Մեր ժամանակների հակասական առանձնայատկութիւններից մէկը տեղեկատւութեան անսահմանութեան պայմաններում ճշմարտութեան գրեթէ տոտալ բացակայութիւնն է։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Մեր ժամանակների հակասական առանձնայատկութիւններից մէկը տեղեկատւութեան անսահմանութեան պայմաններում ճշմարտութեան գրեթէ տոտալ բացակայութիւնն է։
Ինֆորմացիան այնքան շատ է, այնքան բազմազան, այնքան անորակ ու այնքան անարժանահաւատ, որ մարդիկ՝ ստանալով բազմապատիկ աւելի տեղեկատւութիւն, քան, ասենք, մի քանի տասնամեակ առաջ, բազմապատիկ աւելի անտեղեակ են նախկին՝ անտեղեկոյթ ժամանակահատւածի համեմատ։
Խնդիրն այն է, որ տեղեկատւութիւնն օգտագործւում է ոչ թէ մարդկանց տեղեկացնելու, իրականութիւնը հաղորդելու, այլ ճիշտ հակառակը՝ նրանց մոլորեցնելու նպատակով։
Մարդիկ՝ որպէս ինֆորմացիայի սպառողներ, իրականում ստանում են ոչ թէ այն, ինչ իրենց պէտք է, այլ այն, ինչ պէտք է տեղեկատւութիւնը մատուցողներին։ Ընդհանուր առմամբ դա հէնց այն է, ինչ կոչւում է քարոզչութիւն եւ ինչով ներկայիս ժամանակներում կառավարւում է հասարակութիւնների մեծ մասը։
Իրավիճակի առանձնայատկութիւնն այն է, որ քաղաքացիների մեծամասնութիւնն անգամ չի էլ գիտակցում, որ սպառում է ոչ թէ տեղեկատւութիւն, այլ քարոզչական արտադրանք, այսինքն՝ ստանում է ոչ թէ ճշմարտութիւն, այլ այն, ինչ ներկայացւում է՝ որպէս ճշմարտութիւն։ Ժամանակի երկար հատւածում գտնւելով քարոզչութեան մթնոլորտում (խնդիրն ուղղակի քարոզչութեան ազդեցութիւնը չէ, որն աւելի նեղ իմաստ ունի, քան քննարկւող հայեցակէտը), մարդկանց մեծամասնութիւնն ապրում է պատրանքով՝ իրականում անտեղեակ լինելու պայմաններում «տեղեկացւած լինելու» պատրանքով։
Այնպէս չէ, իհարկէ, որ սա միայն մեր ժամանակներին բնորոշ համախտանիշ է․ դեռեւս հին յոյներն էին Սոկրատին մեղադրում իր զրոյցներով մարդկանց անտեղեակ լինելու ուրախութիւնից զրկելու մէջ։
Հիմա, սակայն, քաղաքացիների անտեղեակ լինելու իրաւունքն իրացւում է տիեզերական մասշտաբով, որովհետեւ դա ամենաշատը ձեռնտու է գործող իշխանութիւններին, որը տիրապետելով տեղեկատւական եւ քարոզչական հսկայական միջոցների՝ իրականութիւնն ու ճշմարտութիւնը մարդկանց ներկայացնում է այնպէս, որպէսզի դրա արդիւնքում ձեւաւորւած անտեղեակութիւնը որեւէ կերպ չսպառնայ իշխանութեան դիրքերին։
Հէնց այս մեթոդով են մշակւած Նիկոլ Փաշինեանի, նրա իշխանութեան բոլոր քարոզչական թէզերը՝ «30 տարի թալանւած բանակից» մինչեւ «30 տարի բանակցութիւններում յանձնւած Արցախ»։
Այդ եւ էլի բազմաթիւ քարոզչական կաղապարներ մտածւած են այնպէս, որ դրանցում տեղեկատւութեան, այսինքն՝ իրականութեան կամ ճշմարտութեան չափաբաժինը հասցւած է նւազագոյնի։ Կարեւորը՝ այդ թէզերի հոգեբանական, ենթագիտակցական ներազդեցութիւնն է, որն ուղղւած է ոչ թէ բանականութեանը, այլ յոյզերին, զգացմունքներին, որոնցով էլ հեշտօրէն կառավարւում է մարդկանց վարքագիծը։
Ճշմարտութիւնը Հայաստանում ամենադեֆիցիտ, բայց միեւնոյն ժամանակ՝ ամենաչպահանջւած ապրանքն է։
Ճշմարտութեան տեւական պակասը, իսկ իրականում՝ գրեթէ բացակայութիւնը յանգեցրել է իրողութեանը, որ մարդկանց զգալի մասի համար այն կարող է անգամ վնասակար ազդեցութիւն ունենալ։ Որովհետեւ անտեղեակութեան ուրախութեան մէջ գտնւողների համար ճշմարտութիւնը կարող է քանդել պատրանքը, որում մարդիկ ապրում են երկար ժամանակ։
Հետեւաբար՝ մեր հասարակութեանը ճշմարտութիւնը պէտք է մատուցւի ոչ թէ միանգամից ու ամբողջապէս, այլ փոքր չափաբաժիններով, ինչպէս դեղագիտութեան մէջ յայտնի հորմեզիս երեւոյթը, երբ փոքր քանակի վնասակար նիւթը՝ օգտակար լինելով օրգանիզմի համար, դառնում է դեղամիջոց։
Նիկոլ Փաշինեանն իր իշխանութիւնը կառուցել է եւ հասարակութեան հետ յարաբերւում է «ճշմարտութիւնն ատելութիւն է ծնում» հին հռոմէական սկզբունքով, որը մեծ առումով նրա ստւերային զէնքն է անցած շուրջ հինգ տարիների ընթացքում։ Նա գիտակցում է, որ հէնց ճշմարտութիւնն է այն միջոցը, որ կարող է անտեղեակութեան պատրանքով ապրող հասարակութեան մէջ վայրկենապէս արթնացնել ատելութիւնն իր իշխանութեան նկատմամբ։
Դրա համար էլ պայքարում է ճշմարտութեան դէմ նոյնքան ջերմեռանդօրէն, որքան նւիրաբար սոսնձւած է իր իշխանութեանը։
168.am