Հա

Քաղաքական

01/02/2023 - 13:30

Ի՞նչ հայեցակարգ է քննարկւում Ադրբեջանում, ի՞նչ պահանջներ են ներկայացւում Հայաստանին եւ Արցախին

ԵՊՀ դասախօս, արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանն ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ Հայաստանում հակառուսական տրամադրութիւններ տարածողները չեն դիտարկում, օրինակ՝ Իրանի հետ ռազմական համագործակցութեան հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - ԵՊՀ դասախօս, արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանն ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ Հայաստանում հակառուսական տրամադրութիւններ տարածողները չեն դիտարկում, օրինակ՝ Իրանի հետ ռազմական համագործակցութեան հնարաւորութիւնը:

«Իրանը սահմանակից է Հայաստանին, անվտանգային առումով բազմաթիւ ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, յատկապէս՝ 44-օրեայ պատերազմից յետոյ: Ես երբեւէ չեմ հանդիպել, որ հակառուսական տրամադրութիւններ տարածողները քննարկեն Իրանի հետ ռազմական համագործակցութեան խորացման կամ ընդհանրապէս Իրանի հետ ռազմական դաշինք ունենալու տարբերակը, նոյնիսկ՝ որպէս այլընտրանք ռուսական ներկայութեան: Ես չեմ ասում, որ կարելի է նաեւ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռեակի շրջանակներում հասնել որոշակի համագործակցութեան եւ ընդհանուր դաշինքի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա խօսեց Ադրբեջանում քննարկւող մի հայեցակարգի մասին, որտեղ շարադրւած են Ադրբեջանի առաջիկայ պլանները եւ ծրագրերը:

«Օրեր առաջ Ադրբեջանում քննարկւում էր, այսպէս կոչւած, Արեւմտեան Ադրբեջանի խորհրդի կողմից ընդունւած մի հայեցակարգ, որտեղ յստակ ամրագրւած էր ադրբեջանցիների վերադարձի պահանջը եւ այլն: Ակնյայտ է, որ նման հայեցակարգերն առանց իշխանութիւնների մասնակցութեան չեն լինում, սրանք ուղղակի մարդիկ չեն, ովքեր 1988թ. հեռացել են Հայաստանից եւ հիմա որոշել են հաւաքւել եւ հայեցակարգ ընդունել իրենց վերադարձի պահանջի մասին:

Այդ հայեցակարգի մէջ դրւած պահանջները եւ գործողութիւնների ծրագրերը կարդալով՝ կը պատկերացնէք, թէ ինչ են պլանաւորում Ադրբեջանի իշխանութիւններն արդէն յաջորդ տարիների համար: Այդ տեքստի տրամաբանութիւնից բխում է, որ եթէ նոյնիսկ Արցախի մեր հայրենակիցները համաձայնեն ստանալ ադրբեջանական անձնագրեր, համաձայնեն ապրել Արցախի տարածքում՝ այն համարելով Ադրբեջանի մաս՝ ընդունելով Ադրբեջանի օրէնքները, նոյնիսկ այդ պարագայում ադրբեջանցիները չեն բաւարարւելու, համարելով, որ եթէ Արցախն Ադրբեջանի մաս է, բալանսը պահպանելու համար պէտք է Հայաստանում էլ մենք ունենանք ադրբեջանական համայնք:

Իրենց տրամաբանութիւնից բխում է, որ ստացւելու է այնպէս, որ Ադրբեջանի տարածքում կայ հայկական համայնք, բայց չկայ ադրբեջանական համայնք՝ Հայաստանի տարածքում: Այդ հայեցակարգում որպէս կէտ՝ մտցւած է կոմպակտ բնակեցման պահանջը, այսինքն՝ Հայաստանի իշխանութիւններից պահանջում են՝ ոչ թէ ուղղակի տալ հնարաւորութիւն, որ ադրբեջանցիները վերադառնան եւ խառնիխուռն բնակւեն ՀՀ տարածքում, այլ պահանջւում է կոմպակտ բնակեցում՝ կոնկրետ տարածքում: Պարզ է, թէ ինչ նպատակներով է այս ամէնն արւում: Այսինքն՝ որեւէ կէտում Ադրբեջանը կանգ չի առնելու»,- ընդգծեց նա:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։