Հա

Քաղաքական

24/01/2023 - 13:10

«Մարդկանց պետութիւնների մասին»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանն իր հերթական յօդւածում անդրադարձել է 2020-ի նոյեմբերից յետոյ ստեղծւած պայմաններում մարդկանց, այդ թւում՝ քաղաքական դէմքերի «քեֆերին»։

«alikonline.ir» - «Այլընտանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանն իր հերթական յօդւածում անդրադարձել է 2020-ի նոյեմբերից յետոյ ստեղծւած պայմաններում մարդկանց, այդ թւում՝ քաղաքական դէմքերի «քեֆերին»։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ․

«Ուկրայինայում մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաներ (գլխաւոր դատախազի տեղակալ եւ այլն) ազատւել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակութեան, մարդկանց պետութեան խաղի կանոնն է։ Չի կարող պաշտօնեան, հանրային դէմքը պատերազմի եւ համատարած ողբերգութեան պայմաններում քեֆեր անի։ Դա եւ պետութիւնը անհամատեղելի գաղափարներ են։ Դա եւ մարդկանց հասարակութիւնը՝ եւս։ Նոյնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտօնեաներ եւ հանրային դէմքեր պատժւում են ցուցադրական կամ բացայայտւած վայելքների համար։

Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկոյթը եւ բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, եւ նա հեռացւեց։ Որովհետեւ սրանք, իրենց տարբերութիւններով հանդերձ, պետութիւններ են՝ պետական յիշողութեամբ եւ պետականութեան աւանդոյթներով։

Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թւով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրւած զինծառայողների փաստից։ Ի դէպ, երէկ առաջարկել էի ընդդիմութեանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահութիւն յայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկայ։ Հաւանօրէն սա չի տեղաւորւում հռչակւած «Մեր օրակարգում»։

Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, եւ եթէ դա լինէր այդպես, ապա լուծումը հեշտ էր։

Մենք մի հասարակութիւն ենք, որտեղ

- նոյեմբերի 9-ից յետոյ քեֆերը չեն դադարել,

- շրջափակւած Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում,

- քաղաքական դէմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում,

- մեդիա դէմքերը, այսպես կոչւած celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցոյց տալիս,

- նոյեմբերի 9-ից ցոյցերի մասնակցողները, հայրենիքի փրկութեան համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ յետոյ տեղաւորւել իշխանութեան մէջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ,

- երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է եւ որեւէ առիթով, որեւէ դէպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խօսում,

- տիտղոսային ընդդիմութեան լիդերները ամիսներով չեն խօսում, չեն շփւում հասարակութեան հետ։

Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտաւորականութեան, կրթւած շերտերի ամուլ լռութիւնից մինչեւ տարբեր օղակների կոնֆորմիզմ։

Ինչո՞ւ է սա տեղի ունենում եւ շարունակւում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակութեան ընդհանուր որակին, բայց չի բացառւում, որ այդ որակները խրախուսւում են նպատակաուղղւած՝ հանրային դեգրադացիան, հասարակութեան կազմաքանդումը խորացնելու նպատակով։ Ո՞ւմ է ձեռնտու, որ մեր հանրութիւնը վայրենանայ եւ վերածւի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսէի պարունակութեան մասին։ Ո՞ւմ է ձեռնտու, որ մեր հասարակութիւնը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցաւը։ Եւ ինչո՞ւ է այդ ամէնը խրախուսւում իշխանութիւնների կողմից, որոնք նոյնն անում են առաջին դէմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։