Տեւական դադարից յետոյ՝ երէկ, ԱԺ-ում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, եկել էր մասնակցելու Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմութեան հրաւիրած խորհրդարանական լսումներին։
«alikonline.ir» - Տեւական դադարից յետոյ՝ երէկ, ԱԺ-ում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, եկել էր մասնակցելու Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմութեան հրաւիրած խորհրդարանական լսումներին։ Մինչ այդ՝ Դիմադրութեան շարժման հաւաքները դադարեցնելուց յետոյ, նրա գործընկերները վերադարձել էին խորհրդարան, սակայն ինքը չէր մասնակցում նիստերին։ Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում նա շնչառական համակարգի հետ կապւած մի քանի վիրահատութիւն է տարել։ «Հրապարակ»-ը հետաքրքրւեց՝ այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին։
«Այսօր (փետրւարի 3-ին, Խմբ.) խորհրդարանական լսումներ էին կազմակերպւել շատ կարեւոր թեմայով, բնականաբար՝ մասնակցել եմ լսումներին, յաջորդ շաբաթ հերթական նիստ կայ, նաեւ մեր պահանջով հրատապ նիստ է լինելու՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապւած, որտեղ պաշտպանութեան նախարարին ենք հրաւիրելու՝ բացատրութիւն տալու, վերջին դէպքերի հետ կապւած։
Բնականաբար՝ ես էլ ներկայ կը լինեմ։ Մնացած ընթացքը եւ օրակարգերը յետոյ կերեւան»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։
- Մենք տեղեկացանք, որ Ձեր պասիւութիւնը պայմանաւորւած էր նաեւ նրանով, որ վիրահատութիւն էք տարել։
- Այո, նման խնդիր կար, ճիշտ է, փառք Աստծու՝ հիմա ամէն ինչ նորմալ է, արդէն դուրս եմ եկել աշխատանքի։
- Իսկ փողոցային պայքարի՞ երբ էք դուրս գալու։ Հիմա շատերին հէնց դա է հետաքրքրում։
- Դա մեր օրակարգում մշտապէս կայ, շատ յստակ բազմիցս դրան անդրադարձել ենք, անկախ խորհրդարանական գործունէութիւնից, այս իշխանութեան հեռացման ճանապարհը համաժողովրդական անհնազանդութիւնն է եւ փողոցային պայքարը։ Այսինքն՝ բացառապէս խորհրդարանական գործունէութեամբ հնարաւոր չէ ազատւել այս իշխանութիւնից։ Հետեւաբար, դա մշտապէս մեր օրակարգում կայ, այսօր էլ մենք ակտիւ քննարկումների մէջ ենք, պէտք է գտնենք էն ճանապարհներն ու լուծումները, որով մեր առջեւ դրւած խնդիրները կարողանանք իրականացնել։
- Ձեր խմբակցութեան որոշ պատգամաւորների նկատմամբ գլխաւոր դատախազը քրէական հետապնդում է սկսել ու պատրաստւում է միջնորդութեամբ մտնել Ազգային ժողով։ Սա ինչպէ՞ս էք գնահատում։
- Սա բացառապէս քաղաքական հետապնդում է։ Այո, յաջորդ շաբաթ դատախազը միջնորդութեամբ հանդէս է գալու, որ քրէական վարոյթի թոյլտւութիւն եւ պատգամաւորներին անձեռնմխելիութիւնից զրկելու թոյլտւութիւն ստանայ։ Անկախ նիստից՝ ակնյայտ է, որ կայ քաղաքական որոշում, եւ իրենք, բնականաբար, բաւարարելու են դա։ Մեր մօտեցումների, պահւածքի մասին մեր ֆրակցիայի ղեկավարն առաջիկայ օրերին ամբողջ ֆրակցիայի անունից հանդէս կը գայ յայտարարութեամբ։
- Հնարաւո՞ր է յաջորդ թիրախը Դուք լինէք։
- Ես մի քանի տարի է՝ իմ ամբողջ ընտանիքով էս իշխանութեան թիրախում եմ։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի, ու ակնյայտ է, որ էս ընթացքում բազմաթիւ քայլեր, գործողութիւններ փորձել են ձեռնարկել ու նաեւ՝ մեր կուսակցութեան բազմաթիւ անդամների հանդէպ։ Վերջին խայտառակ դէպքն Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալութիւններն էին։
