Հա

Քաղաքական

28/01/2023 - 14:20

«Հայաստանում հետախուզական ինֆորմացիա հաւաքելու ինստիտուտ է ձեւաւորւում՝ առնւազն 2 տարով». Ստեփան Դանիէլեան

168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն է:

«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն է:

Զրույցի ընթացքում նա, մասնաւորապէս, նշել է.

- ՀՀ կառավարութեան նիստում Նիկոլ Փաշինեանի «Արցախի հայութիւն» ձեւակերպումը նշանակում է արցախահայութեան կարգավիճակի իջեցում: Դրա համար է նա այդպէս դիմում, եւ դեռ մինչեւ 44-օրեայ պատերազմը Փաշինեանն իջեցրել էր այդ կարգավիճակը, երբ Արցախի նախագահին ընդունում էր առանց Արցախի Հանրապետութեան դրօշի, երբ 2018 թւականի օգոստոսի 17-ին Հանրապետութեան հրապարակում յայտարարում էր, որ Արցախի ժողովուրդը պէտք է խօսի Ադրբեջանի հետ եւ որոշի… հէնց այդ թէզով է Փաշինեանը եկել իշխանութեան, իսկ մինչեւ գալն էլ դրան է պատրաստւած եղել:

- Նախօրէին Կառավարութեան նիստում Փաշինեանը զսպւածութեան կոչ անելով ընդգծեց՝ բացառել խաղաղութեան օրակարգին հակասող բառապաշարը՝ «խաղաղութեան օրակարգին հակասող բառապաշարի ու գործողութիւնների բացառումը, առաւել եւս՝ պետական իշխանութեան ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետեւողական լինել խաղաղութեան օրակարգի առաջմղման մեր ջանքերում, եւ որեւէ սադրանքով մեզ հնարաւոր չպէտք է լինի շեղել այս  օրակարգից». Փաշինեանի այս խօսքն ուղղւած էր Ադրբեջանին՝ ակնարկելով, թէ Հայաստանի կողմից որեւէ մէկը հակասական տեսակէտ չի յայտնի: Սա նշանակում է՝ վախ Ալիեւից: Այն դէպքում, երբ Ալիեւը հրապարակաւ յայտարարել է, որ յարգանքի արժանի չէ Փաշինեանը, այսինքն՝ նա, ում հետ ինքը բանակցում է: Սա նշանակում է, որ Փաշինեանը խոստովանում է՝ ինքը յանձնւած է:

- Իշխանութիւնները՝ ղեկավարից մինչեւ տարբեր ներկայացուցիչներ, յայտարարել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախի հայերը պէտք է խօսեն Ադրբեջանի հետ՝ որպէս այդ երկրի քաղաքացի: Հայաստանի ղեկավարը դրդում է Արցախի ղեկավարութեանը Ադրբեջանի հետ պայմանաւորւել՝ որպէս այդ երկրի քաղաքացի, իսկ Հայաստանը հանդէս է գալիս միայն հումանիտար խնդիրներով: Սա՛ է այսօրւայ իշխանութիւնների քաղաքականութիւնը:

- Հայաստանում ԵՄ առաքելութեան մասին ընդունւած եւ հրապարակւած որոշմամբ մանրամասն ներկայացւած են դիտորդների գործառույթները: Ի դէպ, առաքելութեան ղեկավարն է Մարկուս Ռիթէրը, որը մի շարք երկրներում, այդ թւում՝ նաեւ Իրաքում, եղել է նման առաքելութեան ղեկավար:

- Եւրոպական երկրները վերահսկւում են ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստան եկող դիտորդները նոյնպէս ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ են գտնւելու:

- Հայաստանում հետախուզական ինֆորմացիա հաւաքելու ինստիտուտ է ձեւաւորւում՝ առնւազն 2 տարով:

