ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քրատուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քրատուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Վարդենիսի ուղղութեամբ տեղակայւած ինժեներա-սակրաւորային ստորաբաժանման կացարանում տեղի ունեցած ողբերգութիւնից յետոյ քննարկւող հիմնական հարցերից է՝ բանակային կորպուսի հրամանատարութեան «գլխատման»՝ պաշտօնից ազատման խնդիրը:
Կորպուսի հրամանատարը, շտաբի պետը, մարտական հերթապահութեան, բարոյահոգեբանական, սպառազինութեան ու թիկունքի գծով տեղակալներն ազատւել են զբաղեցրած պաշտօններից:
Պաշտօնից ազատւել են նաեւ այդ հատւածում տեղակայւած բրիգադի շտաբի պետը, սպառազինութեան գծով տեղակալը, ինժեներական ծառայութեան պետը, զօրամասի ինժեներական-սակրաւորային վաշտի հրամանատարը:
Արդեօ՞ք տեղի ունեցածը պէտք է տեղաւորւէր պաշտօնից ազատւած հրամանատարական կազմի ազատման տրամաբանութեան մէջ՝ ոչ:
Կայի՞ն պաշտօնեաներ, որոնք ծառայութեան, վերակարգի բերումով ունէին պատասխանատւութեան իրենց բաժինը եւ կարող էին ազատւել՝ այո, բայց դա այն դէպքում, եթէ նւազագոյնը ծառայողական քննութիւնն արւէր ու համապատասխան եզրակացութիւնների նիւթ ապահովէր:
Դեռ չեմ խօսում այն մասին, որ քրէական գործ է յարուցւած, իսկ ողբերգութեան հանգամանքները կարող են յանգեցնել նոյնիսկ տարբեր սպաների քրէական գործով որպէս մեղադրեալ ներգրաւելու ու իրաւական պատասխանատւութեան ենթարկելու գործընթացի:
Սակայն իրադարձութիւններից առաջ ընկնելով, մեղաւորներ նշանակելով ու սահմանագծի մի մեծ հատւածի պահպանութիւնն իրականացնող զօրամիաւորման հրամկազմին խաղից հանելով, իշխանութիւնը փորձում է սեփական կաշին փրկել, պատասխանատւութիւնից փախչել:
Սա այն դէպքում, որ այդքան հրամանատարների պաշտօններից ազատելն ու հանրայնացնելը ազդանշան է թշնամուն առ այն, որ սահմանագծի տւեալ հատւածի հրամանատարութիւնն ամբողջութեամբ փոփոխութեան է ենթարկւել:
Իսկ նման պայմաններում, եթէ նոյնիսկ նշանակւեն բանիմաց ու արժանի հրամանատարներ, ցանկացած դէպքում նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ իրենց գործառոյթներին տիրապետելու ու բանակային կորպուսի արդիւնաւէտ կառավարման առումով:
Իշխանութիւնը սեփական աթոռի մասին մտածելով վտանգում է ՀՀ սահմանագծի կարեւոր ուղղութիւններից մէկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար:
Կրկնում եմ՝ խնդիրն այն չէ, որ տեղի ունեցած ողբերգութիւնը միկրօ մակարդակում նաեւ հետեւանք էր որոշ սպաների անգործութեան կամ վատ ծառայութեան, խնդիրն այն է, որ այս աղէտում կենտրոնացւած էր զինւած ուժերում առկայ բոլոր խնդիրները մէկ ամբողջութեան մէջ, որի պայմաններում բանակային միաւորման հրամկազմի այս մասշտաբի պաշտօնանկութիւնները շատ աւելի մեծ անվտանգային սպառնալիքների են յանգեցնելու»։