Հա

Քաղաքական

21/01/2023 - 13:48

«Ամենալաւ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմութեան մէջ սեւ գոյներով, անեծքով յիշւող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու». Ռուբէն Մելքոնեան

ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը «Փաստ»-ի հետ զրուցել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացւող քաղաքականութեան, Արցախի շրջափակման, երկրի առջեւ ծառացած սպառնալիքների ու դրանց հնարաւոր լուծումների մասին:

«alikonline.ir» - ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը «Փաստ»-ի հետ զրուցել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացւող քաղաքականութեան, Արցախի շրջափակման, երկրի առջեւ ծառացած սպառնալիքների ու դրանց հնարաւոր լուծումների մասին: Ռուբէն Մելքոնեանը «Փաստ»-ի հետ զրոյցում նախ նշել է, որ մեր դէմ մղւող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդէն որպէս մէկ ամբողջութիւն է հանդէս գալիս:

«Յատկապէս «Շուշիի հռչակագրից» յետոյ այդ երկու պետութիւնների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդէն դէ իւրէ ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցութիւնն Արցախի շրջափակմանը. ակնյայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացայայտ դրսեւորում է: Այսինքն, մենք պէտք է գիտակցենք, որ ե՛ւ 2020-ին, ե՛ւ հիմա մեր դէմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետութիւնը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականութիւն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբէութիւն է: Նաեւ ինքնախաբէութիւն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան եւ Ադրբեջանն են»,-ընդգծեց թուրքագէտը:

Ռուբէն Մելքոնեանը շեշտեց՝ այսօր պատերազմի շարունակութեանն ենք ականատես լինում: «Պատերազմները 21-րդ դարում փոխել են իրենց կերպը՝ պրոքսի պատերազմ, պոստմոդեռնիստական պատերազմ եւ այլ անւանումներ են ստացել: Այսօր, սակայն, մենք Հայաստանի դէմ տարւող դասական պատերազմական գործողութիւն ենք տեսնում, պարզապէս «բայրաքթարների» փոխարէն այս պահին մեր դէմ պատերազմում են «բնապահպանները» կամ էկոահաբեկիչները: Արդէն փաստերով է ամրագրւած, որ Լաչինի միջանցքը փակած ահաբեկիչներից շատերը թուրքական, ադրբեջանական յատուկ ծառայութիւնների, ուժային տարբեր կառոյցների աշխատակիցներ են, որոնք աչքի են ընկնում նաեւ ահաբեկչական գործունէութեամբ, սոցցանցերում ատելութեան, հակահայկական տարբեր նիւթերի տարածմամբ»,-ընդգծեց թուրքագէտը:
 
Անդրադառնալով այս փուլում Հայաստանի իշխանութիւնների՝ բաց տեքստերով փոխանցւող դիրքորոշումներին՝ Ռ. Մելքոնեանը նախ շեշտեց. «Առհասարակ մասնագէտների, քաղաքացիների շրջանում շատ յաճախ ներքին դիսկոմֆորտ, տարընկալում է առաջանում, երբ այս իշխանութիւններին ՀՀ իշխանութիւններ են անւանում, որովհետեւ նրանց քայլերը որեւիցէ կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այդ տարընկալումն առաջանում է, քանի որ այնքան վնաս, որքան հէնց այս իշխանութիւններն են բերել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններին, մեր երկրում երբեւէ իշխած որեւէ ուժ այդ վնասի անգամ տասը տոկոսը չի բերել: Ընդ որում, այդ վնասները հասցնում են բաւականին բաց տեքստով, բաւականին ինքնավստահ: Յետոյ այդ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ անիմաստ ինքնավստահութեամբ այդ մասին խօսում են ԱԺ ամբիոնից՝ իրենց քաղաքական գործիչների, դիւանագէտների տեղ դնելով: Բայց, ընդհանուր առմամբ, 2018-ից սկսւած այս ամբողջ մղձաւանջը Հայաստանի կործանման գործընթացն է»:
 
