Հայկական պետութիւնը, սակայն (որ «ժողովրդավարութեան բաստիոն է»՝ ըստ իշխանութեան, եւ «ժողովրդավարութեան ծաղրակերպ»՝ ըստ իրականութեան), քաղաքացիներից մէկի անվտանգութեան համար գրեթէ ոչինչ չի ծախսում՝ մատնելով բախտի ու թշնամու դիպուկահարի քմահաճոյքին, միւսի անվտանգութիւնն ապահովում է տասնեակ թիկնապահներով, հարիւրաւոր ոստիկաններով, տարածքի քամու շարժն իսկ հսկելով դիպուկահարների կողմից։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Մեր օրերի ամենալուրջ խնդիրներից մէկն անհամաչափութիւնն է՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։ Մենք ապրում ենք միաժամանակ մի քանի իրականութիւններում, որոնք յաճախ ոչ միայն ընդհանրութիւններ չունեն, այլեւ հակասում են իրար, աւելի յաճախ՝ մէկը ապրում է միւսի հաշւին։
Այդ իրականութիւններն իրարից տարբերողը, ի թիւս այլ յատկանիշների, բայց առաջին հերթին ու առաւելապէս՝ անհամաչափութիւնն է։
Տիեզերական անհամաչափութիւն կայ, օրինակ, նւազագոյն անհրաժեշտութիւններով իսկ չկահաւորւած սահմանային դիրքերի ու Երեւանում տեղաշարժւող Նիկոլ Փաշինեանի անվտանգութեան միջեւ։
Այս օրինակի կենտրոնում մարդն է՝ մի դէպքում՝ թշնամու դէմ դիմաց կանգնած զինւորը, միւս դէպքում՝ տանիքներին կանգնած դիպուկահարների նշանակէտերի ներքոյ վախւորած տեղաշարժւողը. երկու ՀՀ քաղաքացիներ։
Հայկական պետութիւնը, սակայն (որ «ժողովրդավարութեան բաստիոն է»՝ ըստ իշխանութեան, եւ «ժողովրդավարութեան ծաղրակերպ»՝ ըստ իրականութեան), քաղաքացիներից մէկի անվտանգութեան համար գրեթէ ոչինչ չի ծախսում՝ մատնելով բախտի ու թշնամու դիպուկահարի քմահաճոյքին, միւսի անվտանգութիւնն ապահովում է տասնեակ թիկնապահներով, հարիւրաւոր ոստիկաններով, տարածքի քամու շարժն իսկ հսկելով դիպուկահարների կողմից։
ՀՀ երկու քաղաքացիների, նրանց անվտանգութեան միջեւ ահա կայ ովկիանոսաչափ անհամաչափութիւն, որը ջարդուփշուր է անում «բոլորի հաւասարութեան մասին» ցանկացած զառանցանք։
120.000 մարդ Արցախում աւելի քան 50 օր գտնւում է հումանիտար ճգնաժամում, առանց սննդի ու դեղորայքի, նոյն օրերին դիպուկահարներով պաշտպանւողը խնջոյք է կազմակերպում հարազատ քաղաքում, իսկ նրա ընտանիքի անդամները ցուցանում են ճաշակած կերակուրների բազմազանութիւնն օտար ափերում։ Անհամաչափութեան ցցուն օրինակներն անհաշւելի շատ են, դրանց թւարկումից երեւոյթի անբարոյականութիւնը միայն աճում է։
Խնդիրը տւեալ դէպքում մարդկանց հաւասարութեան պարզագոյն դեմագոգիան չէ։ Այս անհամաչափութիւններն անգամ քննարկելի չէին լինի, եթէ վերաբերէին կամայական ՀՀ քաղաքացիներին։ Բայց ահա սրանք յատկապէս քննարկելի են այն պատճառով, որ կողմերից մէկի կայացրած որոշումների արդիւնքում միւսների կեանքի անհամաչափութիւնը սոսկալի մեծանում է, եւ դրա հետեւանքները կրում են ոչ թէ որոշում կայացնողները, այլ բոլոր նրանք, ովքեր ամէն օր հեռուստատեսութեամբ հետեւում են իրենց կեանքում աճող անհամաչափութեան շքահանդէսին։
Իշխանութիւնը, որի անդամներն անձամբ չեն կրում իրենց իսկ կայացրած որոշումների հետեւանքները, կտրւում է կեանքից ու հասարակութիւնից, ապրում է զրահապատ իրականութիւնում, որտեղ չեն հասնում ո՛չ թշնամական գնդակները, ո՛չ էլ անյուսութիւնից ողբացող ձայները։ Իսկ դա մեծացնում է անհամաչափութիւնը, որը հանրային կեանքում խնդրայարոյց էր համարւում անգամ հին ժամանակներում։
Համաչափութիւնը պահպաեալու համար, օրինակ, հռոմէացի ինժեներները պէտք է որոշ ժամանակ անցկացնեին իրենց կառուցած կամրջի տակ, իսկ նրանց անգլիացի կոլեգաներին ստիպում էին, որ կամրջի տակ նաեւ ինժեներների ընտանիքները որոշ ժամանակ անցկացնէին։
Դեռեւս 3800 տարի առաջ գրւած Համուրաբիի օրէնքներում նոյնպէս համաչափութեան, դրա վերականգնման խնդիրը կարեւոր տեղ էր զբաղեցնում. «Եթէ շինարարը տուն կառուցի եւ այդ տունը փլւի՝ առաջացնելով տան տիրոջ մահը, շինարարը պէտք է մահւան դատապարտւի։ Եթէ մահանում է տան տիրոջ որդին, շինարարի որդին պէտք է մահւան դատապարտւի...»։
Պատկերացնելու համար, թէ ինչպէս է այս համաչափութիւնը խախտւում Հայաստանում, բաւական է իրար կողքի դնել Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի հրդեհւած զօրամասի ու կառավարական առանձնատների լուսանկարները, որով ժամանակին այդքան սիրում էր հպարտանալ Նիկոլ Փաշինեանը։
Հիմա ժամանակները, իհարկէ, փոխւել են, եւ նա հասարակութեան հետ սելֆիների ձողը փոխարինել է դիպուկահարների ինքնահսկող հրացաններով։
Առաջնորդութեան ուսումնասիրութեամբ զբաղւող հոգեբանական տեսութիւնները պնդում են, որ երբ անհատը ստիպւած է նայել քաղաքացիների աչքերի մէջ, նրա վարքը փոխւում է։
Նաեւ այս հանգամանքով է բացատրւում զարգացած ժողովրդավարութիւններում տեղական ինքնակառավարման մարմինների արդիւնաւէտութիւնը, որոնց ներկայացուցիչները գտնւում են քաղաքացիների հետ մշտական սոցիալական կոնտակտի մէջ։
Հայաստանում ճիշտ հակառակն է՝ «ժողովրդի ծոցից» իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանն ամէն օրւայ հետ մեկուսանում է հասարակութիւնից, անում է առաւելագոյնը՝ բացառելու համար մարդկանց հետ որեւէ սոցիալական կոնտակտ, որը կարող է փոխել նրա վարքը։
Երեւի վախենում է, որ կարող է ստիպւած լինել ամաչել։
168.am