Հա

Քաղաքական

01/02/2023 - 09:55

Նիկոլ Փաշինեանի գաղտնի գործակալները

Հայ հասարակութեան անտարբերութեան, ամորֆ լինելու մասին թէզը վերջին ժամանակների ամենաթրենդային մեղադրանքներից է։

Այդ մասին խօսում են բոլորը՝ քաղաքական գործիչները, մտաւորականները, մամուլը, սոցիալական ցանցերը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայ հասարակութեան անտարբերութեան, ամորֆ լինելու մասին թէզը վերջին ժամանակների ամենաթրենդային մեղադրանքներից է։

Այդ մասին խօսում են բոլորը՝ քաղաքական գործիչները, մտաւորականները, մամուլը, սոցիալական ցանցերը։

Մեղադրանք ներկայացնող խմբերից իւրաքանչիւրն ունի իր դրդապատճառները, ամէն մէկն իր թէզը հիմնաւորելու համար հանրութեան անտարբերութիւնը քննարկում է իրեն յարմար դիտանկիւնից։

Այս մեղադրանքներում, իհարկէ, ճշմարտութեան որոշակի չափաբաժին կայ. առաջին տպաւորութեամբ՝ մեր հասարակութիւնն իսկապէս յաճախ ցուցաբերում է անտարբերութիւն անգամ այնպիսի իրավիճակներում, երբ պէտք է փոթորկւէր։ Միւս կողմից, սակայն, հանրութեան ամորֆ լինելու թէզն ինչ-որ իմաստով մոլորութիւն է, որին, յաճախ ակամայ, երբեմն գիտակցւած, տրւում են այն տարածողները։

Խնդիրը լայն իմաստով, ինչպէս մեր կեանքի գրեթէ բոլոր ոլորտներում, գիտութեան բացակայութեան մէջ է։ Մենք չունեք հանրային տրամադրութիւններն իրապէս արտայայտող սոցիոլոգիական ամբողջական չափումներ, հասարակագիտական գնահատումներ, հոգեբանական կանխավարկածներ։

Փոխարէնը՝ մամուլը, սոցիալական ցանցերը, քաղաքական գործիչների ելոյթները ողողւած են հանրային տրամադրութիւնների վերաբերեալ հատւածական, ֆրակտալ գնահատականներով, որոնք, սակայն, ներկայացւում են՝ որպէս վերջին ճշմարտութիւն, որպէս հանրութեանը տրւող վերջնական ախտորոշում, իսկ աւելի յաճախ՝ որպէս դատավաճիռ։

Իրականութիւնն այն է, սակայն, որ այդ հատւածական գնահատականները՝ որքան էլ խարսխւած լինեն առանձին վերցրած օբիեկտիւ դէպքերի, իրադարձութիւնների վրայ, որքան էլ ցոյց տան այս կամ այն խմբի դիրքորոշումը որեւէ հարցի վերաբերեալ, չափազանց հեռու են հասարակութեանն ամբողջացնող, ինտեգրալ գնահատականներից։

Ի թիւս բազմաթիւ այլ գործօնների, դրա պատճառներից մէկը գնահատողների մեկուսացւածութիւնն է ու միջավայրային կաղապարւածութիւնը։ Մարդն ընդհանրապէս, ժամանակակից աշխարհում՝ առաւել եւս, ապրում է որոշակի սոցիալական միկրոմիջավայրում՝ ընտանիք, բարեկամներ, ընկերներ, աշխատանքային կոլեկտիւ եւ այլն։ Տարբեր սոցիոլոգիական ուղղութիւններ անհատի սոցիալական տարածութիւնը կամ ընդգրկումը գնահատում են մի քանի տասնեակ մարդուց մինչեւ 100 մարդ, դրանից աւելիի հետ կապերի դէպքում խմբի ազդեցութիւնը մարդու վրայ շատ աննշան է։

Բացի այդ, խմբային վարքագծի տեսութիւններն առանձացնում են «ռեֆերենտ խումբ» հասկացութիւնը, որով բնորոշւում է այն խումբը, որն անհատի անդամակցած բազմաթիւ խմբերի շարքում ամենամեծ, էտալոնային ազդեցութիւնն ունի նրա արժէքների եւ վարքագծի վրայ։

Այսինքն՝ մարդը կարող է անւանապէս անդամակցել բազմաթիւ խմբերի, բայց դրանցից միայն մէկը, հազւադէպ դէպքերում՝ մի քանիսը կարող են որոշիչ ազդեցութիւն ունենալ նրա վրայ։ Այս գործօնները, ի դէպ, զգալիօրէն սրւում են սոցիալական ցանցերի պատճառով. մարդկանց մեծ մասին թւում է, թէ սոցիալական ցանցերն ընդլայնում են անհատի հաղորդակցային դաշտը, բայց բազմաթիւ արժանահաւատ հետազօտութիւններ ապացուցում են, որ դրանք իրականում մեծացնում են սոցիալական բեւեռացւածութիւնն ու մեկուսացնում են մարդկանց փոքր խմբերում։