Ինչ վերաբերում է այս փուլում առաջ տարւող խօսոյթին, մասնաւորապէս Ստեփանակերտի եւ Բաքւի միջեւ երկխօսութեան միջազգային մեխանիզմ ստեղծելու առաջարկին, նա նկատեց. «Այստեղ երկու տարանջատում պէտք է անենք: Նախկինում եւս Հայաստանը պնդել է, որ Արցախը պէտք է բանակցային կողմ լինի, բայց դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը շատ ուժեղ էր դիւանագիտական դիրքերի առումով, Արցախն ու Արցախի բանակը որոշակի գործօն էին տարածաշրջանում: Հիմա, երբ այս իշխանութիւններն ասում են՝ «թող Արցախն ուղիղ խօսի Բաքւի հետ», ոչ թէ դիւանագիտական ինչ-որ քայլ է կամ մեր դիրքերի ամրապնդմանն ուղղւած ինչ-որ ջանք է, այլ ուղղակի խուսափողականութիւն: Սա ուղղակի իրենց տապալումը հերթական անգամ արձանագրող փաստ է: Բայց անգամ այդ փաստից յետոյ, միեւնոյնն է, քաղաքական աներեսութիւն դրսեւորելով՝ իրենք շարունակում են կառչած մնալ այն աթոռներին, որոնք միայն ու միայն վնաս են բերում երկրին: Հետեւաբար, իրենց վերոնշեալ այդ նոր խօսոյթը ապացոյցն է նրա, որ իրենք որպէս դիւանագէտ ու որպէս քաղաքական ուժ սպառւած են»:

Ռուբէն Մելքոնեանի խօսքով, այստեղ նաեւ անկեղծութեան լրջագոյն դեֆիցիտ կայ: «Երբ իրենք իշխանութեան էին տենչում, լաւ հասկանում էին, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներից ամենակարեւորն Արցախեան խնդիրն է: Երբ իրենք հասան իշխանութեան, սկսեցին պոպուլիստական վանկարկումներ անել՝ յայտարարելով, թէ «Արցախը Հայաստան է, ե՛ւ վերջ»: Գործընթացը տապալելուց յետոյ հիմա էլ հանդէս են գալիս Ստեփանակերտի ու Բաքւի միջեւ ուղիղ երկխօսութեան մեխանիզմ ստեղծելու առաջարկով:

Ի դէպ, այս իշխանութիւնները ՀՀ շահերը եւս չեն կարողանում ներկայացնել. նոյն Ադրբեջանը, բացայայտ արհամարհանք դրսեւորելով, անգամ այսպիսի իշխանութեան հետ չի ուզում մէկ սեղանի շուրջ հաւասարը հաւասարի հետ բանակցել: Եթէ դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի եւ միւսների յայտարարութիւնները, կը տեսնենք այդ բացայայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչւող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչւածի խնդիրն աւելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպէս որ, այս իշխանութիւնը ինքնախաբէութեան մէջ է, լիովին տապալւած է եւ չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանութիւնը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղութեան մէջ է ուժեղ: Մէկ էլ խիստ հայեացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելոյթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալւած են»,- յաւելեց թուրքագէտը: Ռուբէն Մելքոնեանի դիտարկմամբ, իշխանութիւնը շարունակում է նաեւ պարզունակ մանիպուլեացիաների դիմել, որի վառ դրսեւորումն այն յայտարարութիւնն էր, թէ «աշխարհում չկայ եւ չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպէս Ադրբեջանի մաս»։

«Փաշինեանի այդ յայտարարութիւնն ուղղւած է ներքին լսարանին, իրեն հաւատացող ինչ-որ զանգւածի: Սա պարզունակ, պրիմիտիւ քաղաքական աճպարարութիւն է, որն անում է Փաշինեանը՝ ձայնի տոնը տարբեր կերպ բարձրացնել - իջեցնելով: Բայց, ամէն դէպքում, մասնագիտական շրջանակներին որեւիցէ համոզիչ եզրայանգում չի կարողանում ներկայացնել, որովհետեւ նշւածն իրականութեան հետ առնչութիւն չունի: Ըստ այդ յայտարարութեան, նախկիններից, ռուսներից յետոյ հիմա էլ մեղաւոր է ամբողջ աշխարհը, որը Արցախը չի ճանաչում: Մենք, ընդհանուր առմամբ, պէտք է փաստենք, որ Հայաստանն արտաքին ու ներքին սպառնալիքի մէջ է: Եթէ մեր արտաքին թշնամիները յստակ են, ապա այս պահի իշխանութիւնները դէ ֆակտօ գործում են Հայաստանի շահերի դէմ: Մեծ հաշւով, Հայաստանը արտաքին ու ներքին թշնամիների կողմից աքցանի մէջ է յայտնւել: Հետեւաբար, յոյս դնել, որ այս իշխանութիւնները կը կարողանան ինչ-որ բան անել Հայաստանի համար, անհեթեթութիւն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Ռուբէն Մելքոնեանը ստեղծւած իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մէկի հիմքում այն գաղափարն է, որ պետականութիւնը գերակայ արժէք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պէտք է զրկւեն ընտրելու իրաւունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պէտք է իրացնի իր իրաւունքը՝ իշխանութիւնը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին: Այն խօսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիւանագէտներից, տարբեր պաշտօնեաներից, թէ «իրենց գործն են անում, քաղաքականացւած չեն», ինքնախաբէութիւն է: Պարոնա՛յք դիւանագէտներ, դուք ո՞ւմ իշխանութեան ներքոյ էք ձեր գործն անում: Այն իշխանութեան, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանութեան, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում յայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծւե՞լ է:

