Հարիւր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականութիւնը, նրանց դէմ ուժի կիրառման ամենօրեայ սպառնալիքներով հանդերձ, իրականացւում է Եւրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Գէորգեանը Բիւրոյի եւ Մշտական յանձնաժողովի գործունէութեան առաջընթացի վերաբերեալ հարցով իր ելոյթում:
«alikonline.ir»- Հարիւր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականութիւնը, նրանց դէմ ուժի կիրառման ամենօրեայ սպառնալիքներով հանդերձ, իրականացւում է Եւրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Գէորգեանը Բիւրոյի եւ Մշտական յանձնաժողովի գործունէութեան առաջընթացի վերաբերեալ հարցով իր ելոյթում: Գրում է Yerkir.am-ը:
«Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ յայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն աւելի քան 40 օր է՝ պաշարւած է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպութեանն իր անդամակցութեան ամբողջ ընթացքում Ադրբեջանը թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ առաջնորդւել է քաղաքական բռնութեամբ եւ պատերազմով՝ որպէս պետական քաղաքականութեան գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարութիւնը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականութիւն է վարել «այլոց» եւ յատկապէս՝ հայերի դէմ: Ադրբեջանի պետական քաղաքականութեան մէկ այլ բնորոշ գիծն էլ Եւրոպա նաւթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպէս իր եզակի առաւելութիւն: Ուստի մեզնից իւրաքանչիւրը կարող է որոշել՝ նման քաղաքականութիւնը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թէ՞ պետական ահաբեկչութիւն:
Այսօր կը խնդրէի ձեզ մտորել երեք հիմնական ուղղութիւններով.
120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականութիւնը, նրանց դէմ ուժի կիրառման ամենօրեայ սպառնալիքներով հանդերձ, իրականացւում է Եւրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցութիւնը յանգեցրել է այս աւտորիտար ռեժիմի անպատժելիութեան զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպութիւնը վերածել հայ ժողովրդի դէմ իր ագրեսիւ քաղաքականութիւնը լեգիտիմացնող գործակալութեան:
Այս վեհաժողովում ներկայացւած բազմաթիւ պետութիւններ ճանաչել են 1915 թւականի Հայոց ցեղասպանութիւնը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ յանցագործութեան յաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկութեան դէմ այդ յանցագործութիւնը դեռեւս ժխտւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական յանցաւոր քաղաքականութիւնը եւ որեւէ ու երբեւէ հնարաւոր խաղաղ գործընթաց չպէտք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելութեան պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական յանցագործութիւն է: Սա բանակցութեան հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը յստակ նշանակում է աջակցել այս յանցագործութեան իրականացմանը, այլ ոչ թէ ճանապարհ է թողնում դիւանագիտութեան համար:
Այն, ինչ այսօր կատարւում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղէտ չէ: Դա այժմ աւելի մեծ խնդիր է, քան պարզապէս հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խօսքը Եւրոպայի քաղաքակրթական ինքնութեան մասին է: Այժմ խօսքը մի կողմից ժողովրդավարութեան, արժանապատւութեան եւ խաղաղութեան, իսկ միւս կողմից՝ «էներգետիկ անվտանգութեան», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրութեան մասին է: Պատմութիւնը մեզ յուշում է, թէ որն է խայտառակ ընտրութիւնների գինը:
Պարո՛ն նախագահ, աւարտելով խօսքս՝ թոյլ տւէք ասել, որ Հարաւային Կովկասի հայութիւնը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակւած Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակոյթի եւ ինքնութեան պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրաւէրներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելութիւնը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մէկին դո՞ւր է գալիս, թէ՞ ոչ»,- նշել է պատգամաւորն իր ելոյթում: