Շարունակւող շրջափակումը անկիւնադարձային փոփոխութիւնների է ենթարկել Արցախում բնակւող իւրաքանչիւր անհատի առօրեայ կեանքը: Այդ փոփոխութիւնները անհատական դաշտից առաւել նկատելի են Արցախի քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարենի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների սակաւութեան վերացման կամ հաւասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:
Շարունակւող շրջափակումը անկիւնադարձային փոփոխութիւնների է ենթարկել Արցախում բնակւող իւրաքանչիւր անհատի առօրեայ կեանքը: Այդ փոփոխութիւնները անհատական դաշտից առաւել նկատելի են Արցախի քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարենի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների սակաւութեան վերացման կամ հաւասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:
Պէտք է անկեղծօրէն արտայայտել, որ այդ ասպարէզում օպերատիւ շտաբում կատարւել է արդիւնաւէտ աշխատանք եւ այսօրւայ դրութեամբ այդ խնդիրը լուծւած կարելի է համարել: Թւում է թէ կենցաղային հարցերի լուծումը կարող է բաւարար լինել աւելին դիմակայելու համար եւ խնդիրներ կարելի է լուծւած համարել: Սակայն իրականութիւնը այլ է: Նման պայմաններում քաղաքական ճիշտ մօտեցումների կիրառումը, հնարաւորութիւն կը տայ արդիւնաւէտ լուծումներ գտնելու եւ լաւագոյն տարբերակները ի յայտ բերել:
Քաղաքական կողմնորոշումների եւ հաշւարկների դրական ազդեցութիւնը համատարած են լինում եւ շօշափելի կը լինեն իւրաքանչիւր ոլորտում թէ՛ արտաքին յարաբերութիւնների եւ թէ՛ ներքին կառավարման համակարգերում:
Քաղաքական ուժերի ներքին համերաշխութիւնը, համախմբւածութիւնը մէկ թիրախի ուղղութեամբ գործածութեան կենտրոնացումը էական ազդեցութիւն ունեն ներքին կառավարման եւ արտաքին քաղաքական նախաձեռնութիւնների արդիւնաւէտութիւնը ապահովելու համար: Այս կողմից ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ վերադասաւորումները պատճառ կը դառնան որպէսզի նւազեցւի հնարաւոր լարւածութեան օջախների առկայութիւնը:
Ելնելով վերը նշւած իրողութիւններից, Արցախի քաղաքական դաշտում այժմէական են մնում մի շարք նախաձեռնութիւնների եւ միջոցների կիրառումը:
Այդ լուծումներից առաջինը դեռեւս պատերազմից անմիջապէս յետոյ բոլորի մօտ առաջացած մայր օրէնքի Սահմանադրութեան փոփոխութեան հարցն է: Սահմանադրութեան բարեփոխումների միջոցով առիթը կը լինի մէկ անգամ եւս ամբողջացնել 30 տարիների ընթացքում պետականութեան գործընթացում գրանցւած յաջողութիւնները եւ այն համապատասխանեցնել օրւայ պահանջներին:
Շրջափակման հետեւանքներից մէկը նաեւ Արցախի քաղաքական մեկուսացումն է, դա եւս Ադրբեջանի նպատակներից մէկն է, որի միջոցով փորձում է բարոյահոգեբանական ճնշման ենթարկել Արցախի ազգաբնակչութիւնը: Ներկայ դրութեամբ Ադրբեջանին դա չի յաջողւում լիարժէք իրականացնել, քանի որ Սփիւռքի զանազան օջախներում առկայ է ակտիւութիւն եւ լոբիստական աշխատանքներ: Սակայն այդ բոլորը չի կարելի բաւարար համարել: Անհրաժեշտ է Արցախի ԱԳՆ-ին կից ձեւաւորել աշխատանքային խումբ արտաքին քաղաքական նախաձեռնութիւնների մշակման եւ տեղեկատւական, քարոզչական աշխատանքները համակարգելու համար:
Եւ վերջապէս, այս իրավիճակի համահունչ պետական կառավարման համակարգի ձեւաւորման անհրաժեշտութիւնը օգտագործելն է: Ներկայ դրութեամբ աշխատող օպերատիւ կառավարման շտաբը կարողանում է ինչ-որ չափով լուծել կենցաղային, առօրեայ հարցեր, սակայն ինչպէս ասւեց այլ մակարդակի քաղաքական հարցերի լուծումը եւս անժամանցելի է: Իսկ այդ քաղաքական մարմինը պէտք է ի մի բերւի քաղաքական համախմբութեամբ եւ օրէնքի թելադրանքով:
«Ապառաժ»-ի խմբագրական
31 յունւարի, 2023թ.