Նման պաշտօնեաները ոչ թէ պետականութեան, գաղափարին նւիրւած ծառայողներ, այլ երկչոտ, յարմարւողական կերպարներ են: Նոյնը վերաբերում է նաեւ ռեպրեսիաների հրամանները կատարողներին, այս իշխանութիւններին քծնող կեղծ մտաւորականներին: Երբեւէ իրենք իրենց հաշւետւութիւն տւե՞լ են, թէ ում եւ ինչին են ծառայում: Մեր հազարամեայ պատմութեան ընթացքում եղել են դրածոյ իշխանութիւններ, թագաւորներ, որոնք պատմութեան մէջ յիշւել են ոչ թէ որպէս Հայաստանի իշխանութիւններ, թագաւորներ, այլ ի վնաս երկրի գործող դրածոներ:

Այս իշխանութիւնները պատմութեան մէջ նոյնպէս այդ դրածոյ, երկրի շահերը չներկայացնող հերթական իշխանութիւնն են, որոնք յայտնւելու են պատմութեան այն դարակում, որտեղ միայն ու միայն բացասական, միայն անեծքով յիշւող գործիչները եւ ուժերն են: Ամենալաւ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմութեան մէջ սեւ գոյներով, անեծքով յիշւող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու: Սա վերաբերում է նաեւ նրանց սատարող կեղծ մտաւորականներին, իբրեւ թէ, պետութեան համար մտածող պաշտօնեաներին»,- ասաց նա:

Իսկ թէ ինչ կը լինի, եթէ իր մատնանշած լուծումները չիրագործւեն, Ռուբէն Մելքոնեանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթէ ամէն ինչ գնաց այսօրւայ սցենարով, եթէ այս իշխանութիւնները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականութիւնը, ապա Հայաստան պետութիւնը կը կանգնի բուտաֆորիկ պետութիւն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դէպ, կան: Օրինակ՝ Բաղրամեան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նւագում, տարատեսակ այցելութիւններ է անում եւ որեւիցէ կապ չունի Հայաստանի Հանրապետութեան շահերի, առաւել եւս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձութիւններ ու շատ այլ նշաններ կան, բայց իւրաքանչիւր ազգ, ի վերջոյ, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մօտ, բայց այն, միեւնոյնն է, յաղթելու է, պարզապէս ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպէս պետութիւն ունեինք, փոշիացած է: Ու եթէ անգամ բնազդը յաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականութիւնը, շատ հարցերում պէտք է սկսենք զրոյից, որովհետեւ այս աւերիչ իշխանութիւնը կործանել ու շարունակում է կործանել գրեթէ բոլոր ոլորտները»:

Նա նկատեց՝ տարբեր ազգեր վտանգի դէպքում լիդերների, հարցեր լուծելու ընդունակ ուժերի են բերում. «Մեր պարագայում բոլոր փորձառու գործիչները յայտնւել են լուսանցքում, քրէական գործերի տակ, ու ղեկը տրւել է անփորձ ու ՀՀ շահերը չգիտակցող մի ուժի, որը չի կարող մեր պետական նաւը որեւէ կերպ դէպի խաղաղ նաւահանգիստ տանել: Ես, ամէն դէպքում, հաւատում եմ, որ մեր ինքնապաշտպանական բնազդը յաղթելու է, եւ անգամ 5 տարի գերի լինելով այս ուժին՝ Հայաստանը չի կարող նոյն այդ ուժի ձեռքին կործանման գնալ»:

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի երկրաշարժի քաղաքական ցնցումը եւ Էրդողանի առաջին քայլերը. կրիզիս մենեջերը իր խրամատում է». Ռուբէն Մելքոնեան
    «Թուրքիայի երկրաշարժի քաղաքական ցնցումը եւ Էրդողանի առաջին քայլերը. կրիզիս մենեջերը իր խրամատում է». Ռուբէն Մելքոնեան

    Փետրւարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից յետոյ, բացի հումանիտար եւ այլ խնդիրներից, Թուրքիայի եւ միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում աւելի քիչ ինտենսիւութեամբ, իսկ օրեր անց արդէն ակտիւօրէն սկսեց շրջանառւել երկու կարեւոր հարց: Առաջին՝ մայիսի 14-ին նախատեսւած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան թէ՞ կը յետաձգւեն. երկրորդ՝ նախագահ Էրդողանը կը կարողանայ այս հարւածին դիմագրաւել նաեւ քաղաքական առումով, թէ՞ Թուրքիայի էրդողանական փուլը մօտենում է աւարտին:

  • «Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտայ, Թուրքիայի քաղաքականութիւնը մեր հանդէպ մնում է նոյնը». Ռուբէն Մելքոնեան
    «Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտայ, Թուրքիայի քաղաքականութիւնը մեր հանդէպ մնում է նոյնը». Ռուբէն Մելքոնեան

    «Թուրքիան այսօր էլ, չնայած յայտարարութիւններին, որ իբրեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործընթացը գնում է առանց նախապայմանների, միաժամանակ յստակ ասում է՝ եթէ Հայաստանն իր յարաբերութիւնները կարգաւորի Ադրբեջանի հետ եւ ստորագրի «խաղաղութեան պայմանագիր», որի համապատկերում Արցախը կը ճանաչւի Ադրբեջանի մաս, ապա Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւններ կը հաստատի»,- երէկ՝ փետրւարի 25-ին, «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • «Էրդողանը անցնելու է հակագրոհի. կորցնելու ոչինչ չունի. սա նրա վերջին մենամարտն է». Ռուբէն Մելքոնեան
    «Էրդողանը անցնելու է հակագրոհի. կորցնելու ոչինչ չունի. սա նրա վերջին մենամարտն է». Ռուբէն Մելքոնեան

    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ հայ փրկարարներին այնտեղ ուղարկելու վերաբերեալ դիրքորոշում յայտնելուց առաջ նախ պէտք է տարանջատել հարցի քաղաքական եւ զգացական հարթութիւնները. զգացական մակարդակում, այո՛, տեղի է ունեցել ողբերգութիւն, եւ կարելի է ցաւակցել. սահմանափակւել մէկ ցաւակցական հեռագրով։

  • «Շարունակել բանակցութիւնները, անտեսելով 120.000 հայերի հանդէպ ցեղասպան քաղաքականութիւնը, ընկալելի չէ». մասնագէտները՝ հայ-թուրքական գործընթացների մասին
    «Շարունակել բանակցութիւնները, անտեսելով 120.000 հայերի հանդէպ ցեղասպան քաղաքականութիւնը, ընկալելի չէ». մասնագէտները՝ հայ-թուրքական գործընթացների մասին

    Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակւում է: Ինչպէս տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենեւին չի խոչընդոտում Հայաստանի իշխանութիւններին՝ չշեղւելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Աւելին՝ ՀՀ արտաքին գերատեսչութիւնից յայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: 

  • «Հայաստանեան մտաւորականութեան «պերճանքն» ու թշւառութիւնը». Ռուբէն Մելքոնեան
    «Հայաստանեան մտաւորականութեան «պերճանքն» ու թշւառութիւնը». Ռուբէն Մելքոնեան

    Վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած իրական մի դէպք ինձ ստիպեց եւս մէկ անգամ անդրադառնալ մեր հասարակութեան գլխաւոր աղէտներից մէկի՝ այսպես կոչւած, մտաւորականութեան մի մասի պահւածքին, որն այլ կերպ քան ամօթալի որակել ուղղակի հնարաւոր չէ: «Ինչո՞ւ ես համարձակ»,- այս հարցն ինձ ուղղեց ԵՊՀ երկարամեայ պրոֆեսորներից մէկը: Իմ ապշած հայեացքին ի պատասխան՝ նա շարունակեց, թէ պէտք չէ համարձակ խօսել, քննադատել իշխանութեանը, պէտք է զգոյշ լինել, «զբաղւել քո գործով», չզբաղւել քաղաքականութեամբ եւ այլն եւ այլն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։