Հա

Քաղաքական

19/01/2023 - 10:46

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրւակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ եւ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԷՏԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրւակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:

Շարունակւող լիակատար շրջափակման եւ ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ յունւարի 17-ից նաեւ գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեանը կանգնեցնում են հումանիտար աղէտի եզրին։ Դրան գումարւել է նաեւ յունւարի 17-ի լոյս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցութեամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիւիստ»-ների ահաբեկչական գործողութիւնները, եւ այդ ամէնը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:

Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեան նկատմամբ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունակւող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթէ լուռ համաձայնութեամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայութեան կամքը եւ տասնեակ հազարաւոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաեւ ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտութիւնների կարգաւորմանն ուղղւած միջազգային կառոյցների եւ տարբեր երկրների ջանքերը։

2020թ. նեյեմբերի 9-ի յայտարարութեան կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը եւ Ռուսաստանի Դաշնութեանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու եւ հումանիտար աղէտը կանխելու համար:

Յորդորում ենք միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին յայտարարութիւններից եւ կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները:

Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները արժանապատւօրէն յաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայութեանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները եւ պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայութեան օրինական իրաւունքը։

 

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն

«Միասնական hայրենիք» խմբակցութիւն

«Արդարութիւն» խմբակցութիւն

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

ք․ Ստեփանակերտ

18․01․2023թ․

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։