Հա

Քաղաքական

21/01/2023 - 08:30

Մայր Աթոռում քննարկել են Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները եւ առաջիկայ անելիքները

Յունւարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ Մայր Աթոռի իրաւախորհրդատւական յանձնախմբի նիստը։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռից։

«alikonline.ir»- Յունւարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ Մայր Աթոռի իրաւախորհրդատւական յանձնախմբի նիստը։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռից։

Նիստին քննարկւեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացւող քայլերի, մասնաւորաբար՝ իրաւական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպէս նաեւ առաջիկայ անելիքների հետ կապւած հարցեր:

Զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով արցախահայութիւնը շարունակում է գտնւել հումանիտար աղէտալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանութիւններով ոտնահարւում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցութիւն ստանալու եւ կենսական միւս իրաւունքները:

Ներկայացւեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռի կողմից իրականացւած աշխատանքները, մասնաւորապէս անդրադարձ կատարւեց այն հանգամանքին, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յիշեալ հարցի վերաբերեալ մի շարք գրութիւններով դիմել էր Քոյր Եկեղեցիների պետերին եւ միջազգային կառոյցներին, որպէսզի իրենց աջակցութիւնը բերեն արցախահայութեանը: Նորին Սրբութիւնն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մէջ, կանգնած է լիակատար հումանիտար աղէտի առջեւ։ Ի պատասխան Նորին Սրբութեան կոչի, արձագանգներ են ստացւել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եւրոպական Եկեղեցիների Խորհրդի եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարների կողմից:

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչութեամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային եւ դիւանագիտական տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբութեան կողմից շրջաբերական գրութիւն է ուղղւել նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառոյցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծւած աղէտալի իրավիճակի խնդիրը բարձրացւի ու ներկայացւի պետական, միջազգային, դիւանագիտական ու մարդասիրական պատկան կառոյցների ու կազմակերպութիւնների առջեւ:

Զեկոյցի աւարտին ծաւալւեց մտքերի փոխանակում, ներկայացւեցին առաջարկներ, որոնք կեանքի կը կոչւեն առաջիկայում։ Առանձնայատուկ կերպով ընդգծւեց արցախահայերին սննդով եւ կենսական անհրաժեշտութեան պարագաներով ապահովելու կարեւորութիւնը:

Վերջում Նորին Սրբութիւնն, ամփոփելով խորհրդակցութեան արդիւնքները, համապատասխան յանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառոյցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարաւոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը յաղթահարելու եւ պաշտպանելու արցախահայութեան հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրաւունքը:

Խորհրդակցութեան աւարտին Վեհափառ Հայրապետն աղօթք հնչեցրեց աշխարհի խաղաղութեան եւ Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կեանքի եւ համայն հայ ժողովրդի բարօրութեան համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։