- Ձեր դաշինքի մասին արդէն խօսում են, որ միասնական չէ, փլուզւում է, ճաքեր է տալիս, վերջերս էլ Վահէ Յակոբեանն իր թիմով հեռացաւ դաշինքից։ Դուք սա ինչպէ՞ս էք գնահատում, կարո՞ղ ենք ասել, որ սասանւել են դաշինքի հիմքերը։
- Այդ հարցին արդյն անդրադարձել ենք, մանրամասնելու կարիք չկայ, ֆրակցիան համալրւած է նոր պատգամաւորներով եւ ամբողջութեամբ գործում է։ Այն բոլոր քննադատութիւնները, որ ընդդիմութիւնը պէտք է լինի աւելի նախաձեռնող, աւելի ակտիւ, աւելի գործունեայ ու աւելի արդիւնաւէտ, մեզ համար շատ հասկանալի է, յատկապէս մեր այն քաղաքացիների պահանջը, որոնք մեզ քւէ են տւել եւ այդ ակնկալիքն ունեն։ Էս իմաստով մենք ամբողջութեամբ ըմբռնումով ենք մօտենում յատկապէս մեր օգտին քւէարկած քաղաքացիների պահանջկոտութեանը ու պարտաւոր ենք բոլոր քայլերը ձեռնարկել՝ օր առաջ էս խնդիրը լուծելու համար։
- Իսկ Վահէ Յակոբեանի ու նրա թիմակիցների դուրս գալու որոշմանն է՞լ էք ըմբռնումով մօտենում։
- Չեմ ուզում մտնել կրկին այդ հարցերի մէջ, իրենք հանրային յայտարարութիւն են արել, մենք մեր կողմից ենք մեր դիրքորոշման հետ կապւած յայտարարութիւն արել։
- Պարզապէս մարդիկ կան, որոնք համարում են, որ այս իրավիճակում, այս գործիքակազմով ընդդիմութեան հետ ճանապարհ անցնելով՝ որեւէ լուծման չենք գայ, դրա համար հեռանում են։ Սա պատասխանատւութիւնից խուսափե՞լ է, թէ՞ այդպէս մտածելու հիմքեր ունեն։
- Տեսէք, ցանկացած քաղաքական ուժ եւ անհատ ինքն է որոշում իր գործունէութիւնը, իր դիրքորոշումը եւ դրանով տալիս պարզաբանում, բացատրութիւն։ Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ ես վստահ եմ, որ մի օր այս ամէն ինչը յաղթահարելու ենք եւ յետ ենք նայելու ու տեսնենք՝ այս պայքարի ընթացքում ով ինչ մասնակցութիւն է ունեցել, ով ինչ ներդրում է ունեցել, ով ինչ դիրքորոշում է ունեցել, ով ինչ պահւածք է ցուցաբերել։ Ես ըմբռնումով եմ մօտենում բոլորի որոշումներին եւ դիրքորոշումներին, բայց Դաշնակցութեան պարագայում մենք այս պայքարի առաջամարտիկ ուժերից մէկն ենք, ու մեր բոլոր հնարաւոր ռեսուրսներով մեր կռիւը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից յետ չենք կանգնելու։
- Ասացիք՝ ձեր ֆրակցիան համալրւել է նոր անդամներով, մարդիկ նկատում են, որ «Հայաստան» խմբակցութիւնը կարծես դարձել է աւելի դաշնակցական ֆրակցիա, քանզի պատգամաւորների կէսից աւելին ՀՅԴ անդամ են։
- Դաշնակցութեան պատգամաւորների թիւը, այո, 50 տոկոսից աւելի է խմբակցութիւնում։
- Մենք յիշում ենք, որ ՀՅԴ-ն այդքան պատգամաւոր չունէր անգամ կոալիցիայով իշխանութեան եղած ժամանակ, իսկ հիմա ձեզ համար, փաստօրէն, հրաշալի պայմաններ են ստեղծւել՝ Դաշնակցութիւնը տասից աւելի մանդատով ներկայացւած է խորհրդարանում։
- Տեսէք, դժբախտութիւնն այն է, որ երկրի համար է դաժան ժամանակաշրջան։ Դաշնակցութեան ուժն էլ երբեք պայմանաւորւած չի եղել պատգամաւորների թւով։ Բայց քանի որ էսօր խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութիւնն ենք, էդ իմաստով նաեւ մեծ պատասխանատւութիւն ունենք ընդդիմադիր դաշտի գործունէութեան համար։
Վահէ Մակարեան