Արցախի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Բաքւում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցութեամբ:
«alikonline.ir» - Արցախի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Բաքւում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցութեամբ:
Յայտարարութիւնում ասւում է.
«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւի հայ բնակչութեան՝ 33 տարի առաջ իրագործւած զանգւածային ջարդերի անմեղ զոհերի յիշատակը։ Բացառիկ դաժանութեամբ կատարւած սպանութիւնները, կողոպուտները, բռնութիւններն ու վայրագութիւնները շարունակւել են մէկ շաբաթ՝ 1990 թւականի յունւարի 13-ից մինչեւ 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկւել են կազմակերպւած տեղահանման։ Տարբեր աղբիւրների համաձայն՝ այս անմարդկային յանցագործութեան հետեւանքով սպանւել է 150-300 մարդ։
Բաքւի ջարդերը, 1988 թւականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մէկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան հերթական հրէշաւոր փուլին։ Այդ քաղաքականութեան դրսեւորումներն էին զանգւածային ջարդերն ու սպանութիւնները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչութեան համատարած ու կազմակերպւած տեղահանութիւնը, 1991 թւականին Արցախի սահմանամերձ գիւղերի տեղահանման «Կոլցօ» («Օղակ») գործողութիւնը, 1991-1994 թւականներին, 2016 թւականի ապրիլին եւ 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետութեան դէմ ագրեսիւ պատերազմների վարումը, որոնք ուղեկցւում էին ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրագործւած պատերազմական յանցագործութիւններով։ Այդ յանցաւոր գործողութիւնների հետեւանքով հազարաւոր մարդիկ սպանւեցին, հարիւր հազարաւորները դարձան էթնիկ զտումների զոհ։
Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականութեան բաղկացուցիչ մասը դարձաւ հայատեացութեան լայնածաւալ եւ հետեւողական քարոզչութիւնը, որն ուղեկցւում էր հայերի ապամարդկայնացմամբ եւ ռազմական յանցագործութիւնների ու էթնիկ անհանդուրժողականութեան հողի վրայ կատարւող յանցագործութիւնների խրախուսմամբ: Մասնագիտացւած միջազգային կազմակերպութիւնները մշտապէս արձանագրում էին Ադրբեջանում հայատեացութեան ծայրայեղ դրսեւորումներ։
Ցաւօք, դրանց վերացման ուղղութեամբ արդիւնաւէտ քայլեր չեն ձեռնարկւել։ Արդիւնքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձեւաւորւել մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացման եւ դրանց արդարացման համար։
Ինչպէս Բաքւի ջարդերի, այնպէս էլ նախորդ ու յաջորդած զանգւածային յանցագործութիւնների անպատժելիութիւնը յանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչութեան շրջափակումը եւ հումանիտար աղէտի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։
Տարածաշրջանում չի կարող հաստատւել երկարաժամկէտ խաղաղութիւն Բաքւի ցեղասպան քաղաքականութեան արդիւնքների հիման վրայ։ Այն պէտք է վճռականօրէն դատապարտւի եւ մերժւի միջազգային հանրութեան կողմից, եւ դրա առաջին քայլը պէտք է լինի Արցախի՝ մէկ ամսից աւելի շարունակւող շրջափակման անյապաղ դադարեցումը»։