Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.
«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.
«Օրն աւարտւեց՝ հաստատելով նւաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրայ անօդաչուներով յարձակումը փոքր մասշտաբի գործողութիւն էր, որն ուղեկցւում էր լրատւական ուռճացմամբ. պաշտօնապէս հաստատւել է Սպահանում մէկ օբիեկտի մասնակի վնասում։ Նոյնիսկ, եթէ մի պահ սրան աւելացնենք Ազարշահր քաղաքի աւտոիւղերի արտադրական ձեռնարկութիւնում բռնկւած հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտօնական հաղորդագրութեան, տեխնածին բնոյթ է ունեցել, այլ ոչ թէ յարձակման հետեւանք է, ապա կունենանք ընդամէնը երկու օբիեկտ։
Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդիւնաւէտ գործել, եւ Իրանը պատրաստ է եղել նման հնարաւոր յարձակման։
Վերջնականապէս հաստատւած չէ, թէ ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրաււած եղել յարձակման մէջ եւ որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարւել։ Շրջանառւում է իսրայէլական ծագման եւ Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։
Լրատւական աղմուկը եւ գործողութեան քարոզչական ուռճացումը նաեւ ապատեղեկատւական հոսքերով յստակօրէն տեղաւորւում է Իրանի նկատմամբ վարւող քարոզչական պատերազմի տիրոյթում եւ նպատակ ունէր փորձելու խուճապ տարածել իրանական հասարակութեան ներսում, ինչը մատնւել է անյաջողութեան։
Լրատւական ուռճացմսն եւ ապատեղեկատւութեան տարածման մէջ ակտիւ դերակատարութիւն են ունեցել հիմնականում իսրայէլական, ադրբեջանական եւ որոշ արաբական մեդիա հարթակներ։
Իրանը շարունակում է մնալ, պատկերաւոր ասած, մերձաւորարեւելեան առիւծ, սրանից բխող բոլոր հետեւանքներով»։