Նիկոլ Փաշինեանը հերթական էքսցենտրիկ կադրային նորարարութիւնն է կատարել՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտօնում խեղկատակ նշանակմամբ։ Նախկինում որպէս ակտիւիստ հանդէս եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ աւանդական արտաքինով, Արցախի վերաբերեալ հեգնական, իսկ յետոյ՝ ողբերգական իրականութիւն դարձած յայտարարութիւններով եւ հակառուսականութեամբ։ Այս յատկանիշների շարքում ամենաանշառն արտաքինն է՝ մարդ է, ինքն է որոշում՝ ինչ սանրւածքով կամ ինչպիսի գուլպաներով ներկայանալ հանրութեանը։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նիկոլ Փաշինեանը հերթական էքսցենտրիկ կադրային նորարարութիւնն է կատարել՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտօնում խեղկատակ նշանակմամբ։ Նախկինում որպէս ակտիւիստ հանդէս եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ աւանդական արտաքինով, Արցախի վերաբերեալ հեգնական, իսկ յետոյ՝ ողբերգական իրականութիւն դարձած յայտարարութիւններով եւ հակառուսականութեամբ։ Այս յատկանիշների շարքում ամենաանշառն արտաքինն է՝ մարդ է, ինքն է որոշում՝ ինչ սանրւածքով կամ ինչպիսի գուլպաներով ներկայանալ հանրութեանը։ Աւելի վտանգաւոր են երիտասարդի միւս «հակումները», որոնք այլեւս դառնալու են Հայաստանի արտաքին քաղաքականութեան ուղենիշներ։
Այդուհանդերձ, կարեւոր է հասկանալ, թէ ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինեանը այս կամ այն աղմկայարոյց նշանակմամբ։ Նա կարող էր արտգործնախարարի տեղակալի պաշտօնում նշանակել պակաս սկանդալային, անդէմ մէկին, որը, ինչպէս եւ այս նորանշանակը, հնազանդ կատարելու էր իր հրահանգները։ Հետեւաբար՝ ինչո՞ւ է նշանակւել յատկապէս այս մէկը։ Հնարաւոր է, պատճառը նշանակւողի հակառուսական անցեալն է, որը ներկայ բերելով՝ Նիկոլ Փաշինեանն ինչ-որ ուղերձներ է յղում Ռուսաստանին, չնայած Պուտինին հայհոյած Արարատ Միրզոյեանին արտգործնախարարի պաշտօնում տեսնելուց յետոյ ռուսներին այլեւս դժւար է զարմացնել։
Բայց այս նշանակմամբ Նիկոլ Փաշինեանը լուծում է եւս մէկ խորքային, իր բնոյթով հակապետական խնդիր՝ նա կազմալուծում է առանց այդ էլ դեգրադացւող արտաքին քաղաքականութիւնը կադրային իմաստով։
Փոխարտգործնախարարն ի պաշտօնէ ղեկավարելու է դիւանագիտական համակարգը, այդ թւում՝ ԱԳՆ-ում եւ տարբեր երկրներում դեռեւս պաշտօնավարող հին, կադրային, պրոֆեսիոնալ դիւանագէտներին, որոնց պատեհապաշտութիւնը բաւարարել է համակարգում մնալու համար։
Հիմա՝ ԱԳՆ փոխնախարարի այսպիսի նշանակմամբ՝ Նիկոլ Փաշինեանը բազմափորձ դիւանագէտներին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերջապէս արժանապատւութիւն ցուցաբերել եւ հրաժարական ներկայացնել (նման մէկի ենթակայ լինելը, մեղմ ասած, չի կարող պատիւ բերել իրեն յարգող որեւէ դիւանագէտի), կա՛մ ընդունել սոյն երիտասարդի գերակայութիւնը եւ փոխաբերական իմաստով կատարել այն, ինչ գրւած է նրա յայտնի այս լուսանկարի գուլպաներին։ Երկու դէպքում էլ Հայաստանը զրկւելու է դեռեւս համակարգում մնացած պրոֆեսիոնալ դիւանագէտներից, որովհետեւ նրանք՝ կա՛մ արժանապատւութիւն ցուցաբերելով՝ հեռանալու են, ինչը վատ է, կա՛մ՝ ընդունելով նւաստացման հերթական չափաբաժինը, շարունակելու են աշխատել, ինչը, թերեւս, աւելի վատ է, քանի որ պրոֆեսիոնալը՝ պրոֆեսիոնալ, բայց արժանապատւութիւն չունեցող դիւանագէտը վտանգաւոր է պետութեան համար։
Այսպիսով, ընդամէնը մէկ ճղճիմ նշանակմամբ Նիկոլ Փաշինեանը մեծագոյն հարւած է հասցրել առանց այն էլ կազմաքանդւած հայկական դիւանագիտութեանը։ Թէ ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ պատւէրով, թող պարզեն դեռեւս համակարգում մնացած դիւանագէտները։
Աւելի լայն համատեքստում, Նիկոլ Փաշինեանը նման խայտառակ նշանակումներով շարունակում է իջեցնել Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս պետական կազմաւորման, նշաձողը․ իւրաքանչիւր յաջորդ նշանակում իր խայտառակութեամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Նիկոլ Փաշինեանն առաջնորդւում է այն սկզբունքով, որ եթէ ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտօնը, ապա ցանկացած մէկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտօն։
Հոգեբանութեան մէջ կայ «վազքուղու էֆեկտ» հասկացութիւնը, որով բնութագրւում է նոր իր գնելուց յետոյ մարդկանց մօտ առաջացող էյֆորիան․ այն կարճ ժամանակ անց վերանում է, նոր իրը դառնում է սովորական, եւ մարդիկ ցանկանում են ձեռք բերել նոր՝ աւելի թանկարժէք մի բան։
Հայաստանում կադրային նշանակումները կատարւում են ահա այդ «վազքուղու էֆեկտի» հակառակ տրամաբանութեամբ՝ ամէն մի սկանդալային նշանակում խայտառակում է պետական կառավարման համակարգը, իշխանութեան էյֆորիան անցնում է, ինչին հետեւում է յաջորդ խայտառակութիւնը։
Հայաստանը սլանում է վազքուղով։ Դէպի անդունդ տանող վազքուղով։
168.am