Հա

Քաղաքական

01/02/2023 - 14:20

Հասկանալի է, որ դրան դէմ է Էրդողանը, բայց հասկանալի չէ, թէ ինչու է դէմ Փաշինեանը

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

 

- Պարոն Փափազեան, խնդրում եմ ներկայացնել, թէ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդիւնք տւեց, ինչ պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեցին:

- Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրեայ է: Մակրոնի թիմի հետ հինգուկէս տարի է՝ կաշխատենք: Կայ փոխվստահութիւն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպէսզի ներդրում ունենայ Արցախի հիմնախնդրի լուծման մէջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգութեան հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կայ նաեւ Հայաստանի անվտանգութեան հարցը: Մեր վերջին հանդիպումը մէկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թէ ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կէտերի: Նա շատ լաւ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պէտք է առանձնացնի, թէ մեր առաջարկներից ինչը հնարաւոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնութիւնների մասին: Դա դիւանագիտական աշխատանք է: Մեր նպատակը յաջողութեան հասնելն է, ոչ թէ այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացաւ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպէտք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպէս գիտէք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպութիւնների հետ: Դրանք կապւած են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունէութիւն են ծաւալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունէութեամբ են զբաղւած: Իսկ Էրդողանի եւ Չաւուշօղլուի ցուցումով նրանք ակտիւանում են հայկական սփիւռքի դէմ՝ յատկապէս Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպէսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:

 

- Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դէմ ուղղւած Փաշինեանի քայլերը նեղ անձնակա՞ն են` իշխանութիւնը պահելու համար, թէ՞ Թուրքիայի հետ համաձայնութիւն կայ այդ հարցում:

- Կարծում եմ՝ համաձայնութիւն կայ Թուրքիայի կառավարութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփիւռքում կայ շատ ակտիւ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական յարաբերութիւնների սցենարը գրւած է Թուրքիայի կողմից: Սփիւռքն այսքան ազդեցութիւն ունի, պայքարում է Թուրքիայի դէմ, քանի որ նա մասնակցութիւն ունէր 44-օրեայ պատերազմի մէջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եւ եթէ այստեղ մենք դէմ ենք Փաշինեանի քայլերին, նեղացնում ենք թէ՛ Էրդողանին, թէ՛ Փաշինեանին: Հասկանալի է, որ դրան դէմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թէ ինչու է Փաշինեանը դէմ: Փաշինեանը դէմ է սփիւռքին, նա կողմ կը լինի միայն, եթէ սփիւռքը հնազանդւի իրեն: Փաշինեանը 2018 թւականին իր խոստացած արժէքներին դէմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա յաղթեց ժողովրդավարութեանը: Արդեօք այժմ Հայաստանն աւելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդեօք օլիգարխներ չկա՞ն, արդեօք աւելի լա՞ւ է ապրում ժողովուրդը, Հայաստանն աւելի՞ ուժեղ է, քան երէկ: Ինքը դաւաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պէտք է արթնանայ: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփիւռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրայ:

4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելւեց Հայաստան միայն քաղաքական մոտիւներով, դա որեւէ իրաւական հիմք չունի: Վերջ պէտք է տալ Փաշինեանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները: Տեսանք, թէ ինչպիսի խայտառակութեամբ կազմակերպւեց Հայաստան-սփիւռք գագաթնաժողով կոչւածը: Արժէք չունէր: Պատմական սփիւռքի կազմակերպութիւնները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկայ չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգութիւնը, Արցախի անվտանգութիւնը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ պայքարը մէկ ամբողջութիւն են: Փաշինեանը եկաւ ազգային արժէքները տկարացնելու համար: Այդ արժէքների մէջ պէտք է միասնականութիւն լինի: Նա եկաւ ու պայքար սկսեց այդ արժէքների դէմ: Նրա քաղաքականութիւնը Հայաստանը տարաւ դէպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չունէր հզօրացնելու Հայաստանը կամ չկարողացաւ: Եթէ բանանք Հայաստանի տնտեսութիւնը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի յետոյ Հայաստանի տնտեսութիւնը կը ղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերութիւնների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կը դառնայ տարածք, որտեղ ապրում են հայեր: Եւ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կը հասնի Փաշինեանի օգնութեամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսութիւնը, նա էլ ղեկավարում է քաղաքականութիւնը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղութիւն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրայ: Ժողովուրդը պէտք է դա գիտակցի:

 

- Կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցութիւնը խանգարում է Փաշինեան-Էրդողան, այսպէս ասած, դաշինքին:

- Այո: Դաշնակցութեան նպատակն է, որպէսզի հիմնւի զօրաւոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցութիւնը պատերազմի կուսակցութիւն չէ, ինչպէս ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցութիւնը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագայ, որը կը լինի, եթէ յարգւեն այն արժէքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պէտք է յարգել սփիւռքը: Սփիւռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփիւռք, որն անպաշտօն դիւանագիտութիւն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփիւռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լաւ յարաբերութիւններ ունենայ: Մենք պէտք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը, որպէսզի զօրաւոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թէ ծնկի եկած, զիջող եւ ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան:

 

Նայիրա Վանեան

 

Յարակից լուրեր

  • Մեր պայքարի իմաստը Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն է
    Մեր պայքարի իմաստը Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն է

    Հրապարակ TV-ի զրուցակիցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն է:

  • Թուրքիան Հայաստանի հետ խաղաղութիւն չի ուզում, Թուրքիան ուզում է տիրել Հայաստանը
    Թուրքիան Հայաստանի հետ խաղաղութիւն չի ուզում, Թուրքիան ուզում է տիրել Հայաստանը

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների միութեան համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը «Հայ Կեդրոնի ձայն» հաղրոդման ժամանակ անդրադարձել է CCAF-ի գործունէութեանը, իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատութեանը, դաշնակցականների մուտքը Հայաստան արգելքի, հայ-թուրքական յարաբերութիւնների եւ այլ հարցերի:

  • ժամանակն է դադարեցնել Փաշինեանի խելագարութիւնը
    ժամանակն է դադարեցնել Փաշինեանի խելագարութիւնը

    Նիկոլ Փաշինեանի խելագարութիւնը. արգելելով Հայաստանի, Արցախի եւ հայկական հարցի օգտին աշխատող ակտիւիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները։

  • Մակրոնն անդրադարձաւ Հայաստան իմ մուտքի արգելքին, իր համար դա անթոյլատրելի էր
    Մակրոնն անդրադարձաւ Հայաստան իմ մուտքի արգելքին, իր համար դա անթոյլատրելի էր

    Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յունւարի 23-ին Էլիսէյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին: Հանդիպման մանրամասների ու քննարկւած հիմնական հարցերի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ։

  • Էմմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում ընդունել է Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին
    Էմմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում ընդունել է Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին

    Յունւարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնւող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։