարաւորները դարձան էթնիկ զտումների զոհ։

Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականութեան բաղկացուցիչ մասը դարձաւ հայատեացութեան լայնածաւալ եւ հետեւողական քարոզչութիւնը, որն ուղեկցւում էր հայերի ապամարդկայնացմամբ եւ ռազմական յանցագործութիւնների ու էթնիկ անհանդուրժողականութեան հողի վրայ կատարւող յանցագործութիւնների խրախուսմամբ: Մասնագիտացւած միջազգային կազմակերպութիւնները մշտապէս արձանագրում էին Ադրբեջանում հայատեացութեան ծայրայեղ դրսեւորումներ։

Ցաւօք, դրանց վերացման ուղղութեամբ արդիւնաւէտ քայլեր չեն ձեռնարկւել։ Արդիւնքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձեւաւորւել մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացման եւ դրանց արդարացման համար։

Ինչպէս Բաքւի ջարդերի, այնպէս էլ նախորդ ու յաջորդած զանգւածային յանցագործութիւնների անպատժելիութիւնը յանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչութեան շրջափակումը եւ հումանիտար աղէտի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։

Տարածաշրջանում չի կարող հաստատւել երկարաժամկէտ խաղաղութիւն Բաքւի ցեղասպան քաղաքականութեան արդիւնքների հիման վրայ։ Այն պէտք է վճռականօրէն դատապարտւի եւ մերժւի միջազգային հանրութեան կողմից, եւ դրա առաջին քայլը պէտք է լինի Արցախի՝ մէկ ամսից աւելի շարունակւող շրջափակման անյապաղ դադարեցումը»։

 

Յարակից լուրեր

  • «Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականութիւնը». Արցախի ԱԳՆ
    «Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականութիւնը». Արցախի ԱԳՆ

    Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ 

  • Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը
    Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

    Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրւակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    Խստօրէն դատապարտում ենք Քննչական կոմիտէի կողմից ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 2-րդ մասի յատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնւած քրէական վարոյթի շրջանակներում Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում խուզարկութիւնների, ձերբակալութիւնների եւ հարցաքննութիւնների վերաբերեալ տարածած հաղորդագրութեան մէջ տեղ գտած առերեւոյթ կեղծ տեղեկութիւնների եւ օրէնքի խախտումների վերաբերեալ, որոնք եւս մէկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրութեան ուշադրութիւնը օրւայ քաղաքական իշխանութիւնների հայրենադաւ ծրագրերից, կասեցնել դրանց դէմ պայքարող անձանց եւ ուժերին:

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    Հայաստանի օրւայ իշխանութիւնն իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու եւ դրանց դէմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակութեան շղարշով քողարկելով իր հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

  • «Ակնկալում ենք ՌԴ-ի յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղւած այս կոպտագոյն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն». ՀՀ ԱԳՆ
    «Ակնկալում ենք ՌԴ-ի յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղւած այս կոպտագոյն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն». ՀՀ ԱԳՆ

    ՀՀ ԱԳ նախարարութիւնը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադէմ մարդկութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին, որ աւելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտօրէն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրված ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կեանքի ճանապարհը։ Արդէն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականութիւնը:

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։