Ժողովրդավարութեան, սիրոյ, արդարութեան եւ օրէնքի երկիր ստեղծելու քաղաքական մեծամասնութեան փուչիկներն օճառի պղպջակի արագութեամբ պայթեցին: Այս մասին Ազգային Ժողովում յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ , ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«alikonline.ir»- Ժողովրդավարութեան, սիրոյ, արդարութեան եւ օրէնքի երկիր ստեղծելու քաղաքական մեծամասնութեան փուչիկներն օճառի պղպջակի արագութեամբ պայթեցին: Այս մասին Ազգային Ժողովում յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ , ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
««Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական եւ խմբային երեւոյթները. բուհերի ուսանողները չպէտք է վիզ ծռեն կուսակցութիւնների առաջ, բոլոր բուհերը պէտք է ապաքաղաքականցւեն, ռեկտորները կուսակցական պատկանելիութիւն չպէտք է ունենան, որեւէ կուսակցական չպէտք է բուհ կառավարի»:
Սրանք մինչեւ 2018-ի փաշինեանական յայտարարութիւններն են: Իսկ իրականութիւնը բոլորովին այլ է՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչութեան անդամ Սուրէն Պապիկեանն է, Պոլիտեխնիկինը՝ Տիգրան Աւինեանը, Բրիւսովում մինչեւ վերջերս փոխվարչապետ Հ. Մաթէոսեանն էր: Բայց, ուշադրութիւն. «նրանք գնացել են այնտեղ, ոչ թէ ՔՊ-ացնելու, այլ գնացել են, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից», ասում է ՔՊ առաջնորդը: Իհարկէ, Մոլիերն ու Պարոնեանը կը նախանձէին մտքի այսպիսի սլացքին, բայց սա գրականութիւն չէ, սա մեր ամենօրեայ կեանքն է՝ ստի ու երեսպաշտութեան մէջ թաղւած իրականութիւնը»,- ասաց պատգամաւորը:
ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ բնական է, որ այս շղթայից չպիտի վրիպեր Բրիւսովը․
«Հակառակ ընտրութեանը նախորդած ռեպրեսիւ գործիքներին, դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քւէարկութեամբ Բրիւսովի ռեկտորի պաշտօնում ընտրւեց իշխանութեան անցանկալի թեկնածուն: Նիստն անցել է սահմանւած կարգով՝ քւէարկութեան արդիւնքները ստորագրել եւ հաստատել են հաշւիչ յանձնաժողովի բոլոր անդամները՝ ներառեալ նախագահող, ՀՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասեանը: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթէոսեանը մինչեւ օրս չի ստորագրում արձանագրութիւնը, իսկ կառավարութիւնը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտւել Կարինէ Յարութիւնեանի՝ ռեկտորի պաշտօնում ընտրւելու օրինական փաստի հետ: Դեկտեմբերի 30-ին հանկարծ միահամուռ հրաժարական են ներկայացնում հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչները»,- ասաց նա։
Պատգամաւորը յիշեցրեց, որ «Բրիւսով» ձախողւած օպերացիան թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, Վ․ Դումանեանի եւ փոխվարչապետ Հ․ Մաթէոսեանի վրայ. ընտրութիւնից անմիջապէս յետոյ, նրանք աշխատանքից ազատւեցին։ Ժանրի կանոններով, նախաձեռնւել է երկու քրէական վարոյթ, այսպէս կոչւած կեղծիքների եւ խուլիգանութեան դէպքի առթիւ։
«Ես առանձնապէս զարմացած չեմ. որովհետեւ թաւշով իշխանութեան եկած, բայց իրականում ռեպրեսիւ գործիքակազմով սեփական իշխանութիւնը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կը նախանձէին։ Կարելի է այլախոհին մահւան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել անորոշութեան, ապագայ չունենալու, թուրքից ցեղասպանւելու հեռանկարով…
Կարեւորը սեփական իշխանութիւնը պահելն է ամէն գնով, երկրում խորացող բռնատիրութեամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանական մահակի ու դատախազութեան մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելութիւնից կուրացած մի անհասանալի խառնարան ստանալով»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա հարց ուղղեց՝ պետութեան զաւթումն էլ ինչպէ՞ս է լինում․․․այսպէս՝ քայլ առ քայ, վրէժխնդիր ու ճղճիմ, պետական մտածողութիւնը թաղելով…Իսկ արդէն տեաւկան ժամանակ Հայաստանի 180քառ կմ տարածք զաւթել է թշնամին, իսկ Արցախն արդէն 37 օր շրջափակման մէջ է։