Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանն ուղերձ է յղել Բանակի օրւայ առթիւ:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանն ուղերձ է յղել Բանակի օրւայ առթիւ:
«Այսօր մենք տօնում ենք Հայոց ազգային բանակի կազմաւորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապէս շատ կարեւոր ու նշանակալից տօն է բոլոր հայերիս համար: Հայոց Բանակի դերն ու նշանակութիւնն անուրանալի է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան եւ, իհարկէ, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանութեան երաշխիք է:
Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած պատերազմներում Հայոց Բանակի բազմաթիւ կամաւորներ անձնւիրաբար կռւել են եւ պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դէմ իրագործւող էթնիկ զտման քաղաքականութիւնը: Իմ խոնարհումն եմ յայտնում իրենց կեանքը յանուն հայրենիքի նւիրաբերածներին: Այսօր բազմաթիւ փորձութիւնների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նւիրումն ու անձնազոհութիւնը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:
Ուղերձս ամփոփեմ Հայոց Բանակի պաշտպանութեան առաջին նախարար, սպարապետ Վազգէն Սարգսեանի խօսքերով, որն ուղղւած է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայութեան հաւաքական կերպարն է, նրա պատասխանատւութիւնը, նրա պատմութեան վերագնահատումը եւ հայեացքը ապագային։ Սիրուն խօսքեր չեմ ասում, ընդամէնը ճշմարտութիւն եմ ասում»»: