Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։
«alikonline.ir» - Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Արցախի Արտաքին գործերի նախարարութիւնը։
Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականութիւնը։ Մասնաւորապէս, ռուս խաղաղապահներին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէին պատկանող տրանսպորտային միջոցների երթեւեկութեան մասին տւեալները ադրբեջանական իշխանութիւնները ներկայացնում են որպէս հումանիտար ճգնաժամի եւ շրջափակման բացակայութեան ապացոյց։ Սակայն միջազգային հանրութեանը մոլորեցնելուն միտւած ադրբեջանական կեղծարարութիւնները հերքւում են փաստերով։ Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրւայ ընթացքում աւելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչեւ շրջափակումը՝ մէկ օրւայ ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։
Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով դադարեցվել է երկու ուղղութիւններով ուղեւորաշրջանառութիւնը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցւել, իսկ ուղեւորները ադրբեջանցիների կողմից ենթարկւել են նպատակաուղղւած հոգեբանական ահաբեկման։
Երրորդ՝ ամբողջութեամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական աւելի քան 400 տոննա։
Արցախի շրջափակումը ոչ միայն յանգեցնում է առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ դեղորայքի սղութեան, այլեւ հազարաւոր մարդկանց զրկում է աշխատանքից եւ ապրուստի միջոցներից։ Աւելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաեւ էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ աւելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտաւորեալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը եւ Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողութեան տակ գտնւող հատւածի վերականգնումը, որտեղ յունւարի 9-ին վթար էր տեղի ունեցել։
Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու եւ բեռների զննում անցկացնելու իր իրաւունքի մասին, բացարձակապէս անհիմն է։ Եռակողմ յայտարարութեան մէջ բացակայում է բեռների փոխադրման որեւէ սահմանափակում ըստ դրանց բնոյթի, նշանակութեան կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մէկ պարտաւորութիւն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։
Եռակողմ յայտարարութեան դրոյթները միակողմանիօրէն վերանայելու եւ միջազգայնօրէն ճանաչւած կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկւող եւ բացառապէս մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքւի փորձերն ապօրինի են եւ պէտք է մերժւեն:
Եռակողմ յայտարարութեան տակ Ադրբեջանի նախագահի ստորագրութիւնը Ադրբեջանի ակնյայտ համաձայնութիւնն է ընդունել Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի բացառիկ վերահսկողութիւնը Լաչինի միջանցքի նկատմամբ։