Հա

Քաղաքական

26/01/2023 - 12:42

Սա միակ ճանապարհն է, որը թոյլ կը տայ պահպանել մեր հայրենիքը . Ռուբէն Վարդանեան

Արցախի Հանրապետութեան պետական նախարար, Օպերատիւ շտաբի պետ  Ռուբէն Վարդանեանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագիւղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել  ինչպէս նշւած գիւղերի, այնպէս էլ յարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Գալստեանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսեանը:

«alikonline.ir»- Արցախի Հանրապետութեան պետական նախարար, Օպերատիւ շտաբի պետ Ռուբէն Վարդանեանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագիւղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել  ինչպէս նշւած գիւղերի, այնպէս էլ յարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Գալստեանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսեանը: Գրում է News.am-ը:

Կարեւորելով բնակչութեան հետ անմիջական շփումները՝ Ռուբէն Վարդանեանը նշել է, որ յատկապէս այս ճգնաժամային իրավիճակում բնակչութեանն առաջին ձեռքից տեղեկութիւններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակութիւն ունի ճգնաժամը համատեղ յաղթահարելու տեսանկիւնից. «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդիւնաւէտ ձեւն է: Մենք իսկապէս մեծ դժւարութիւնների ենք բախւում, բայց մեծ աշխատանք է տարւում նաեւ դրանք յաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժւել՝ լուծումներ գտնելով ամէն օր առաջացող նոր խնդիրներին:

Նա մանրամասն տեղեկութիւններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի եւ դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման միւս հետեւանքների եւ տնտեսութեան վրայ դրա ազդեցութեան, ինչպէս նաեւ Օպերատիւ շտաբի կողմից իրականացւած եւ ձեռնարկւելիք քայլերի մասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք  է տարւում ապաշրջափակման ուղղութեամբ, բայց, միւս կողմից, կառավարութիւնը պարտաւոր է պատրաստ լինել եւ հնարաւոր բոլոր սցենարների պարագայում  ապահովել բնակչութեան առնւազն նւազագոյն կենսական կարիքները:

Խօսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամէն կերպ փորձում է կոտրել արցախահայութեան ոգին ու  ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը եւ նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայութեան տոկունութիւնը. «Այս փորձութիւնների միջով ստիպւած ենք  անցնել՝ յանուն Արցախը հայկական պահելու եւ յանուն մեր հողի վրայ արժանապատիւ ապրելու իրաւունքի պաշտպանութեան: Սա դժւար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թոյլ կը տայ պահպանել մեր հայրենիքը»:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, եւ այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժւարութիւններին: Այս համատեքստում, մասնաւորապէս, խօսւել է գիւղատնտեսական եւ գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտութեան մասին, ինչը կարեւորւել է նաեւ պարենային անվտանգութեան տեսանկիւնից: Պետնախարարը նշել է, որ հնարաւոր ամէն ինչ արւելու է ինչպէս գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպէս էլ գիւղատնտեսութեան զարգացմանն ուղղւած այլ ծրագրեր իրականացնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։