Հա

Քաղաքական

21/01/2023 - 08:19

Արցախում եթէ նոյնիսկ գազատարի աշխատանքը վերականգնւի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, բնակչութեանը տրւող էլեկտրաէներգիայի ծաւալը նւազելու է. Աբրահամեան

 Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսեւորումներ է ստանում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir»- Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսեւորումներ է ստանում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Ադրբեջանի միջամտութեամբ, Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքի խափանումը գրեթէ անլուծելի խնդիրներ է առաջացրել։

Շատ խնդիրներ անլուծելի են, որովհետեւ մինչ այդ Ադրբեջանը վնասել էր ՀՀ-ից Արցախ մտնող միակ էլեկտրագիծը, իսկ Արցախի ներքին ռեսուրսները ողջ Արցախը շուրջօրեայ էլեկտրաէներգիայով ապահովելու հնարաւորութիւն չեն ապահովում։

Եթէ գազի առկայութեան պայմաններում, հովհարային անջատումները տեղի էին ունենում օրւայ ընթացքում 4 ժամ, ապա գազի բացակայութեան պայմաններում՝ բնակչութեանը տրւող էլեկտրաէներգիայի ծաւալը էական կրճատւելու է։

Եթէ նոյնիսկ գազատարի աշխատանքը վերականգնւի, իսկ էլեկտրագծինը՝ ոչ, այդ դէպքում եւս աստիճանաբար բնակչութեանը տրւող էլեկտրաէներգիայի ծաւալը նւազելու է, բայց ոչ այն դինամիկայով, ինչը նկատելի է գազի բացակայութեան դէպքում։

Դէ պատկերացրէք արցախցիների վիճակը՝ բնակարանների ջեռուցման անմարդկային վիճակից, շարժի հնարաւորութիւնների սահմանափակումից մինչեւ Արցախի տնտեսութեան գրեթէ կանգառ՝ իր հնարաւոր բոլոր ծանր հետեւանքներով։

Արցախում գազի, բենզինի, այլ վառելանիւթերի ճգնաժամի պատճառով մեքենաների, տարբեր միջոցների շարժը կանգնել է։

Չափազանց ծանր վիճակ է շտապ օգնութեան, հրշէջ ծառայութեան եւ այլ կարեւոր ծառայութիւնների համար։

Երբ այս ամենին էլ գումարում ենք սննդի, դեղորայքի ու միւս խնդիրները, աղէտալի վիճակն ամբողջական է դառնում։

Առկայ են մեծ թւով այլ խնդիրներ, որոնք որպէս հետեւանք առաջ են եկել, սակայն դրսից դրանք տեսանելի չեն՝ հազարաւոր աշխատատեղերի կրճատումից մինչեւ հոգեբանական լուրջ խնդիրներ։

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման այս խնդիրը կամ չի լուծւի կամ այն կը լուծւի ադրբեջանական նախապայմանների բաւարարման դէպքում։

Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռեւս չի հանգուցալուծւում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռեւս բաւարար արդիւնք չեն ապահովում»,- գրել է Աբրահամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։