Ահա այսպիսի խմբերում ապրելով՝ մեզ թւում է, թէ մենք կարող ենք օբիեկտիւօրէն գնահատել մեր խմբերից դուրս գտնւողներին, ընդհանուր առմամբ՝ հասարակութեանը, եւ դա ներկայացնել՝ որպէս հանրութեան հաւաքական գնահատական։ Հէնց այդ պատրանքի պատճառով է, որ շատ յաճախ առանձին վերցրած մէկ միջավայրում տեղի ունեցած անընդունելի իրադարձութիւնն ընդհանրացւում է ողջ հասարակութեան մասշտաբով եւ ներկայացւում է՝ որպէս ախտորոշում։

Ասենք, մէկ միլիոնից աւելի բնակչութիւն ունեցող Երեւանում պատերազմի օրերին հնարաւոր է՝ արձանագրւել են մէկ կամ երկու տասնեակ հրավառութեան դէպքեր. մենք վերցնում ենք այդ խայտառակ դէպքերը եւ ինդուկցիայի մեթոդով տարածում ողջ հասարակութեան վրայ՝ եզրայանգելով՝ մեր հասարակութիւնը դեգրադացւել է, պատերազմի օրերին հրավառութիւն է կազմակերպում։

Կամ՝ պատերազմի 4000-ից աւելի զոհերի մէկ կամ երկու տասնեակ ծնողներ կարող են լուսանկարւել Նիկոլ Փաշինեանի կամ նրա կնոջ հետ, մի քանիսն էլ յայտարարել՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ մեղք ունի», եւ մենք կրկին դիմում ենք ինդուկցիայի հրաշք մեթոդին ու ընդհանրացնում՝ զոհերի ծնողները ծախւել են իշխանութեանը։

Նման օրինակներն անսահմանօրէն շատ են, բայց դրանց բոլորին միաւորում է ոչ թէ ճշմարտութիւնը, այլ ճշմարտացիութեան պատրանքը։ Ահա այդ պատրանքով շատ-շատերը, յատկապէս հանրային դէմքերը, գնահատում են մեր հասարակութեանը, նրան հռչակում են՝ որպէս դեգրադացւած, ու շատ յաճախ հէնց դրանով էլ արդարացնում են իրենց գործողութիւնները կամ անգործութիւնը։ Իրականութիւնը, սակայն, վստահաբար հեռու է այդ մակերեսային դատողութիւններից ու գնահատականներից։

Հասարակութիւնն անճանաչելիօրէն բազմաշերտ է ու բազմատարր եւ առանց գիտական ստուգւած մեթոդաբանութեան, զուտ որպէս յարմար հռետորաբանութիւն՝ անկարելի է գնահատել նրա որակները։ Յատկապէս ու առաւել եւս, որ նման գնահատումներն ամենաշատը ձեռնտու են իշխանութեանը, որը հասարակութեանն ուղղւած իր ձեւական ներբողների ներքոյ արդարացնում է հասարակութեան դէմ ցանկացած ոտնձգութիւն՝ հէնց հասարակութեան անորակութեամբ։

Հասարակութեանն անտարբերութեան մէջ գրեթէ բոլոր մեղադրողներն ունեն մէկ երկաթեայ փաստարկ՝ եթէ հանրութիւնը հանդուրժում է այս իշխանութեանը, ուրեմն՝ զուրկ է արժանապատւութիւնից եւ մնացած բարձր որակներից։

Դրա մէջ եւս կայ ճշմարտութեան հատիկ։ Սակայն այդ թէզը ոչ թէ ճշմարտութիւն է, այլ աւելի շատ կիսաճշմարտութիւն, որովհետեւ հասարակութեանն այս իշխանութեանը հանդուրժելու մէջ մեղադրողների զգալի մասն ինքն է աւելի հանդուրժում նոյն իշխանութեանը եւ նրա շատ առանձին ներկայացուցիչների հետ մտնում միանգամայն «հանդուրժելի» ստւերային յարաբերութիւնների մէջ։

Հասարակութեանն անհանդուրժողականութեան արտայայտման համար անհրաժեշտ է քաղաքական այնպիսի համակարգ, որն այդ անհանդուրժողականութիւնը դժգոհութիւնից ու հայհոյանքից կը վերածի յստակ ձեւակերպւած քաղաքական պահանջի՝ համապատասխան քաղաքական գործիքներով ու քայլերով։

Մենք, սակայն, ունենալով իրականում դեգրադացւած քաղաքական համակարգ, շատ յաճախ մոռանում ենք դրա մասին եւ տարածում «հանրութեան դեգրադացւածութեան» թէզը՝ մի կողմից վնասելով նոյն հանրութեանը, միւս կողմից՝ ամրապնդելով այն իշխանութեան դիրքերը, որն ամենաշատն է շահում հասարակութեան մշտական պիտակաւորումից։

Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր պարզամիտ ինդուկցիայով անընդհատ խօսում են հասարակութեան անտարբերութեան մասին, իրականում հանդէս են գալիս՝ որպէս իշխանութեան գաղտնի գործակալներ։ Եթէ անգամ ամենաբարձրն են հայհոյում Նիկոլ Փաշինեանին։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Դախլի հակառակ կողմը
    Դախլի հակառակ կողմը

    Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

  • Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը
    Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

    Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

  • «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան
    «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան

    Նիկոլ Փաշինեանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

  • Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի
    Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

    Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

  • Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է
    Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը կոչ արեց չնեղանալ որեւէ միջազգային երաշխաւորից, կամ Կլաարից՝ իր նման ձեւակերպումների համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։