Հա

Քաղաքական

25/01/2023 - 14:52

Իրենց հողի վրայ արժանապատիւ ապրելու արցախցիների պայքարը նաեւ աշխարհի համար է կարեւոր. Ռուբէն Վարդանեան

Յունւարի 24-ի երեկոյեան  կազմակերպւել է Արցախի բարեկամների հեռավար  հաւաք՝  «Արցախ. 44-օրեայ շրջափակում» խորագրով, որին մասնակցել են յայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրաւապաշտպաններ, հետազօտական-վերլուծական յայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` աւելի քան 40 երկրից:

«alikonline.ir»- Յունւարի 24-ի երեկոյեան  կազմակերպւել է Արցախի բարեկամների հեռավար  հաւաք՝  «Արցախ. 44-օրեայ շրջափակում» խորագրով, որին մասնակցել են յայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրաւապաշտպաններ, հետազօտական-վերլուծական յայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` աւելի քան 40 երկրից:

Ինչպէս յայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր Արցախի  բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակւող Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով  ստեղծւած  իրավիճակը, օրէցօր խորացող  հումանիտար խնդիրները,  ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպէս նաեւ՝ հումանիտար եւ քաղաքական հիմնախնդիրների յաղթահարման միջոցներն ու մօտեցումները:

Որպէս հիմնական բանախօսներ հանդէս են եկել Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, մասնակիցների բազմաթիւ հարցերին պատասխանել են նաեւ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանը, Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Մելքումեանը եւ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը:

Պետնախարարը շնորհակալութիւն է յայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում  անտարբեր չեն իրենց խնդրին եւ իրենց կողքին են:

«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լաւատես եմ, որովհետեւ տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, եւ ինձ համար մեծ հպարտութիւն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք  ամէն ինչով անցնելու, որովհետեւ արժանապատիւ ապրելու ձգտումը եւ սէրը դէպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:  Արցախի եւ արցախցիների՝ իրենց հողի վրայ արժանապատիւ ապրելու իրաւունքի  պայքարը ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի համար է կարեւոր, քանի որ այն արժանապատւութիւնը, արժէքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է  շրջափակման հետեւանքով մարդու հիմնարար իրաւունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք  հիմնարար իրաւունքների՝ ազատ տեղաշարժի, առողջութեան, կրթութեան, պատշաճ սնւելու իրաւունքների  խախտումներն են, տնտեսութեան  ու ենթակառուցւածքների քայքայումն է, բնակչութեան նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:

«Ադրբեջանն իրականացնում է յատուկ յանցաւոր քաղաքականութիւն, որը միտւած է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրութեան յստակ արձագանքը։ Միջազգային հանրութիւնը, այո՛, պատասխանատւութիւն ունի պաշտպանելու մարդու իրաւունքները։ Մարդու իրաւունքն այլեւս պետութեան հայեցողութեան հարց չէ: Որպէս մարդու իրաւունքների պաշտպան՝ օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ եւ խնդրել, որ գործադրէք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրութիւնը ստանձնի իր պատասխանատւութիւնը եւ իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի յանցաւոր քաղաքականութիւնը»,- ասել է Գեղամ Ստեփանեանը։

Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրաւունքով հաստատւած նորմերը պաշտպանւեն նոյն միջազգային իրաւունքի պատասխանատուների, դերակատարների կողմից. 

«Միջազգային հանրութիւնը պէտք է ցոյց տայ, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու յանցագործութիւնների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդէս գան Արցախի մեկուսացման դէմ եւ Արցախի միջազգային ներգրաււածութեան ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցութիւնը շատ կարեւոր է»:

Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Սերգէյ Ղազարեանը նկատել է, որ  տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային  իրաւունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիւ գործողութիւնների անպատժելիութիւնն է  յանգեցրել այսօրւայ իրավիճակին:

«Մինչեւ Ադրբեջանը չպատժւի,  նման ցեղասպանական քաղաքականութիւնը շարունակելու է։ Պատժամիջոցներ պէտք է կիրառւեն ոչ թէ Ադրբեջանի ժողովրդի դէմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դէմ, ովքեր ներգրաււած են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պէտք է կենտրոնացած լինեն այս ուղղութեան վրայ»,- ընդգծել է նա:

Պատգամաւոր Դաւիթ Մելքումեանը նշել է, որ  այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրաւիչ» թեմա գտնել՝ հաշւարկելով, որ դրա քողի տակ  կարող են լեգիտիմացնել իրենց այդ յանցագործութիւնը.

«Բայց նրանց այդ հաշւարկները  չեն արդարացել: Այս 44 օրւայ ընթացքում մեր ժողովուրդը ցոյց տւեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:

Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներն Արցախի բարեկամներին կոչ են արել  շարունակել  միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, կայուն անվտանգութեան երաշխաւորման միջազգային մեխանիզմների բարելաւման, ցամաքային բնականոն հաղորդակցութեան վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպէս նաեւ՝  Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնների դատապարտման հարցում:

 

Յարակից լուրեր

  • Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները
    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները

    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդէս են եկել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին զօրակցող, ինչպէս նաեւ Փաշինեանի՝ մայիսի 22-ի յայտարարութիւնը դատապարտող յայտարարութիւններով։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան

    «Արցախում իրավիճակը նոյնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մէջ ենք, եւ գնալով աւելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդէն դատարկւում է, դա նոյնպէս բնապահպանական աղէտ է, եւ, ցաւօք, օրւայ իշխանութիւնները չեն կարողանում այդ մասին իրականութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, որ՝ եթէ այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապւած Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մէկն է՝ հայաթափել Արցախը:

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

  • «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան
    «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան

    Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։