Վաշինգտոնը շատ ակտիւ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիւանագիտութեան մէջ, որպէսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացւի: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:
«alikonline.ir» - Վաշինգտոնը շատ ակտիւ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիւանագիտութեան մէջ, որպէսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացւի: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:
«Իհարկէ, որոշակի ճնշում Ալիեւի վրայ կայ, որովհետեւ մեծ հաշւով, այն, ինչ անում է Ալիեւը, իրաւունքների, մարդու իրաւունքների տեսանկիւնից խայտառակ մի բան է, եւ սա ընկալւում է աշխարհում: Մեծ հաշւով, Ալիեւը, կարծում եմ՝ մի քանի հաշւարկ էր արել Լաչինի միջանցքը փակելու համար: Առաջին հաշւարկն այն էր, որ միջազգային հանրութիւնը զբաղւած է այլ բաներով եւ չի կարող ուշադրութիւն դարձնել միջանցքի վրայ: Երկրորդը, նա կարծում էր, որ միջազգային մամումը եւս ուշադրութեան չէր արժանացնի այս թեման: Երրորդ, նա կարծում եմ, որ պաշտօնական Երեւանն առանձնապէս ակտիւութիւն չի ցուցաբերի: Իրականում դա այդպէս էլ կայ, Երեւանը շատ ակտիւ չէ: Բայց միաժամանակ նրանք հաշւարկել էին, որ Երեւանի պասիւութեան հաշւին նաեւ հայ համայնքը ակտիւ չի աշխատելու, բայց բոլոր այդ հաշւարկները սխալ գնացին: Նախ, համայնքը շատ ակտիւ սկսեց աշխատել, միջազգային մամուլը շատ ակտիւ սկսեց աշխատել, տարատեսակ յօդւածներ եղան հեղինակաւոր լրատւամիջոցներում: Այս ամէնը հարւածում է Ադրբեջանի հեղինակութեանը: Հիմա Ադրբեջանը յայտնւել է մի իրավիճակում, որ բացել չի կարող Լաչինի միջանցքը, քանի որ դէմքը փրկելու խնդիր ունի, եւ փակ պահել էլ չի կարող, որովհետեւ միջազգային ճնշումը մեծանում է: Նրան սկսել են համեմատել Լենինգրադի բլոկադան իրականացնող Հիտլերի հետ»:
Դիտարկմանը, որ գուցէ Ալիեւը հաշւարկել է, որ Արցախում կը ստեղծի այնպիսի անելանելի իրավիճակ, որ երբ բացի միջանցքը, հայերը զանգւածաբար կը լքեն, Սուրէն Սարգսեանն ասաց. «Դա էլ հաշւարկ է, բայց փորձը ցոյց տւեց, որ արցախցիները չեն յանձնւել: Ալիեւի այդ հաշւարկն էլ էր սխալ: Այո, ըստ Ալիեւի Արցախին պէտք էր հարւածել հէնց ձմռանը, որ միանգամից ճգնաժամ լինի, չլինի ջեռուցում, չլինի տաք ջուր, չլինի հոսանք, գազ, սնունդ եւ այլն: Բայց արցախցիները չյանձնւեցին եւ աւելի մօտ գարնանը Ալիեւի այդ պլաններն էլ են փոշիանալու: Արցախցիները ապացուցեցին, որ պատրաստ են անգամ այդ սուղ պայմաններում պայքարել, նոյնիսկ եթէ Երեւանն իրենց միայնակ է թողել»: