Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ, վերլուծաբան Շահան Գանտահարեանն է։
«alikonline.ir»- Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ, վերլուծաբան Շահան Գանտահարեանն է։
– Հայաստանի իշխանութիւնը համարում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծւած իրավիճակի հարցում Ստեփանակերտն ու Բաքուն երկխօսելու ելքեր պէտք է գտնեն։ Այս առնչութեամբ Դուք ինչ հնարաւորութիւններ էք տեսնում, եթէ պաշտօնական Բաքուն չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ։
– Ստեփանակերտ-Բաքու երկխօսութեան ձեւաչափը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպէտք է վերաբերի։ Թուրք֊-ադրբեջանական դաշինքը տարիներ շարունակ հետապնդում էր Արցախ-Ադրբեջան հակամարտութիւնը վերածել Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան, ինչը եւ ստացւել էր որոշակի առումներով։ Հիմա պահը պէտք է լիարժէք օգտագործել՝ հակամարտութեան յարաբերակցային ձեւաչափի վերականգնման համար։
– Արձագանքելով ստեղծւած իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ խօսնակ Զախարովան ասել է, թէ իրենց անհանգստացնում է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների բացասական տենդենցները։ Ինչ է սա նշանակում. արդեօ՞ք իրավիճակը փակուղային է։ Եթէ ոչ, ինչպէս էք տեսնում ելքը։
– Զախարովայի այս յայտարարութեան կոնտեքստն այն է, որ շարունակում է հրամայական լինել ռուսական խաղաղապահ առաքելութեան անհրաժեշտութիւնը։ Նոյն կերպ յիշեցւում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելութեան՝ Արցախ տեղակայման համար անհրաժեշտ են հակամարտող կողմերի համաձայնութիւնը, եւ պարզ ասւում է, որ երկկողմանի համաձայնութիւն կայ միայն ռուսական խաղաղապահների ներկայութեան վերաբերեալ։
– Մարիա Զախարովան յայտարարում է, որ ՄԱԿ ԱԽ յայտարարութեան փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրութեան են մատնել Ռուսաստանի առաջարկները։ Այս յայտարարութիւնն արւում է այն ժամանակ, երբ Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը։ Այս երկու իրադարձութեան մէջ ի՞նչ կապ էք տեսնում։
– Կանխատեսելի էր, որ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի՝ Արցախին յատկացւած նիստից յայտարարութիւն չի բխի։ Աշխարհաքաղաքական մակարդակով միջնորդական հակամարտութիւն է գնում Արցախի ուղղութեամբ։ Երբ չկայ կոնսենսուս, պարզ է, որ չի լինի միջազգային ընտանիքի համար համաձայնեցւած դիրքորոշում կամ յայտարարութիւն։ Փարիզը յայտնւել է միջնորդական հակամարտութեան մէջ․ մի կողմից բրիւսէլեան ձեւաչափի վերականգնման, նաեւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելութիւններ ուղարկելու ուղղութիւններով։
– Ալիեւը բաց տեքստով միջազգային հանրութեան աչքի առաջ յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են ապրել այդ տարածքում, եթէ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, հակառակ դէպքում կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Միջազգային հանրութիւնը, բացի յայտարարութիւններն, է՞լ ինչ գործիքակազմով պէտք է զսպի Ադրբեջանին։
-Ալիեւը առաջին անգամ չէ, որ նման գաղափարներ է յայտնում։ Միջազգային ընտանիքի մօտ քարոզչաքաղաքական լայնածաւալ աշխատանքներ են պէտք՝ առաջադրելու «կարգավիճակ յանուն փրկութեան» կարգախօսը։ Խնդիրը վերաբերում է ցեղային զտման պետական գործողութիւնների կանխարգելմանը։ Բերձորի միջանցքի փակումը պարզապէս դա է հետապնդում․ մարդասիրական աղէտը ցեղային զտման առաջին քայլն է։ Միջազգային ընտանիքը, յայտարարութիւններից բացի, կարող է նաեւ մարդասիրական օժանդակութիւններ հասցնել, ընդ որում, Ստեփանակերտի օդակայանի գործարկումով։ Երկրորդ՝ որոշել սկսել նոր բանակցութիւններ Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով՝ առաջնային օրակարգ ունենալով միջանցքի վերաբացումը։ Այս հանգրւանին հասնելու համար երկու գործիքակազմերի օգտագործումը, կարծում եմ, օրւայ հրամայական են։