- Ռուսաստանը պաշտօնական յայտարարութեամբ ցոյց է տւել, որ իրենց համար անընդունելի է դիտորդների գալը, սա վկայում է, որ այսպիսով Հարաւային Կովկասում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ակտիւ ներկայացւածութիւն են ունենալու: Սրանով քաղաքականապէս լեգիտիմ ներկայութիւն են ապահովում առաքելութեան անւան տակ, որի ղեկավարն Իրաքում նման առաքելութիւն է ղեկավարել: Ակնյայտ է՝ պատահական մարդ չէր կարող Իրաքում առաքելութիւն ղեկավարել:

- Խնդիրները լուծելու փոխարէն, խնդիրներ են առաջացնելու:

- Խաղը բարդանում է տարբեր ուղղութիւններով, եւ, բնականաբար, կան վտանգներ: Աշխարհաքաղաքական հակասութիւնները տեղափոխւում են մեր տարածաշրջան եւ արդէն իսկ Հայաստան: Ռուս խաղաղապահներ, ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոն, ԵՄ դիտորդներ: Իրանը եւ Թուրքիան իրենց զօրամիաւորումները մօտեցրել են մեր սահմանին:

- Խաղաղութեան պայմանագիրը ուղղակի բառ է՝ ոչինչ չնշանակող, բայց դրա տակ թաքնւած է սուր աշխարհաքաղաքական մրցակցութիւն: Սիւնիքի, Արցախի, Հայաստանի, անգամ Ադրբեջանի գոյութեան, չգոյութեան խնդիրը կախւած է այս մրցակցութիւնից:

- Եթէ Առաջին համաշխարհային պատերազմը Եւրոպայում էր, հիմա խաղը մեր տարածաշրջանում է գնում:

- 2020 թւականի 44-օրեայ պատերազմի հետեւանքով խախտւեց բալանսը, բայց նոր բալանս չձեւաւորւեց, իսկ ցանկացած բալանսի խախտում պոտենցիալ պատերազմ է:

- 2020 թւականի պատերազմի ժամանակ, Ուկրայինայի պատերազմից առաջ Հայաստանը համարւում էր Ռուսաստանի ազդեցութեան գօտի: Արցախի պատերազմում Ռուսաստանը գործուն միջամտութիւն չցուցաբերեց, իսկ Աղդամում Թուրքիայի հետ մոնիտորինգի կենտրոն ստեղծելը նշանակում էր պատասխանատւութիւնը կիսել: Այսինքն՝ Ռուսաստանի ազդեցութեան գօտում հնարաւոր է իրավիճակ փոխել: Ռուսաստանի պահւածքը շատ դէպքերում անհասկանալի է: Ռուսաստանը հիմա վարում է պահի քաղաքականութիւն, որը վտանգում է մեզ:

- Ռուսաստանը կախւածութեան մէջ է Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ մեր տարածաշրջանի համար ընդգծւած քաղաքականութիւն չունի:

- Պայքարը գնում է, թէ Սիւնիքում ո՞ւմ վերահսկողութեան տակ է լինելու ճանապարհը:

- Եթէ Հայաստանը հրաժարւում է Արցախից, դա նշանակում է Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերում Արցախից: Պաշտօնապէս Արցախում են Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, ոչ պաշտօնապէս՝ Իսրայէլը, Մեծ Բրիտանիան: Ռուսաստանին Արցախից դուրս մղելու յաջորդ քայլը Հայաստանից հանելն է լինելու: Եթէ Ռուսաստանը Արցախից դուրս գայ, Հայաստանում մնալը դառնում է անիմաստ:

- Այն շրջանակները, որոնք ընդդիմանում են Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանին, ի դէմս նրա՝ տեսնում են իրենց մրցակից Հայաստանում եւ անհանգստանում են իրենց կոմֆորտային դիրքերը կորցնելու համար:

- Հայաստանի հանրութեան մեծ մասը եկել է եզրակացութեան, որ իշխանութիւնը պէտք է փոխւի, սակայն չի ձեւաւորւում հանրութեան համար ընդունելի այլընտրանքային կենտրոն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։